ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականը իշխանության հենասյուն համարվողներից ոմանց համար այնքան էլ բարեհաջող չի սկսվել: Մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին դաժանաբար ծեծեց Գորիսի բնակիչներից մեկին, օգոստոսի 15-ին ՀՖՖ նախագահը ծեծի ենթարկեց «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Ասեն Ավետիսյանին, նույն օրը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից էլ ծեծի ենթարկվեց «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը: Ու չնայած բոլոր այս դեպքերով ապացուցված է, որ իշխանության սիրելիները կամ նրանց մտերիմները մարդ են ծեծել, սակայն նրանք բոլորն էլ «ջրից չոր դուրս եկան»:

Չպատժեցին
Նախ սկսենք ամենաթարմ դեպքից. օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Արսեն Ավետիսյանի կինը` Իզեբելլա Մելքումյանը, մեծ աղմուկ էր բարձրացրել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները առեւանգել են իր ամուսնուն եւ պահում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Պատճառն այն է, որ իր ամուսինը «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության համար գումար է պարտք եղել եւ Գառնիկը Արսենին ասել է, որ նա այդ գումարը Ռուբեն Հայրապետյանին պետք է վճարի:
Եվ, ահա, մի պարտքի պատճառով Արսեն Ավետիսյանը գանգուղեղային տրավմայով ու քթի կոտրվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Սպասվում էր, որ ծեծի ենթարկվածը մինչեւ վերջ կպայքարեր իր իրավունքների համար, բայց միջադեպից 5 օր անց՝ օգոստոսի 20-ին, Արսեն Ավետիսյանը հայտարարություն տարծեց, որ բողոք չունի Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ նրան պատժելու դեպքում վտանգված է իր ավիաընկերության գործունեությունը: Ասել է թե՝ հանուն բիզնես շահի Արսեն Ավետիսյանը զերծ մնաց իշխանության հովանավորյալին պատժելու համար պայքար մղելուց: Իրավապահներն էլ ձեռնամուխ եղան գործը փակելուն, որպեսզի ավելորդ աղմուկից խուսափեն: Իսկ գլխավոր հերոսը՝ «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, որը միջադեպից հետո լքել էր Հայաստանը եւ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ո՛չ ժամանեց Հայաստան, ո՛չ հարցաքննվեց: Թեման փակված է:

Ընտանեկան վեճը՝ քաղաքական աղմուկի ֆոնին
Օգոստոսի 15-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին: Ակտիվիստը հայտնել էր, թե իր տանը նստած է եղել, երբ պատգամավորի թիմակիցները մտել են բնակարան, ծեծել են իրեն եւ իր կնոջը: Իսկ, ահա, ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատգամավորի թիկնապահներն ու մտերիմներն ընդամենը ցանկացել են հանդարտեցնել Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը, քանի որ վերջիններս տանը վիճել են եւ բարձրաձայն հայհոյել: Չի բացառվում, որ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը վաղուց էր կանգնել պատգամավորի թիմակիցների կոկորդին, եւ նրանք հարմար առիթ էին փնտրում: Ամեն դեպքում, տեղեկություն կա, որ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն ու Վահան Մարտիրոսյանի հարեւանները պատրաստվում են դիմել դատարան՝ ընդդեմ ակտիվիստի: Ստացվում է, որ նրան մի լավ ծեծի ենթարկելուց հետո էլ դեռ դատարաններ են տանելու, իսկ քաղաքական աղմուկը խնդրին ոչնչով չի օգնում: Սեդրակյանի թիկնապահներն ու մտերիմները միշտ ճիշտ են:

