Սերժ Սարգսյանը ավելի շատ վախենում է ոչ թե հաջորդ Սերժ Սարգսյանից, այլ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ առաջադրումից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ Ֆեյսբուքում հանդես է եկել հերթական գրառմամբ` նշելով, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից,- իր ընկերներից մեկի դատողությունը երկրորդում է Օսկանյանը` նշելով,- իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետեւ ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց եւ/կամ քաղաքական ուժի այլեւս ձեռնտու չէ դա»:

Իհարկե, դժվար է չհամաձայնել նախկին արտգործնախարարի այս պնդման հետ` մի փոքրիկ վերապահությամբ միայն. խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը տվյալ դեպքում ավելի շատ վախենում է ոչ թե հաջորդ Սերժ Սարգսյանից, այլ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ առաջադրումից: Ինչպես հիշում ենք՝ անցած տարի՝ ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակման մեկնարկի մասին եւ նշեց, որ գործընթացի հիմնական խնդիրներից մեկն էլ լինելու է որեւէ ղեկավարի` երկու ժամկետից ավելի պաշտոնավարելու հնարավորության բացառումը, ընդամենը մի քանի օր անց` ապրիլի 22-ի իր հարցազրույցում, (ի դեպ, մինչ օրս սահմանադրական փոփոխությունների թեմայով միակ) Ռոբերտ Քոչարյանը հակադարձեց, որ ներկայումս սահմանադրության փոփոխության բերված պատճառաբանությունները հեղհեղուկ են եւ ոչ համոզիչ` շեշտելով, որ Ս. Սարգսյանի ասած խնդիրը լուծելու համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա. «Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ»: Այնուհետեւ Քոչարյանը արեց մի հավելում, որն էլ, ըստ էության, կանխորոշեց ներկայացված Սահմանադրության նախագծի բովանդակությունը: Նա, մասնավորապես, ասաց.«Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»:

Այսպիսով` Քոչարյանը հասկացրեց, որ այդ փոփոխությունը որեւէ կերպ չի կարող ադրադառնալ իր` երրորդ անգամ առաջադրվելու իրավունքի վրա` ըստ էության, ակնարկելով իր նմանօրինակ մտադրության մասին: Եվ քանի որ նա միանգամայն իրավացի էր, Սերժ Սարգսյանը հրահանգեց մշակել նոր Սահմանադրության այնպիսի նախագիծ, որով նախագահի ինստիտուտն ինքնին արդեն դառնալու է ոչ թե երկրորդական, այլ երրորդական, անգամ չորրորդական` այդպիսով նախագահի պաշտոնում առաջադրումն ինքնին անհեռանկարային եւ անհետաքրքիր դարձնելով Ռոբերտ Քոչարյանի համար:

Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանի համար «երբեք չասելու» միակ հնարավորությունը մնում է ամեն գնով այս սահմանադրական փոփոխությունների վիժեցումը:




Լրահոս