Էս սարն իմն է, էս ծառն իմն է. ինչի արդյունքում էժանացան շոկոլադե սալիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին ՀԺ-ն գրել էր, որ Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի հայտնի շոկոլադե սալիկները երեւանյան բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են: Նախկինում փոքր Snickers-ի գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200 է: Նույնն է նաեւ շոկոլադե մյուս հայտնի սալիկների դեպքում: Ավելի մեծ չափի Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 դրամ: Նշվում էր, որ ՀՀ-ում բացի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանից՝ Դերժավայի Արկադիից, շուկայում հայտնվել է այլ ընկերություն, որը եւս ներկրում է վերը նշված շոկոլադեղենը, ինչի պատճառով էլ պատգամավորը ստիպված է եղել գինն էժանացնել:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի հետ՝ պազելու համար, թե ո՞վ է դաշտում սկսել մրցակցել իրենց ընկերության հետ:

-Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, պետք է տնտեսությունից մարդը հասկանա, որպեսզի նման տեղեկություն հրապարակի, պետք չէ ուղղակի սենսացիաներ գրել: Շոկոլադը միայն Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars-ը չի, տնտեսություն չիմանալով՝ մարդիկ արթնանում ու ինչ-որ բաներ են գրում:

-Այդ դեպքում իրականությունը ո՞րն է, ինչի արդյունքում է եղել այդ էժանացումը:

-Ձեզ համար ուրախալի պետք է լինի այն, որ երկրում շոկոլադի գին է իջել, իսկ դա մեծ ջանքերի շնորհիվ է եղել: Քանի որ Ռուսաստանում ռուբլու կուրսն իջնում է, ավտոմատ կերպով դոլարով ապրանքի գինն էժանանում է: Մենք էլ ԵՏՄ-ի մեջ լինելով՝ կարողանում ենք այնպես անել, որ այդ արդյունքը լինի:

Դրա համար պետք է ուրախ լինել, ոչ թե ինչ-որ սենսացիաներ փնտրել: Շոկոլադեղենը այս երկրում 100 հոգի ներ են կրում: Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, դրա համար էլ ասեցի, որ ինչ-որ անգրագետ բաներ են գրում: Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի, որպեսզի ծախվի: Ես կառավարմամբ չեմ զբաղվում, ես պատգամավոր եմ, իրավունք չունեմ, բայց ես տեղյակ եմ էդ ամենից: Օրինակ՝ «Կինդեր», «Ռաֆաելլո», «Ռոշեն» եւ այլ ռուսական ապրանքները էժանացել են, ատամի մածուկները, օճառները եւ այլն: «Դերժավա» ընկերությունն է այդ ամենը ներկրում, ո՞վ կարա իմ հետ ներկրի, ենթադրությունների հիման վրա չեն գրում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս