Բռնությամբ ու զոռբայությամբ ընդունված փաստաթուղթը կարո՞ղ է ժողովրդավարություն ապահովել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ իշխանական քարոզչամեքենան առաջիկայում լծվելու է հանրաքվեի քարոզարշավին՝ մեծամասամբ չհասկանալով, թե ինչու են մեր երկրին անհրաժեշտ այդ փոփոխությունները:

Նախագծին դեմ քվեարկեցին 10 պատգամավորները՝ ՀԱԿ խմբակցությունից՝ ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ խմբակցությունից՝ ղեկավար Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը: Ընդդիմադիր մորթու տակ թաքնված, բայց կողմ քվեարկողների թվում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Թեւան Պողոսյանը, Ալեքսան Արզումանյանը: Իսկ ձեռնպահ քվեարկողները, բնականաբար, սկզբունքային ՕԵԿ-ականներն էին՝ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի համար գերխնդիր համարվող «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը օրենքի ուժ ստացավ, եւ այսօր արդեն այն կուղարկվի ՀՀ նախագահի նստավայր: Ս. Սարգսյանը պետք է 7-օրյա ժամկետում վավերացնի փաստաթուղթը եւ նշանակի հանրաքվեի օր: Թե ինչ է տալու հանրաքվեն ու այդ սահմանադրական փոփոխությունները մեր երկրին, բացի կոլեկտիվ անպատասխանատվության ամրագրումից, դժվար է ասել: Երեկվա քվեարկությունը ի ցույց դրեց իրողությունն առ այն, որ սկզբունքային գործիչները, ամպագոռգոռ քննադատները բոլորը գլխիկոր քվեարկեցին ու անցկացրին նախագիծը: Այդպիսին կլինի նաեւ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում. կքվեարկեն բոլոր այն նախագծերը, որոնք կթելադրվեն «պոլիտբյուրոյի» քարտուղարի՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից:

Եւ դատելով ՀՀ ոստիկանության կողմից ցուցաբերված երեկվա ագրեսիայից «Ոչ»-ի շարժման անդամների նկատմամբ՝ կարելի է ենթադրել, որ արդեն կայացված է քաղաքական որոշումը հանրաքվեն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ: Եւ ով ակտիվանա, ուժայինների հետ խնդիրներ է ունենալու:
Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի շարժման ստվերային ղեկավարը ԲՀԿ-ից մազապուրծ ՀՀ երկրորդ նախագահի թիմն է, իսկ բացահայտ լոկոմոտիվի դերը փորձում է ստանձնել ՀԱԿ-ը: Եւ նրանց ամեն գնով լռեցնելու, հանդարտեցնելու քայլեր են արվելու: ՈՒ այսքանից հետո մի հարց է մնում անպատասխան. արդյո՞ք բռնությամբ ու զոռբայությամբ ընդունված փաստաթուղթը կարող է ժողովրդավարություն ապահովել, ինչպես քարոզում են ՀՀԿ-ականները: Անհավատալի է:




Լրահոս