ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԵՎ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՇԱԲԱԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթվա մարզական իրադարձությունները հիմնականում ֆուտբոլային ու շախմատային են լինելու: Կայանալու են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները, Սանկտ Պետերբուրգում շարունակվելու է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը:
Հիշեցնենք, որ Ալյոխինի հուշամրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով դժվարությամբ ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Լեւոնը պարտիայի միջնամասում մի քանի սխալ թույլ տվեց, եւ 32-րդ քայլից հետո տպավորությունն այնպիսին էր, որ նա իր երկրորդ անակնկալ պարտությունը կկրի այս մրցաշարում, բայց 37-րդ քայլին անգլիացու թույլ տված կոպիտ վրիպումը Լեւոնին հնարավորություն տվեց հավասարեցնել դիրքերը: 6-րդ տուրից հետո առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունի 4, Լեւոն Արոնյանը, Մայքլ Ադամսը, Բորիս Գելֆանդը, Լորեն Ֆրեսիենը` 3.5-ական, Վիշվանաթան Անանդը` 3, Վլադիմիր Կրամնիկը, Նիկիտա Վիտյուգովը, Դին Լիրենը՝ 2.5-ական, Պյոտր Սվիդլերը՝ 1.5 միավոր:
Իսկ ահա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում այսօր Մադրիդի «Ռեալ»-ը կընդունի Դորտմունդի «Բորուսիա»-ին, որին առաջին խաղում զիջել է 1:4 հաշվով: Ի դեպ, «Միլան»-ի հարձակվող, սկանդալներով հայտնի Մարիո Բալոտելին վստահ է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Վաղը կկայանա «Բարսելոնա»-«Բավարիա» պատասխան հանդիպումը, որտեղ կատալոնյան ակումբի հնարավորությունները նվազագույն են. առաջին խաղում զիջել է 0:4 հաշվով: Իհարկե, Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Բարսելոնա»-«Աթլետիկ» հանդիպման ժամանակ Մեսիի ցուցադրած գերազանց խաղն ու պարզապես ֆանտաստիկ գոլը հույս են ներշնչում, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Եթե դրան էլ գումարենք «Բարսելոնա»-ի 90 հազար երկրպագուներին «Կամպ Նոու» մարզադաշտում… Ի դեպ, նստելատեղերը կլինեն կատալոնական դրոշի գույներով, իսկ օրվա կարգախոսը կլինի՝ «Քայլի՛ր առաջ, «Բարսելոնա՛»:
Եվրոպայի լիգայում մայիսի 2-ին կկայանան «Չելսի»-«Բազել»,«Բենֆիկա»-«Ֆեներբահչե» կիսաեզրափակիչները: Ավելի բարձր են գնահատվում «Չելսի»-ի հնարավորությունները, քանի որ առաջին խաղում նա հաղթել է 2:1 հաշվով: Իսկ ահա «Բենֆիկա»-ն Ստամբուլում զիջել է 0:1 հաշվով:
Իհարկե, մենք շատ հեռու ենք Չեմպիոնների լիգայից, բայց, ամեն դեպքում, մեր երկրի առաջնությունը մոտենում է ավարտին: 39-րդ տուրում «Միկա»-ն 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ուլիս»-ին, իսկ «Շիրակ»-ը Գյումրիում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը: Դիլիջանի «Իմպուլս»-ը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ, իսկ «Գանձասար»-ն ու «Փյունիկ»-ը ոչ-ոքի խաղացին Կապանում՝ 1:1: Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Շիրակ»-ը 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով «Միկա»-ին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս