ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԱԶԴՎԵՑԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշել էր. «Էստեղ՝ Գյումրիում, ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտես ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով,զոռբայություններով, ջարդուփշուր անելով, իրենցն են թելադրել: Բայց չի լինի այլեւս: Ավարտվեց դարաշրջանը: Զոռբայություն այլեւս Հայաստանի Հանրապետությունում  եւ Գյումրիում չի լինելու: Բոլորը նրանք, ովքեր փորձելու են անօրինականությամբ, զենքով եւ զոռբայությամբ ինքնահաստատվել, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն մարդիկ, որ զենքով եւ արյունով են լուծում խնդիրները»:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, «զոռբայության» դարաշրջանը կավարտվի՞, թե՞ ուղղակի սա զսպող անհրաժեշտ հայտարարություն է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոստիկանապետն իր մասնավոր երազանքը հռչակում է որպես պրոպագանդայի բաժնի վարիչ, որ ի՞նչ անի: Պոստֆակտում աշխատող ոստիկանությունը մեռնող ոստիկանությունն է: Ոստիկանապետը պիտի շատ մտածի, շատ աշխատի, շատ համեստ լինի ու քիչ խոսի, այդ դեպքում գուցե հասկանա, որ ոստիկանությունը պիտի ծառայի հանրությանը եւ միշտ, ոչ թե պիտի ծառայի իշխանության պահպանմանը եւ դեպքերից հետո դիակ հավաքի փողոցներից եւ զենք: Զենք-զինամթերքն ավելի վաղ պիտի հավաքեր, թողել են՝ խփեն իրար, սպանեն, հետո ճոռոմ ելույթներ են ունենում: Գյումրեցիք ու հատկապես իր թիրախ խումբը, վստահեցնում եմ, էդ տեսակ հայտարարություններից չեն ազդվում:  

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գյումրու ավագանու անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Զոռբայության դարաշրջանը կավարտվի միայն այն ժամանակ, երբ լինի օրենքի իշխանությունը: Զոռբայությունն առարկայական պատճառներ ունի, եւ այն կա ոչ միայն Գյումրիում, այլեւ տարբեր տեղերում, պարզապես ավելի նկատելի եղավ Գյումրիում: Այն ամենը, ինչին ականատես ենք, անպատժելիության մթնոլորտն է, եւ պետք է ճիշտ ախտորոշենք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ լուծումներ գտնել: Ամեն ինչ չէ, որ ոստիկանությունից է կախված: Մեր հասարակության մեջ էլ կան շատ խնդիրներ, եւ եթե կարողանանք ա՛յն փոխել, որ օրենքը հարգեն, շատ լավ կլինի: Եթե մեկ գերատեսչության ղեկավարը ցանկանում է դա մենակ անել, չեմ կարծում, որ  հնարավոր է:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ
Պատրաստեց՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս