Դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Ս.Հովհաննիսյանի կողմից խարդախություն կատարելու, դատապարտյալի սպանության նախապատրաստումը կազմակերպելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Հովհաննիսյանը, ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցներ տնօրինելու իրավունքներ, այդ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի` թվով երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի առուվաճառքի գործարքներ եւ խարդախությամբ հափշտակել բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:
Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների` իմանալով, որ մի անձ, վրեժխնդրության շարժառիթով դրդված, 30 000 ԱՄՆ դոլարով մտադիր է պատվիրել եղբոր սպանության համար դատապարտված եւ “Գորիս” քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջ.Սլոյանի սպանությունը, Ս.Հովհաննիսյանը համաձայնել է գտնել սպանություն կատարողին եւ միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջեւ։
Սպանությունն իրագործելու նպատակով` Ս.Հովհաննիսյանը պայմանավորվել է նախկինում երկու անգամ դատապարտված մի քաղաքացու հետ, ով համաձայնության է եկել “Դատապարտյալների հիվանդանոցում” գտնվող մեկ այլ դատապարտյալի հետ` 7.500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց Ջ.Սլոյանի սպանությունն իրականացնելու շուրջ: Նախաքննության նյութերի համաձայն` սպանությունը պետք է իրականացվեր` Ջ.Սլոյանին ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու եւ այդկերպ թունավորումն իրականացնելու միջոցով:
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Իսկ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Օպերատիվ հետախուզական մարմինների կողմից միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս