ՍԵՎ ՄԵՔԵՆԱՅՈՎ «ԿՏՐԵԼ» ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում ավտովթար էր տեղի ունեցել, որի արդյունքում  մահացել էր Սուրենավանի գյուղապետ 51-ամյա Վարդգես Ղազարյանը: Վերջինս, վարելով «Լադա պրիորա» մակնիշի 285 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
 «Ժողովուրդ»-ն այցելեց Սուրենավան, որտեղ գյուղապետի մահվան հետ կապված այլ պատմություն ներկայացրին: Սուրենավանի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք կխոսեն դեպքի մասին միայն այն դեպքում, եթե իրենց անունները չհրապարակենք, քանի որ իսկապես լուրջ տեղեկություններ կան՝ գյուղապետի մահվան հետ կապված:
Մեր զրուցակիցների խոսքով` քանի որ գյուղապետը ԲՀԿ-ական էր, մշտապես ճնշված վիճակում էր. «Ինքը ԲՀԿ անդամ էր, բայց նախկինում ՀՀԿ անդամ է եղել: Ուրեմն էդ դեպքի օրը մոտավորապես ժամը 5-ի կողմերն էր, մարզպետը կանչել էր իր մոտ հաց ուտելու, ամբողջ գյուղապետերին էր կանչել: Ինչպես արդեն բոլորդ գիտեք, մեր գյուղում նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Դե ի՞նչ ասենք, մի քիչ որ ընդդիմադիր թեւը հաղթում է գյուղում,  մի քիչ կաշկանդում ա, ու հուզմունք կար իր մեջ: Բայց դե ի՞նչ ասենք, գնաց, ու էդ դեպքը կատարվեց, ու հիմա ամեն ինչ անհավանական ա թվում: Եթե Դուք տեսնեք էդ տեղանքը, որտեղ ինքը ավտովթարի է ենթարկվել, ամեն ինչ անհավանական կթվա»:
«Շատ հավանական է նաեւ, որ իր դեմը կտրած լինեն, որովհետեւ զապրավկից որ դուրս ես գալիս, մի կտրած բորդյուր կար, ու նենց տպավորություն է, որ դիտավորյալ է էդ ամեն ինչը արվել: Իր մեջ վերջին ժամանակներս ինչ-որ արտասովոր բան էինք տեսնում, իր մեջ երեւի ավելի շատ հուզմունք կար, քանի որ առաջին անգամ էր հանդիպում մարզպետի հետ: Ներկա գտնվողները՝ էն մյուս գյուղապետերը, որոնք էդ խնջույքի ժամանակ եղել են, ասում են, որ ինքը միջոցառման ժամանակ զրուցել է մարզպետի հետ, Արայիկի հետ էլ ա խոսել դեպուտատ ու մի կես ժամ շուտ ա դուրս էկել, չգիտենք՝ հիմա ինչի հետ կապենք, ոնց հասկանանք էս պատմությունը: Բայց որ ընտրություններից հետո ճնշում էին գյուղապետին, էդ հաստատ»,-պատմեցին սուրենավանցիները:
Զրուցեցինք նաեւ վթարի ենթարկված գյուղապետի եղբոր՝ Վազգեն Ղազարյանի հետ: Վերջինս ասաց, թե իր եղբայրը 8 տարի առաջ է ՀՀԿ անդամ եղել. «Հետո ես ԲՀԿ-ի շտաբի պատասխանատուն դարձա ու իրեն եւս ԲՀԿ շարքերը տարա, ժողովուրդն ա տենց բաներ խոսում, բայց ոչ ոք էլ իրեն չի ստիպել… Մեր մարզպետի օբյեկտում են վթարի օրը եղել՝ մարտի 8-ը նշելու, ինքն ուշացումով է գնացել, մարզպետը լավ դիմավորել է: Կանչել է, հաց են կերել, խոսել են, բայց ինքն էդ օրը մի գրամ խմիչք չի օգտագործել, ինքը թոռնիկ էր ունեցել, պիտի գար տուն, որ դա նշեինք: Մի ժամուկես ինքը շուտ ա դուրս եկել, էկել հասել ա Արտաշատի մոստի մոտ, թե ինչ մեքենա է դեմը կտրել… կտրուկ իրա դեմը կտրել են, էդ անիվների տեղը կար, շատ մոտիկից են դեմը կտրել, հիմա չենք իմանում՝ էտի պատահական է եղել, թե ինչ-որ… Մի բան էլ է անընդհատ նշվում, որ կնիքին է վերաբերում, ուղղակի ընդեղ մեր էրեխեն ա ասել, թե կնիքն ուր է, որովհետեւ գրպանից հեռախոսն էր ընկել, ձեռքի բրասլետն էր ընկել… հետո լրիվ տոպրակով տվել են մեզ: Ինքն էդ օրը վարորդին հետը չի տարել, մենակ է գնացել: Դե ասում էին` կարող ա թույնած լինեն, դատաբժշկին ասել ենք, բայց ինքը դաժե ընդեղ կոֆե չի խմել, ոչ մի բան»:
Ղազարյանը նշեց, որ վթարից դեռ մի քանի օր առաջ եղբայրն անտրամադիր էր. «Նեղվում էր, գլուխը ցավում էր, դրա համար անտրամադիր էր: Մի քանի լկտի լակոտներ կան, որ իր տեղի համար պայքարում են, սրանք հելնում են ու տենց բաներ են խոսում: Օրինակ՝ նախկին գյուղապետը, որ հանրապետական է, էկավ ասեց՝ մահի վրա չեմ ուրախանում, չեմ դնելու, իսկ ՀՅԴ-ական Կարո Կարապետյանն ուզում է ինքը դառնա գյուղապետ ու տենց տեղեկություններ է տարածում»: Մեր զրուցակիցը նշեց, որ վթարի վայրի մոտ  գազալցակայան կա, որի աշխատողներն իրենց ասել են, թե իր եղբոր «դեմը կտրել» է մի սեւ մեքենա. «Բայց համարը չեն ասում, մայրուղուց գալիս շատ արագ դեմը կտրել են, ինքն էլ որ փախցնի` շուռ է եկել»:
Փորձեցինք զրուցել նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հետ, սակայն վերջինիս հեռախոսին ինչ-որ տղամարդ էր պատասխանում ու նշում, որ Բարսեղյանը շատ զբաղված է, ու ինքը կզգուշացնի, որպեսզի մեզ զանգի: Սակայն մինչեւ օրվա վերջ մեր հեռախոսազանգերին պատասխանեց այդ մարդը, իսկ Բարսեղյանն այդպես էլ «չազատվեց»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս