«ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ՍՈՎՈՐԵՑՐԻՆ ԱՅԼԱՍԵՌՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ, չունենալով երաժշտական կրթություն, չկարողանալով անգամ ոչ մի երաժշտական գործիքի վրա նվագել, ստեղծել է  բազմաթիվ հայտնի երգեր` «Հայե՛ր, միացե՛ք», «Հպա՛րտ գնացեք», «Գետաշեն» եւ այլն: Մեզ հետ զրույցում գուսանը բարձրաձայնեց երգարվեստի խնդիրների մասին եւ  իր կարծիքը հայտնեց այսօրվա արվեստագետների  վերաբերյալ:
-Որքանո՞վ է այսօր արդիական գուսանական երաժշտությունը:
-Տարվա կտրվածքով ես լինում եմ մոտավորապես 30 դպրոցներում, հանդիպում աշակերտներին, զրուցում նրանց հետ, փորձում երեխաների մեջ սերմանել հետաքրքրություն դեպի ազգային երգը: Իմ 20-25 տարվա գործունեությունը ցույց է տվել, որ ինչ տալիս ես, այն էլ ընկալում են: Իսկ գուսանական արվեստը շատ հին պատմություն ունի, 5-6 հազար տարվա Գողթան գուսաններից է գալիս, որոնք ռազմական, ազատության ու տարբեր թեմաներով երգեր են գրել: Այսօր էլ նման երգերի կարիքը կա: Օրինակ` «Գետաշեն»-ը, որը ես գրել եմ 1990թ., 23 տարի ամենաշատ կատարվող երգերից մեկն է: Կամ «Հայե՛ր, միացե՛ք»-ը, 20 տարի է՝ չի կորցնում իր արդիականությունը: Եթե լավն ես տալիս, մնում է մարդկանց հիշողության մեջ: Այս վերջին 20 տարվա սերնդին շատ փչացրին, պետականորեն սովորեցրին այլասեռություն:
-Միայն հանդիպումների միջոցո՞վ եք տարածում Ձեր երգը:
-Այս տարի արդեն 5 համերգ եմ տվել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, հանդիսատեսի կեսը երիտասարդություն է լինում: Ի՜նչ ոգեւորություն, համերգը վերջանում է, նրանք են սկսում երգել: Արդեն 7 տարի է՝ խումբ ունեմ, «Հայկազունք» է կոչվում, պրոֆեսիոնալ կատարողներ են՝ Կոնսերվատորիա ավարտած: Անցած տարի մենք համերգ ենք տվել Լիբանանում, վերջին համերգային խումբն ենք եղել Սիրիայում` Հալեպում: Անցած տարի դեկտեմբերին եղանք նաեւ Ռուսաստանի չորս խոշոր քաղաքներում: Օրեր առաջ էլ նոյեմբերին Փարիզում հանդես գալու հրավեր ստացա: Լուրջ խումբ ունեմ, բայց երբեք մեծամտություն չեմ անում, եթե հեռավոր գյուղից էլ կանչում են, նույնիսկ ծախսերն էլ չեն կարողանում տալ, միեւնույն է, մենք գնում ենք: Էլ չեմ ասում, որ տարվա ընթացքում ղարաբաղյան բոլոր զորամասերով շրջում եմ:
-Հիմա կարծես գուսանական, ժողովրդական երգերը հետին պլանում լինեն, ավելի շատ փոփ են լսում:
-Ասեմ, Հայաստանում կան երկու տեսակ մտավորականություն ու արվեստագետներ: Մի կարգը իշխանականն է, որոնք օգտվում են իշխանական տաշտից, որոնց համար բոլոր դահլիճները բաց են, համերգ կազմակերպելը ցանկացած տեղ խնդիր չէ: Իշխանական լծակները օգտագործվում են իրենց համար: Մյուս մասը, ես այդ տեսակից եմ, այն մտավորականներն ու արվեստագետներն են, որ ընդունված ու սիրված են ժողովրդի կողմից, ստեղծում են ազգային արժեք, նպաստում են գուսանական, ազգային երգի ու արվեստի պահպանմանը, բայց պետության կողմից ոչ մի հովանավորություն չեն ստանում, ընդհակառակը` ամեն տեղ դիմացներս պատ կա: Մենք ենք հարթում մեր ճանապարհը:
Ամենաբարձր մակարդակով հովանավորվում են փոփ երգիչները, իսկ մենք… Անցած տարի իմ 60-ամյակը նշելու համար նախագահին դիմել եմ, վարչապետին դիմել եմ, պաշտպանության նախարարին, մշակույթի նախարարություն դիմել եմ… բայց ի՞նչ… Եթե որեւէ մեկը գոնե մի քիչ օգներ, բայց ոչ ոք ինձ չօգնեց, փոխանակ իրենք անեին իմ 60-ամյակը… Իսկ մի համերգ կազմակերպելու համար դահլիճի վարձակալության ու այլ բաների համար հսկայական գումար է պահանջվում:
-Ի՞նչ կարծիքի եք այսօրվա շոու բիզնես կոչվածի մասին:
-Բիզնես է, սովորական բիզնես… Ո՛չ երգն է երգ, ո՛չ էլ երգել գիտեն: Ով բարձրանում է բեմ, երգ է գրում, երգիչները դարձել են երգահան, իրենց տափակ երգերով, որ թիթեռի կյանք ունեն, բիզնես են անում: Ամեն մեկի մեջքին մի օլիգարխ կա, եթե աղջիկ է` առավել եւս: Կյանք են անում, փողեր աշխատում, իսկ մենք քրտինքով մեր ճանապարհն ենք հարթում:
Այն երգիչները, որ Հայաստանում ընդունված չեն, ոչ մեկ էլ չի ուզում լսել, մեկ էլ գնում են, օրինակ, Ստամբուլում կամ Ամերիկայում համերգ տալիս: Այստեղից գնացած այդ էժանագին երգիչները փչացրին արեւմտահայության ազգային ճաշակը: Ռաբիսը գնաց, նրանց էլ փչացրեց:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս