ԿԻՐԱԿԻ ՕՐԸ ՀԱՂԹԵՑ ՓՈՂՈՑԻ ԽՈՒԺԱՆՆ ՈՒ ԿԱՄԱԶՈՒՐԿ ՉԻՆՈՎՆԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները խորքային ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ չնայած իշխանություններին հաջողվեց գործընթացն իրենց համար ցանկալի արդյունքով ավարտել, այսինքն՝ նոր Սահմանադրության նախագիծն անցկացնել, սակայն կրկին ապացուցվեց, որ ՀՀ իշխանություններն այլեւս «ամենակարող» չեն:

Բանն այն է, որ հանրաքվեի պաշտոնական թվերով հրապարակված 825 հազար 622 այո-ից 618 հազար 115-ը գրվել է մարզերի քվեարկության արդյունքներով: Երեւանում բազմաթիվ կեղծիքների եւ լցոնումների շնորհիվ իշխանություններին առավելագույնը հաջողվեց մասնակցության թիվը հասցնել 392 հազարի, որից այո-ի օգտին կարողացել են գրել 207 հազար 507-ը, իսկ 161 հազար 720 ոչ-ի առկայությունը մայրաքաղաքում անհնար է եղել չարձանագրել:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունները մտահոգվելու առիթ պետք է որ չունենան, քանի որ նրանց հերթական անգամ ընտրական գործընթացի արդյունքում հաջողվեց պաշտոնական արդյունքներով արձանագրել իրենց համար ցանկալի արդյունքը: Սակայն իրականում հանրաքվեի արդյունքներով ապացուցվեց այն հանգամանքը, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներն այլեւս Հայաստանում դառնում են օրինաչափություն. իշխանություններն իրենց կեղծարարության ողջ ռեսուրսով հանդերձ քաղաքային բնակավայրերում չեն կարողանում ցանկալի արդյունքների հասնել: Ըստ բնակավայրերի՝ հանրաքվեի արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն արդեն իսկ հայտնի է, որ, օրինակ, Գյումրիում իշխանություններն ինչպես 2013-ի նախագահական ընտրություններում ձախողվել են, պատկերը նույնն է նաեւ Վանաձորում, որտեղ ոչ-ի քվեները այո-ից գրեթե կրկնակի անգամ ավել են եղել: Կարող ենք արձանագրել, որ քաղաքային բնակավայրերի մեծամասնությունում իշխանություններին կա՛մ չի հաջողվել իրենց համար ցանկալի արդյունք գրել, կա՛մ էլ դա հնարավոր է եղել անել մեծ դժվարությամբ` հրապարակային ընտակեղծարարության ճանապարհով:
Այսինքն՝ այս անգամ եւս իշխանություններին հաջողվեց իրենց համար ցանկալի արդյունք գրել հիմնականում մարզերի գյուղական համայնքների շնորհիվ:
Ու ամենեւին էլ պատահական չէ, որ մարզերի դեպքում ընտրողների թիվը 18 տարեկան եւ ավել բնակչության թվից զգալի ավել է: Այսինքն՝ արտագաղթած, բայց դեռեւս բնակիչ համարվողների թիվը իշխանությունների համար քչություն է արել: Աղյուսակում ներկայացրել ենք մարզերի ընտրական տարիք ունեցող բնակչության պաշտոնական թիվը եւ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվն ու հանրաքվեի մասնակցության ցուցանիշը:
բնակիչ ընտրող մասնակից
Արագածոտն 103 հզ. 115 հզ. 61 հզ. 451
Արարատ 208 հզ. 218 հզ. 144 հզ. 452
Արմավիր 213 հզ. 230 հզ. 127 հզ. 701
Գեղարքունիք 182 հզ. 188 հզ. 98 հզ. 993
Լոռի 182 հզ. 238 հզ. 110 հզ. 54
Կոտայք 203 հզ. 235 հզ. 123 հզ. 44
Շիրակ 196 հզ. 230 հզ. 95 հզ. 171
Սյունիք 112 հզ. 109 հզ. 69 հզ. 786
Վայոց ձոր 41 հզ. 47 հզ. 27 հզ. 327
Տավուշ 100 հզ. 109 հզ. 52 հզ. 883
ընդ. 1 մլն 540 հ. 1 մլն 720 հ. 907 հզ. 862
Ինչպես տեսնում ենք՝ մարզերում գրված քվեարկության արդյունքների ավելի քան 618 հազարը, կամ նույն է թե՝ 68 տոկոսը գրվել է իշխանությունների «օգտին»: Սակայն առանձին գյուղերի օրինակով համոզվում ենք, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները վերահսկել է, իշխանություններին չի հաջողվել իրենց համար ցանկալի արդյունքներ գրել: Այսինքն՝ մարզերում եւս իշխանություններին հաջողվում է արդյունքների հասնել միայն այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում բացակայում է ընդդիմության վերահսկողությունը:
Ինչպես Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում խոստովանեց, Հայաստանի հասարակությունն այլեւս առաջվանը չէ, այն շատ է հասունացել: Այս հանգամանքը չի կարող չսպառնալ ներկա իշխանություններին, որոնց դեռեւս հաջողվում է իրավիճակը վերահսկել, բայց իրենք էլ են գիտակցում, որ հավերժ չեն կարողանա այդ անել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ… ԱՆՀՈՒՅՍ

