«Ո՛Չ ԿԱՐԳԱԽՈՍԻՆ ԵՄ ՆԱՅՈՒՄ, Ո՛Չ ՊԱՍՏԱՌՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մնացել է երկու շաբաթ: Առաջադրված 7 կուսակցություններն իրենց կարգախոսներով եւ քաղաքի ամեն վայրում փակցված պաստառներով փորձում են ազդեցություն գործել ընտրողների վրա, իսկ թե ում է հաջողվել ավելի լավ հանդես գալ եւ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին հաջողության հասնել, դեռ հարց է: ԲՀԿ-ն խոստանում է՝ «Փոխելու ենք» կամ «Սկսենք Երեւանից», ՀՀԿ-ն «Ավելի լավ Երեւան» կկառուցի, ՀՅԴ-ն կոչ է անում` «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը», «Բարեւ, Երեւան» դաշինքը միայն բարեւում է՝ «Բարեւ, Երեւան», «Հայ ազգային կոնգրես»-ը խոստանում է «Իշխանությունը քաղաքացուն», «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ՝ «Մենք կարող ենք ավելին», «Առաքելություն» կուսակցությունը`«Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով»:

ՀԱՐՑ. Ո՞ր կուսակցության կարգախոսը կամ պաստառն եք համարում ամենաազդեցիկը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Պաստառները չեմ տեսել, բայց կարգախոսներից հավանեցի «Ապրում ենք Երեւանում, ապրում ենք Երեւանով»: Հավանել եմ շատ. սովորաբար անտարբեր եմ ավագանու ընտրությունների նկատմամբ, երբեք չեմ մասնակցել, որովհետեւ միշտ տեսել եմ, թե ինչպես են դրանք անցկացվում, ու ովքեր են մասնակցում, ինչեր են խոստանում, հետո ինչպես են ավարտվում, հետեւաբար անիմաստ եմ համարում:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
հաղորդավարուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում իրականացնող կազմակերպության ղեկավար՝ ես ինձ չեմ կարող թույլ տալ ընտրություններում մասնակցող որեւէ կուսակցության վերաբերյալ համակրանք արտահայտել: Կարգախոսը կամ պաստառը  ամենաազդեցիկ ճանաչելն էլ համակրանքի դրսեւորման նման մի բան է:

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
 Երեւանի մամուլի ակումբի նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ կարգախոսին եմ նայում, ո՛չ պաստառներին: Ես միայն նայում եմ աշխատանքին: Մարդիկ պետք է հասկանան, որ ընտրվելու համար պետք է աշխատանք կատարեն, այլ ոչ թե քարոզեն. դա ոչինչ չի տալիս քաղաքացուն: Ժողովուրդը լավ գիտի՝ իրականում աշխատանք կատարվում է, թե ոչ: Ժողովրդին այդ պաստառներով ու կարգախոսներով խաբել հնարավոր չէ:

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ
Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Որեւէ մեկի կարգախոսը կամ պաստառը ոչինչ չի ասում ինձ:

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ, երգահան
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս