Հակառակորդը շարունակում է սահմանամերձ գյուղերը կրակի տակ պահել. տուժել են այգիներում աշխատող գյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդը կարճատև դադարից հետո կրկին սկսել է կրակահերթեր արձակել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Տավուշի մարզի սահամնամերձ երկու գյուղերի` Չորաթանի և Այգեհովիտի խաղողի այգիները գնդակոծվել են:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը հայտնեց, որ կրակոցների արդյունքում ամբողջությամբ վնասվել է գյուղի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի ավտոմեքենան: Մարզպետարանից համապատասխան մասնագետ է ժամանել, ուսումնասիրություն է կատարում, որպեսզի որոշվի վնասի չափերը, և գյուղացուն փոխհատուցեն:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` այս պահին համեմամատկան անդորր է, իսկ դեպքը տեղի է ունեցել խաղողի այգիներում աշխատելու ժամանակ:

Գրեթե նույն սցենարն է եղել նաև Չորաթան համայնքում: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ խաղողի այգում եղած մի քանի գյուղացի տեսել են` ինչպես են գնդակներն անցնում իրենց գլխի վերևով: Նրա փոխանցմամբ, բարեբախտաբար, վնասներ չկան, մարդիկ հասցրել են արագ իրենց տները գնալ:

Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված ձևաչափով բանակցություններ: Ըստ երևույթին` Սերժ Սարգսյանի` այնտեղ լինելը փուչիկի ազդեցություն ունեցավ:

Ավելին, հաշված օրեր առաջ սահմանային ակտիվությունը թուլացավ հենց այն ժամանակ, երբ Մոսկվայում կայացավ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Կարծես, այստեղ էլ երկխոսությունը մեր ռազմական դաշնակցի սրտով չի ընթացել: Արդյունքում տուժում է Հայաստանի սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչը:




Լրահոս