Այս Սահմանադրությունը միշտ էլ տվել է վերարտադրվելու հնարավորություն, իշխանությունները միշտ էլ վերարտադրվել են. Աղվան Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե արհեստածին են այն հայտարարությունները, որ ՀՀ-ում այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա:

-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին: Ինչպե՞ս է այդ քարոզարշավն իրականացնելու ՀՅԴ-ն, ո՞րն է լինելու Ձեր քարոզարշավի գլխավոր կետը, որտեղի՞ց եք սկսելու:

-Կարծում եմ՝ լրատվամիջոցները տեղյակ են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հանրապետության բոլոր մարզերում հավաքներ անցկացրեցինք մեր 50 կոմիտեությունների հետ, մեր ընկերների շրջանում՝ իրազեկելով, նրանց հարցերին պատասխանելով, նրանց առաջարկությունները, նախաձեռնությունները լսելով: Մենք դա անում էինք նաեւ նրա համար, որ այդուհետ շրջաններում մեր ընկերները դառնան իրազեկողներ, իրենք արդեն կդառնան ակտիվ մասնակիցներն այս ամենի: Մենք շատ արագ կկազմակերպենք մեր հանդիպումների ժամանակացույցը՝ հասարակության հետ հանդիպումներ կլինեն ե՛ւ մարզերում, ե՛ւ Երեւանում: Զուգահեռ, երբ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կլինի քարոզարշավը, կսկսենք զբաղվել քարոզչությամբ նաեւ լրատվամիջոցներով:

-Բայց արդյո՞ք բավարար է այս ժամանակահատվածը, որպեսզի կարողանանք հանրության շրջանում այո-ն քարոզել, արդյո՞ք այդ մեկ ամսվա ընթացքում հանրությունը կհասկանա, թե ինչու պետք է այո ասի նոր Սահմանադրությանը:

-Կարծում եմ՝ այո, եթե քաղաքացին ցանկություն ունի իրազեկ լինելու, կարծում եմ՝ բավարար է, ու այդ իրազեկումը այս 30 օրվա ընթացքում չէ, որ պետք է լինի: Երկու տարի մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը եղել է սա, ու անընդհատ քննարկվել է տարբեր փուլերով, առաջին հայեցակարգ, երկրորդ հայեցակարգ, սա ամբողջությամբ եղել է իրազեկման ձեւ: Իսկ այս պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, որ ինքը հնարավորություն չի ունեցել իրազեկվելու, տեղեկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը: Բայց, բնականաբար, հայի խայսյաթ է, որ ամեն ինչ թողնեն վերջին պահին, իսկ ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածը լրիվ բավարար է, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի:

-Նշեցիք, որ ՀՅԴ-ն հանդիպումներ է ունեցել մարզի բնակիչների հետ, արդյո՞ք պարզել եք, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է ժողովրդի տրամադրվածությունը, առավելապես այո՞-ի, թե՞ ոչ-ի տրամադրությունների եք ականատես եղել:

-Ես կիրակի օրը հերթական հանդիպման էի, այս անգամ մեկնել էի Տավուշի մարզ, որտեղ ոչ միայն մեր ընկերների հետ հանդիպեցի, այլեւ գյուղերի բնակիչների ու տեւական ժամանակ՝ մոտ մեկուկես ժամ, խոսեցի, ներկայացրեցի, հարցերին պատասխանեցի: Ու կարծում եմ՝ հանրությունը զգում է տարբերությունը: Բազմաթիվ հարցեր են հնչել, փորձել եմ պարզաբանել, կարծում եմ՝ ցանկության դեպքում մարդիկ կտեսնեն իրական տարբերությունները: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության պահանջին, գիտեք՝ այս արտահայտությունը արհեստածին է, որովհետեւ այդպես չի լինում, ցանկացած երկրում այդպես չի լինում, որ ժողովուրդի ինչ-որ մի ստվար զանգված դուրս գա ու պահանջի սահմանադրական բարեփոխումներ: Այդ գործը քաղաքական վերնախավի, պրոֆեսիոնալների, մասնագետների գործն է, ու մեր գործող Սահմանադրությունը երկու տարբերակ է թույլ տալիս: Առաջինը, որ կարող է նախաձեռնությունն անել ՀՀ նախագահը, իսկ երկրորդն էլ՝ ՀՀ Ազգային ժողովը: Ուրիշ որեւէ տարբերակ չկա: Իսկ որ հայտարարվում է հասարակական պահանջ եւ այլն, սրանք արհեստածին հայտարարություններ են: Հասարակական պահանջի առկայությունը ես հասկանում եմ այսպես՝ մեր այսօրվա իրականությունը: Կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները ստիպում են, որ այդ պահանջները կատարվեն: Սահմանադրական փոփոխությունների պահանջը դեռ չի նշանակում, որ պետք է 100 հազար մարդ գա փողոց ու հայտարարի, որ պահանջում է սահմանադրական բարեփոխումներ: Այդ պրոցեսներն առաջնորդում են քաղաքական էլիտաները, քաղաքական ուժերը, մտավորականներ, նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են, ու նրանց խնդիրն է հասարակությանը, քաղաքացիներին բացատրել այդ տարբերությունները, նրանց խնդիրն է իրազեկել, համոզել, ներկայացնել, թե ինչն է իրականությունը: Մենք դա ենք անում: Ցավոք, նրանք, ովքեր ոչ են ասում, չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ

-Ոչ ասողները նշում են, որ Սահմանադրության փոփոխությամբ բացառապես իշխանությունների վերարտադրության խնդիրն է լուծվելու:

-Հազար տարի խոսեցինք այդ վերարտադրման մասին, այս Սահմանադրությունը միշտ էլ տվել է վերարտադրվելու հնարավորություն, իշխանությունները միշտ էլ վերարտադրվել են, ու դա որպես պատճառ բերելն անիմաստ է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս