«ՊԱՌԼԱՄԵՆՏ ՄՏՆԵԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԹՈՂԵԼ ԵՆՔ ՓՈՂՈՑԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն  պետք չէ ինչ-որ փաստեր ներկայացնել, որպեսզի կարծիք ունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության մասին: ԱԺ պատգամավորն ասաց, որ Հայաստանում տիրող իրավիճակն արդեն բավարար է, որպեսզի ինքը հստակ պատկերացում կազմի, թե իրականում ով է ՀՀ վարչապետը:
-Պարո՛ն Մանուկյան, «Հետք»-ը բացահայտել է, թե ովքեր են դարձել Փայլակ Հայրապետյանի ունեզրկման պատճառը, նշվում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունը:
-Ես այդ մարդու գործունեությունը տեսնում եմ ուրիշ բնագավառում, որը շատ ակնառու է՝ գազի գնի հետ կապված, արտագաղթի հետ կապված, արտաքին պարտքի մեծացման հետ կապված: Այսինքն` ավելի լավ է ես մեղադրեմ այն հարցերում, ինչը ես հստակ գիտեմ, ու դա ապացուցելու կարիքը չկա: Հիմա էլ Դո՛ւք գումարեք այս ամենը, ես ի՞նչ կարող եմ ասել:
-Եթե հիշում եք, նման սկանդալային բացահայտում եղավ նաեւ «Նաիրիտ»-ի սնանկացման հետ կապված: Այն ժամանակ եւս նշվեց ՀՀ վարչապետի անունը, ու այդ գործն այժմ ոստիկանությունում է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Տ. Սարգսյանին առնչվող գործերը չեն բացահայտվում:
-Երբ այդ ամենը հիմնավորվի, նոր ես կարող եմ իմ կարծիքն արտահայտել, չհիմնավորվածի եւ չապացուցվածի համար ես չեմ ցանկանում կարծիք ասել, դա կլինի մի քիչ պոպուլիստական: Ինձ համար եղած փաստերը, պետական մակարդակի հանցագործություններն ավելի ակնհայտ են: Ինձ պետք չէ համոզվել` «Նաիրիտ»-ի կամ Կիպրոսի հետ կապված գործարքները ճիշտ են, թե սխալ, որպեսզի ես կարողանամ Տ. Սարգսյանի մասին կարծիք հայտնել: Իմ ունեցած տեղեկություններն ակնհայտ են. դա արտագաղթն է, ձախողված տնտեսական քաղաքականությունն է, ձախողված արտաքին քաղաքականությունն է, այսքանը ինձ համար բավարար է: Հիմա կավելանան` թող ավելանան: Ես տեսնում եմ դրա տասնապատիկն ու հարյուրապատիկը:
-Այսօր արդիական հարց է մնում գազի թանկացումը…
-Ուրեմն գնի հետ կապված մի բան նշեմ, որ հստակ իմանաք: Գինը որոշված է եւ արդեն փոխադարձ համաձայնեցված: Դա ավարտված փուլ է, եւ այն, ինչ-որ արվում է` իբր թե բանակցություններ են, իբր թե կփորձեն մեղմել, դա գնի հետ կապված չէ: Հանձնաժողովը գինն արդեն հստակ որոշել է, ընդամենը այսօր իշխանությունները փորձում են ուրիշ ձեւ մեղմել: Պայմանագիրն աշխատում է ապրիլի 1-ից: Այդ օրն է Հայաստանը ստորագրել, որ թանկ գնով պետք է գազը գնի: Բայց հիմա խնդիր է առաջացել, թե ով է վճարելու: Այսինքն՝ այժմ իրենք ռուսներին փորձում են մեղմել ապրիլից այս կողմ եղած գազի գնի եւ սուբսիդիայի համար: Երկու կողմից էլ, երկու խողովակից էլ, եթե վճարում լինի, նորից դա գալու է հասարակ քաղաքացու վրա, դա բյուջեից գնա, սուբսիդիա գնա, որ խողովակով էլ գնա, ոչ միայն գնի ավելացումն է մեզ վրա նստելու, այլեւ այս երկու ամսվա մուծումը եւ հետագայում սուբսիդիան: Այսօր գազի գնի համար վիճարկելն անցած էտապ է:
-Գազի թանկացման հետ կապված կարծես թե բունտ է հասունանում, ու ժողովուրդը պատրաստվում է փողոց դուրս գալ, Դուք ուղղորդելո՞ւ եք ժողովրդին այդ հարցում, պատրաստվո՞ւմ եք նրանց կողքին լինել:
-Ժողովուրդը պետք է որոշի, եթե ինքը ելնում է պայքարի` իր իրավունքների, իր սոցիալական խնդիրները լուծելու համար, բնականաբար մենք կողմ ենք, որ ժողովուրդն այդ խնդիրները լուծի: Առաջնորդող կլինի, մենք փողոցում ենք: Մենք փողոցից որեւէ տեղ չենք գնացել: Այսինքն՝ պառլամենտ մտնելը չի նշանակում, որ մենք թողել ենք փողոցը: Մենք փողոցում ենք 2008 թվականից եւ չենք լքելու փողոցը, մինչեւ խնդիրը չլուծենք:
-Օր օրի Հայաստանը դատարկվում է, անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է հայտարարել, թե այսպես շարունակվելու դեպքում 5 տարի հետո իրենք ռազմական որեւէ խնդիր չեն ունենա:
-Ինձ պետք չէ, որ Ալիեւը ասի, եւ ես Ալիեւի ասածին գնահատական տամ, ես տեսնում եմ, մաշկիս վրա զգում եմ, բարեկամներիս, հարազատներիս շրջանում տեսնում եմ՝ ինչ է կատարվում: Իմ ունեցած ինֆորմացիան շատ ավելի շատ է: Եվ դա շատ ավելի մտահոգող է, տագնապեցնող, քան Ալիեւի ասածը: Մեր երկիրը սպառվում է, արտագաղթի պատճառով արյունաքամ լինում: Մեր խնդիրն է կանգնեցնել այդ ահաբեր ընթացքը: Իսկ իշխանությունը չի ցանկանում ռադիկալ քայլեր անել պրոցեսը կանգնեցնելու համար, ես որ որեւէ հստակ քայլ չեմ տեսնում: Սա կարող է բերել ըմբոստացման, անվերահսկելի, անկառավարելի պայթյուն կարող է տեղի ունենալ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս