2 երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. Կարեն Ավագյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նոր ուսումնական տարվանից կշարունակի ուսանողների համար նախատեսված իր սոցիալական ծրագրերը։ Դրանք կլինեն մի քանի ուղղություններով, որոնց նպատակը սոցիալական տարբեր խմբերի երիտասարդներին իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորության ընձեռումն է:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ պահպանվել են արդեն ավանդական դարձած և ուսանողների կողմից մեծ պահանջարկ ունեցող նախաձեռնությունները։ Մասնավորապես, հիմնադրամը կշարունակի փոխհատուցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։ Այս նախաձեռնությունը մեկ տարվա պատմություն ունի, և 2014-2015 ուսումնական տարում այս ծրագրից արդեն իսկ օգտվել է մոտ 20 երիտասարդ։ Կարեն Ավագյանը կոչ արեց բոլոր այն ուսանող-ծնողներին, ովքեր ունեն երկու և ավելի երեխաներ, անպայման դիմել Երիտասարդական հիմնադրամին։ Ըստ նրա՝ հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն, ինչու ոչ՝ նաև խթանել ծնելիությունը։

ՀԵՀ ավանդական սոցիալական ծրագրերից է առաջին կուրսեցիների և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումը։ Եթե առաջին կուրսեցիների համար նախատեսված ծրագիրը մրցութային է, և դրանից կարող են օգտվել բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալական տարբեր խմբերին պատկանող, ինչպես նաև հասարակական ակտիվություն ցուցաբերող երիտասարդները՝ ստանալով ուսման վարձի որոշակի փոխհատուցում, ապա սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է ամբողջությամբ և առանց մրցույթի, բոլորինը անխտիր։ Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշված խմբերի ուսանողներին կոչ արեց հետևել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքին. համապատասխան հայտարարությունները կտրվեն արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին։ Նշենք, որ 2011-ից ի վեր ՀԵՀ-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցել է մոտ 4000 ուսանողի ուսման վարձ։

Շարունակվում է նաև ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում գիտությամբ զբողվող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռվում մասնակցել միջազգային գիտաժողովների, գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման համար ստանալ ֆինանսական աջակցություն և այլն։

Հիմնադրամի համակարգողը տեղեկացրեց նաև ՀԵՀ նոր նախաձեռնության մասին. այս տարվանից երկկողմանի ծնողազուրկ ուսանողները կկարողանան օգտվել ՀԵՀ կողմից հատկացվող անվճար սննդի ծրագրից։ Ծրագրի մանրամասները հստակեցվում են, և առաջիկա օրերին այն կներկայացվի առավել մանրամասն։

 




Լրահոս