Սերժ Սարգսյանը թափանցիկ կերպով ակնարկում է, որ Արա Աբրահամյանին տեսնում է ՌՀՄ «անփոփոխ ղեկավարի» դերում եւ ոչ ավելին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանի հայերի միության» 15-ամյակի կապակցությամբ երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ի թիվս ստանդարտ շնորհավորական ձեւակերպումների՝ առկա են մի քանի ուշագրավ նրբերանգներ` կապված կազմակերպության նախագահ, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունենալու հայտ ներկայացրած ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ: Այսպես` իր շնորհավորական ուղերձում հատուկ կարեւորելով Արա Աբրահամյանի դերակատարությունը` Սերժ Սարգսյանը մասնավորապես նկատում է.

«ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի եւ անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում՝ շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջեւ բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար»: Այսպիսով` Սերժ Սարգսյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկում է, որ Արա Աբրահամյանին ինքը տեսնում է ՌՀՄ «անփոփոխ ղեկավարի» դերում եւ ոչ ավելին: Բայց քանի որ, ինչպես վերջերս գրվեց մամուլում, Արա Աբրահամյանին դա ասվել էր ավելի հստակ` դեմ առ դեմ, սակայն նա դրանից հետո էլ կարծես թե չէր հասկացել «Արա, մի արա» ուղերձի լրջությունը, Սերժ Սարգսյանը երեկվա տեքստում նաեւ հարկ է համարել Աբրահամյանին հիշեցնել «երկար տարիներ մշտապես Ռուսաստանում բնակվելու «նրբությունը»:

Թե որքանով արված ակնարկը տեղ կհասնի, պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում` Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական գործունեության մեկնարկից կամ դրա ձգձգումից: Ամեն դեպքում շրջանառվող այն տեղեկությունները, թե Աբրահամյանն այս ընթացքում մանրակրկտորեն դիտարկել է տարբեր ուժերի հետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում` ՕԵԿ-ի եւ անգամ «Ժառանգության», այդքան էլ էական չեն այլեւս, քանի որ դատելով Սերժ Սարգսյանի տրամադրվածությունից` Արա Աբրահամյանի դերակատարության շեշտակի մեծացումը ենթադրող որեւէ համագործակցություն Հայաստանում հաջողության հասնել չի կարող: Անգամ եթե (ինչպես գրեց մամուլը) ռուսական ինչ-ինչ շրջանակներ ցանկանում են Ծառուկյանի թափուր մնացած «սուրբ տեղը» լցնել հենց Աբրահամյանով: Ի վերջո, եթե Ծառուկյանին «սթափվելու» համար անհրաժեշտ եղավ Սերժ Սարգսյանի մի ամբողջ վրդովված ելույթը, Աբրահամյանին բավարար կլինի նաեւ շորհավորական ուղերձում արված ակնարկը:

Հ.Գ. Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանում, սակայն, Արա Աբրահամյանի անունը որեւէ կերպ հիշատակված չէ:




Լրահոս