Ինչ է սպասվում Սյունիքի մարզպետի որդուն
Մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիմակիցների կողմից ծեծի էին ենթարկվել Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները: Հարությունը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը: Իսկ Տիգրանը պնդում է, որ որեւէ մեկին վնասվածք չի հասցրել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում Տիգրանին կալանավորեցին, եւ վերջինս շուրջ 1 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:
Բայց օրերս ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետի որդուն եւ Հարություն Զաքարյանին ենթարկել է դատահոգեբուժական փորձաքննության: Ինչպես գիտենք՝ մարզպետի որդին բանակից ազատվել է «չափավոր արտահայտված նեւրաստենիա» ախտորոշմամբ. այսինքն՝ հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացանք, որ ծեծի գործով տուժող Հարությունը եւս բանակից ազատվել է լուրջ առողջական խնդիրների պատճառով: Ուստի, եթե փորձաքննության արդյունքներով եւս մեկ անգամ հաստատվի մարզպետի որդու հոգեպես անհավասարակշիռ լինելու փաստը, ապա նրա կողմից կատարված գործողությունները քննչական մարմինը կմեղմացնի՝ հաշվի առնելով առողջական խնդիրը:
Իսկ եթե Հարությունի դեպքում էլ հաստատվի, որ նա եւս առողջական խնդիրներ ունի՝ հոգեկան անհավասարակշիռ դրսեւորումներով, ապա, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, նրա տված ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ կդրվի՝ այդպիսով մարզպետի որդուն ազատելով պատասխանատվությունից կամ գոնե մեղմելով այն:
Ստացվում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ռեզինի պես առաձգական է. այն կարող է խիստ դատել նրան, ում ՀՀ իշխանության ներսում համարում են հանցագործ, եւ կարող է արդարացնել իրական հանցագործին՝ ցանկացած, այդ թվում «գժի թղթի», պարտադրված «զադնիի» եւ այլ հիմնավորումներով: Շատ ապահովված երկրում են ապրում Սերժ Սարգսյանի թիմակիցները, իսկ ՀՀ շարքային քաղաքացին պետք է զգուշանա, որ ցանկացած պահի կարող է կորցնել տեսողությունը կամ ունեցվածքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Պարզվում է, որ նա հայաստանյան բանկերից մեկից 837 միլիոն դրամ է «քցել»:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ տարբեր անձանց անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ տրամադրելու համար կալանավորվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը:
Եվ, ահա, այս կեղծիքի շրջանակներում նաեւ մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել «Էրեբունի գինու, կոնյակի գործարանի» սեփականատեր Հովհաննես Մարգարյանը:
Իսկ ի՞նչն է եղել պատճառը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը կեղծ վկայականները պատրաստելու գործարքին գնացել է հանուն «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ:
Բանն այն է, որ 2010թ. «Էրեբունի գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի սեփականատեր Հովհաննես Մարգարյանը հայաստանյան բանկերից մեկից 837 միլիոն դրամի վարկ է վերցրել եւ բանկում գրավադրել է իրեն պատկանող սեփականությունների որոշ մասը: Սակայն, երբ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը նրան է տրամադրել անշարժ գույքի կեղծ վկայականները, վերջինս այդ կեղծված անշարժ գույքի վկայականները ներկայացրել է բանկին եւ իրեն պատկանող սեփականությունը գրավից հանել: Արդյունքում բանկին «քցել» է 837 միլիոն դրամ: Եվ, ահա, մեզ հաջողվել է պարզել, որ Հովհաննես Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի դեպ, նշենք, որ սա միակ քրեական գործը չէ, որ հարուցվել է. դեռեւս 2011թ Հովհաննես Մարգարյանը կանխամտածված անվճարունակության հատկանիշներ էր ստեղծել եւ իր հիմնադրած ընկերությունը հասցրել էր սնանկության` պետությանը պատճառելով խոշոր չափի` 172 526 900 դրամի վնաս:
Հ. Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, եւ այս գործն ուղարկվել էր դատարան:

 

ՆԱ ԳՆԱՑ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային` պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման եւ դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար:

 
14 ՏԱՐԻ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում մեղադրող կողմը պահանջեց 14 տարվա ազատազրկման դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա հունիսին Շանթ Հարությունյանի եւ համախոհների գործով դատավարության առաջին օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց Կյուրեղյանը բարձրացել էր կայանված մեքենաներից մեկի վրա եւ օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Նա հայտարարել էր, թե «արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանին դատում են քաղաքական հայացքների համար, եւ ինքը փորձելու է խափանել նիստը:
Հայկ Կյուրեղյանը նախ՝ մեղադրվեց զենքի գործադրմամբ եւ անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում, ապա՝ քննիչը Կյուրեղյանին առաջադրեց նաեւ երկրորդ մեղադրանքը, ըստ որի՝ նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել. մեղադրանքը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում:

 

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային եւ հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետերից՝ (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը եւ շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

 

ՁԵՌՆՏՈՒ ԳՈՐԾԱՐՔ
«Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման մասին որոշումը ՀՀ Կառավարությունը կընդունի առաջիկա նիստում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Նա շեշտեց, որ «Հայֆիլմը» օտարվել էր 350 մլն դոլարով, իսկ այժմ ետ է վերադարձվում 3 մլրդից մի փոքր ավել գին ունեցող կինոստուդիա: Ըստ Ա. Սահակյանի՝ վերադարձնելուց հետո Կառավարությունը պետք է որոշում կայացնի «Հայֆիլմի» հետագա ճակատագրի մասին:




Լրահոս