Մեդվեդևը քննադատել է Ուկրաինայի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումը:

«Ուկրաինայի կառավարության նախաձեռնությամբ դադարեցվել են բոլոր ավիաընկերությունների չվերթները դեպի Ռուսաստան և Ուկրաինա: Սա Ուկրաինայի ղեկավարների՝ սեփական ժողովրդի դեմ պայքարի փայլուն օրինակ է. ուղևորների երեք քառորդն ուկրաինացիներ էին: Ուժեղ քայլ է»,-ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսաստանի վարչապետը:

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 0-ից, այն բանից հետո, երբ կողմերը ավիաընկերությունների նկատմամբ փոխադարձ պատժամիջոցներ են կիրառել:

Այս տարվա սեպտեմբերին Ուկրաինայի իշխանությունները համարեցին, որ ռուսաստանյան ավիաընկերությունները խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը՝ չվերթներ կատարելով դեպի Ղրիմ: Ուկրաինայի նախագահի հրամանագրի հիման վրա ուկրաինական իշխանություններն ընդունեցին դեպի Ուկրաինա հոկտեմբերի 25-ից թվով 25 ռուսաստանյան ավիաընկերությունների չվերթների արգելքի մասին որոշում: Ի պատասխան այս գործողությունների՝ ռուսաստանյան կողմն արգելեց նույն օրվանից դեպի Ռուսաստան ուկրաինական ավիաընկերությունների չվերթները:

Ինչպես հայտնել է «Ռոսավիացիա»-ն, հոկտեմբերի 23-ին Բրյուսելում ռուսաստանյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններ են անցկացվել օդային հաղորդակցության խնդրահարույց հարցերով:

Ռուսաստանն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է Ուկրաինային չմտցնել երկու երկրների ավիահաղորդակցության արգելք: Այդուհանդերձ՝ կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Նույն օրը Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Պիվովարսկին Բեռլինում՝ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումի միջանցքներում ասել է, որ, չնայած բանակցություններին, սանկցիաներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ից:




Լրահոս