ՎԱՍՏԱԿԱԾԸ ԾԱԽՍՈՒՄ Է ՀԱԳՈՒՍՏԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երիտասարդ դերասանուհի ԼԻԱ ԶԱԽԱՐՅԱՆՆ այս տարի ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը, օտար լեզուների մասնագետ է: Շարունակում է սովորել Աբել Աբելյանի դերասանական ստուդիայում: Նկարահանվել է “Ալա Բալա Նիցա” ֆիլմում, խաղացել էպիզոդիկ դերերում “Yere1” նախագծում: Մտածում է թատրոնում աշխատելու մասին:
-Ես երազում էի երգչուհի դառնալ, հաճախում էի վոկալի դասերի, երգում էի համալսարանի բոլոր միջոցառումներին: Երբ տեսա դերասանական ստուդիայի գովազդը, մայրիկս կողքից ոգեւորեց՝ գուցե փորձես, գուցե ավելի լավ ստացվի: Երբ ընդունվում էի, ինձ հարցրին՝ ինչու ես ուզում դերասանուհի դառնալ, ասացի՝ պարզապես ուզում եմ փորձ ձեռք բերել բեմում ինձ տիրապետելու համար: Սերիալում էլ պատահական հայտնվեցի. երեք փուլով մասնակցեցի քասթինգի ու ստացա Լիլիթի կերպարը:
-Չե՞ք մտածել, որ սերիալով դերասանուհու կարիերա սկսելը գուցե հետո բացասաբար ազդի, բոլորը հիշեն` այս աղջիկը սերիալից է սկսել:
-Ճիշտն ասած, չեմ մտածել դրա մասին. կա՛մ տարիքս էր փոքր, կա՛մ մտքովս չի անցել: Բայց ես սերիալներին բացասաբար չեմ վերաբերում, յուրաքանչյուր աշխատանք էլ մարդու համար է՝ լինի դա դերասանուհի, թե օտար լեզուների թարգմանիչ:
-Որոշե՞լ եք՝ որ մասնագիտությամբ եք շարունակելու:
-Երկուսն էլ ինձ հարազատ են, փորձում եմ համատեղել: Ուսումս էլ շարունակելու եմ, գնալու եմ մագիստրատուրա: Դերասանություն սիրով եմ անում, ուզում եմ իմ աշխատանքի ընթացքում փորձել բոլոր կերպարները` լինեմ հանցագործ, մուրացկան, հիվանդ, հարուստ, պաշտոնավոր:
-Ինչպիսի՞ դեր երբեք չեք խաղա:
-Բաց, շատ բաց ու բարոյական առումով բացասական կերպար: Ես ինձ չեմ պատկերացնում նման կերպարում:
-Ձեր ընտանիքն ինչպե՞ս է արձագանքում նկարահանումներին:
-Ինչպես ասացի, մայրս է տվել ինձ նկարահանվելու միտքն ու հուսադրել, որ կստացվի: Իմ ընտանիքի անդամներն իմ առաջին խիստ քննադատներն են:
-Քույր, եղբայր ունե՞ք:
-Ինձանից 7 տարով փոքր քույր ունեմ: Ինձ կրկնօրինակում է:
-“Եռաչափ սեր” սերիալում հայտնվելուց հետո սկսեցին Ձեզ տարբեր սիրավեպեր վերագրել, Դուք ի՞նչ աբսուրդ բաներ եք լսել Ձեր մասին:
-Հարսանեկան զգեստով նկարվել էի, ասացին` Լիլիթն ամուսնացել է: Իսկ երբ նկարվեցի Արթուր Հակոբյանի տեսահոլովակում, որը Եռաչափ սեր սաունդթրեքի երգիչն է, նկարներն էլ տեղադրեցինք Ֆեյսբուք-ում, սկսեցին խոսել, որ մենք սիրավեպ ունենք: 
Ձեզ ճանաչո՞ւմ են դրսում, ինչպե՞ս են արձագանքում:
-Ինձ մինչեւ հիմա ավելի շատ ճանաչում են որպես Եռաչափ սեր-ից Լիլիթ, քան “Երեք կյանք”-ի Էրիկա: Մոտենում, խոսում են կամ պարզապես ժպտում, բարի խոսքեր ասում… Կա տղաների մի տեսակ, որ արտահայտվում են: Չգիտեմ՝ որքանով կոպիտ կհնչի, բայց այնպիսի բաներ են ասում…
-Օրինա՞կ:
-Օրինակ`”վախ, լրիվ կյանքս ես”, “բայց ինչ մռութն ես”, “բայց դու տիպ ես”… այնքան տարբեր արձագանքներ են լինում: Մի մասը նայում է միայն քո հագուստին, մյուսը՝ պահվածքին: Պետք է կոռեկտ լինես, չափից ավելի չժպտաս, որովհետեւ քեզ անընդհատ նայում են:
-Ինչպե՞ս եք ծախսում Ձեր հոնորարը, բավականացնո՞ւմ է:
-Երբ առաջին սերիալում սկսեցի նկարվել ու հասկացա, թե ինչպիսին է կերպարս, ամբողջ աշխատավարձս սկսեցի ծախսել հագուստիս վրա: Ոչ մի նախորդ սերիայում հագած զգեստ չէր կրկնվում նոր սերիայում: Գումարիս 90 տոկոսը հագուստիս վրա էի ծախսում, 10 տոկոսը մազերիս: Հիմա էլ այս մյուս սերիալում չեմ կարող օգտագործել այդ բոլոր հագուստները, քանի որ դրանք արդեն երեւացել են: Ստիպված պետք է նորը գնեմ:
-Բայց մի՞թե հագուստների հարցը դերասաններն են հոգում:
-Սկզբում կար պայմանավորվածություն, որ ինչ-որ խանութ պետք է մեզ հագուստ տրամադրեր, բայց չգիտեմ՝ ինչ հանգամանքներով չեղավ: Մինչեւ հիմա էլ մենք ենք հոգում: Հիմնական ծախսս էլ պահում էի տաքսուն, որովհետեւ մենք միշտ իրերով ենք գնում նկարահանման:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք:
-Շատ եմ սիրում խոհանոցը, լավ եմ պատրաստում, սիրում եմ նաեւ ֆիլմեր դիտել: Ամեն օր՝ մինչեւ քնելս, նայում եմ ու հետո ուղարկում ,Ֆեյսբուքե, որ ընկերներս էլ նայեն: Ես ունեմ նաեւ մեկ այլ երազանք՝ շրջագայել աշխարհով մեկ: Քանի որ մեկ կյանք եմ ապրում, ուզում եմ տեսնել ամեն ինչ, ինչ ստեղծված է մարդու համար: Իսկ մինչ երազանքներս իրականացնելը, ուզում եմ ստեղծել լավ կարիերա ու երջանիկ ընտանիք: 
-Ընկեր ունե՞ք:
-Լավ ընկերներ շատ ունեմ, բայց սիրած էակ չունեմ, սիրտս ազատ է:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 548 համար




Լրահոս