1988-ի աղետից 27 տարի անց Գյումրու տնակներում ու կիսախարխուլ հանրակացարաններում բնակվող դեռ բազմաթիվ անօթեւան ընտանիքներ կան: Գյումրեցի անօթեւան հարյուրավոր ընտանիքներ այս տարվա ձմեռը եւս ստիպված են անցկացնել կիսախարխուլ թիթեղյա տնակներում:

1988 թվական, դեկտեմբերի 7, ժամը 11:41. Հայաստանի հյուսիսը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես, այդ թվում՝ 22 հազար 678 բնակարան: Մոտ 100 հազար մարդ դարձավ անօթեւան, 17 հազար գյումրեցի մահացավ՝ 4 հազար սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 19 հազար մարդ դարձավ հաշմանդամ: Սակայն երկրաշարժից 27 տարի անց Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ դեռ անօթեւան են. նրանց մեծ մասն այսօր ապրում է տնակային ավաններում, որտեղ տարրական կոմունալ-կենցաղային հարմարություններից զուրկ պայմաններում գոյատեւող հարյուրավոր ընտանիքներ կան:
Դեկտեմբերի 4-ին՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպմանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: «Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան… Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են»,- թե երբ է այդ ընթացքն ավարտվելու, երկրի ղեկավարն այդպես էլ չհստակեցրեց:
Երեկ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան արվում է՝ անօթեւան ընտանիքների հարցը հնարավորինս արագ լուծելու համար: «Ես մեկնարկել եմ «Գյումրին՝ առանց տնակների» ծրագիրը, տեսնենք, թե ով կմիանա, եւ այն ինչ կտա: Վաղը (այսօր-խմբ.) հիփոթեքային վարկերի հետ կապված «Ասիական զարգացման բանկի» հետ քննարկում է տեղի ունենալու: Եթե լավ պայմաններով տրվեն այդ վարկերը, մարդիկ կվերցնեն: Հայտնի գործարար Վարդան Սիրմաքեսը նույնպես ծրագիր է իրականացնելու, դրամահավաք ենք անցկացնելու: Փորձում ենք՝ որքան հնարավոր է մարդկանց հարցերը լուծել»,- ներկայացրեց Գյումրու քաղաքապետը:
Մինչդեռ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ Գյումրիում տնակային ավաններում եւ նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում ապրում են մոտ 2500-3700 ընտանիք: Սակայն նրանցից ընդամենը 200 ընտանիք է, որ ճանաչված է բնակարանի փոխհատուցման ենթակա. «Իսկ մյուսները պետք է գոյատեւեն… անհույս»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋԻՆԸ
Սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերը Ազատության հրապարակում երեկ անցկացրած հանրահավաքի ընթացքում հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու համար հանրաքվեի արդյունքները: «Իշխանությունը մեզանից էլ ավելի լավ գիտի իրական պատկերը, եւ գիտի, որ բացարձակապես չունի ժողովրդի վստահության որեւէ մանդատ: Ժողովուրդը չկարողացավ այս քվեարկությամբ Սերժ Սարգսյանին հեռացնել, բայց նա կարողացավ այս ռեժիմին մի լավ ապտակ հասցնել իր քվեարկությամբ»,- ասել է ոչ-ի համատեղ շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խոստացել,- սա Սերժ Սարգսյանի ռեժիմի կողմից կեղծված վերջին ընտրությունն է: Մյուս ընտրություններում, լինի դա հերթական, թե արտահերթ, մենք հաղթելու ենք»: Իրավական ճանապարհով պայքարելուց բացի` ՀԱԿ-ը անցկացնելու է հանրահավաքներ, երթեր: Մասնավորապես՝ հինգշաբթի օրը ՀԱԿ-ը պատրաստվում է երթ անցկացնել դեպի ԿԸՀ: Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները երեկ պահանջել են Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականները: «Նոր Հայաստանն» էլ հանրահավաք է հրավիրել առաջիկա ուրբաթ օրը:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։ Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել նույն օրը մեկնարկելիք ՀՀ եւ ԵՄ միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների կապակցությամբ: Նալբանդյանը կարեւորել է ԵՄ խորհրդի որոշումը, որն արտացոլում է տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության եւ արդյունավետ կառավարման ոլորտներում նրանց հանձնառությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը:

 

ԷԼԻ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ
Դեկտեմբերի 6-ին եւ լույս 7-ի գիշերը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 (140 արկ), 82 (415 արկ), 120 (67 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (20 արկ) եւ ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4300 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (63 արկ):




Լրահոս