ՀԱՐՑ. Եթե, Աստված մի արասցե, ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունենում, որի հետեւանքով մահվան ելք է գրանցվում, ապա նման դեպքերում որքա՞ն է կազմում ԱՊՊԱ-ի կողմից տուժողի ընտանիքի անդամներին փոխհատուցվող գումարի չափը:
Գրիշա Բարսեղյան
(38 տարեկան, ատամնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման կանոնների համաձայն` հատուցվում են հուղարկավորության եւ կերակրողին կորցնելու հետ կապված ծախսերը: Մասնավորապես, տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված չափով: Իսկ գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործով կայացված դատական ակտով տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման վերաբերյալ հարցերը կարգավորված չլինելու դեպքում տուժողի հուղարկավորության ծախսերը գնահատվում են 650.000 դրամ, որը հատուցվում է միանվագ կերպով: Ինչ վերաբերում է կերակրողին կորցնելու հետեւանքով պատճառված վնասների հատուցմանը, ապա դրա չափը հաշվարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կարգով աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որ մահացողի ընտանիքի անդամները ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար:
Ֆինանսների համակարգի
հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տա Աստված, որ ճանապարհատրանսպորտային պատահարները գոնե առանց մահվան ելքի լինեն, եւ ապահովագրական ընկերությունների շռայլ փոխհատուցումներն այդպես էլ թղթի վրա մնան: