Շուշանիկ Բախշյանի փաստաբանները փառք են տալիս Աստծուն, որ Մնացական Մարտիրոսյանը նոր օրենքը կարդաց և կիրառեց. եզրակցությունը թերի՞ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել «Շենգավիթ» ԲԿ բժիշկ Շուշանիկ Բախշյանին ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանում բժշկուհու ինքնազգացողությունը վատացել է, և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց:

Հիշեցնենք, որ բժշկուհին ձերբակալվել էր ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վստահ է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ անձ նշված չէ: Փաստաբանի փոխանցմամբ՝ հունվարի 20-ին հարցաքննվել է փորձագետ Գագիկ Հարությունյանը, ով ասել է` հնարավոր է, որ Շուշանիկ Բախշյանն էլ մեղավոր լինի. «Մերի Մարգարյանը մահացել է մի հիվանդությունից: Որ հոսպիտալացնեին, մահանալու էր, չհոսպիտալացնեին, մահանալու էր: Ինքս ավելի բանական կհամարեի, որ ձերբակալեին բոլորին, որոնք առնչվել են, Շուշանիկ Բախշյանին էլ»:

Բժշկուհու մյուս փաստաբան Կարեն Կիրակոսյանի խոսքով՝ կատարված փորձաքննությունը թերի եզրակացություն է տվել. «Եզրակացության մեջ պետք է ամբողջը նշված լիներ, որպեսզի ես կարողանայի պատասխանել Ձեր հարցերին: Կան շատ հարցեր, որոնք պատասխաններ չունեն: Ո՞վ է մեղավոր: Անմեղության կանխավարկած ասվածը ո՞րն է, բա որ պարզվեց, որ ինքը չի: Ո՞վ է Շուշանիկին տեսել դեպքի պահին, ո՞վ է նրա վրա արյուն տեսել. եթե այդ հիմքերը չկան, ո՞վ իրավունք ունի: Ընդամենը նոր սահամնադրության 27-րդ հոդվածն է կիրառվել, որ նա դատարանից ազատ արձակվեց: Աստծուն փառք, որ դատավոր Մարտիրոսյանը խելացի մարդ է, կարդաց, օրենքը կիրառեց: Մենք նախաքննության մարմին էլ ենք հասկանում: Մարդ է, միս է, արյուն է… եկե’ք գտնենք մեղավորին»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները բողոքարկելու են Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Ծննդկանի ծնողները վստահ են, որ Շուշանիկ Բախշյանի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով է Մերին մահացել: Այս հանգամանքն ապացուցվել է նաև հանձոնաժողովի վերջնական եզրակացությամբ:

Մերի Մարգարյանի մահվան փաստով նախորդ տարվա օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։




Լրահոս