ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԱԽԱՆՁԵ՞Լ Է ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, «Ժողովուրդ»-ի խնդրանքով, անդրադառնալով հունիսի 1-ին Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին, ասաց, որ մարզպետը նախանձել է իր որդուն` Ավետիք Բուդաղյանին, եւ դա կարող էր դառնալ թշնամանքի պատճառ:

ՓՈՔՐԻԿ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻ ՎԵՐՋԸ

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին` ժամը 23:40-ին, Սուրեն Խաչատրյանի տան դիմաց հնչած կրակոցների արդյունքում սպանվեց Ավետիք Բուղադյանը, իսկ Նիկոլայ Աբրահամյանն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվեցին հիվանդանոց: Մինչ օրս հանրությանն անհայտ է, թե ինչը կարող էր դրդել քաղաքապետի նախկին թեկնածուին Ս. Խաչատրյանի հետ հաց ուտելուց հետո գնալ նրա տուն, հետո կանչել եղբորը ու «զինված հարձակում» իրագործել (այսպես հայտարարեց ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը): Անհասկանալի է, թե ինչի շուրջ են վիճաբանել Խաչատրյանն ու Ավետիք Բուղադյանը, որ այդպիսի ողբերգական ավարտ ունեցավ:
Դատելով Խաչատրյանի ագրեսիվ պահվածքից՝ պատճառները խորն են, քանի որ նա դեպքի օրը նշել էր, թե քնած է եղել, թե չէ «մի 20 հատ շարելու էի գլխին»: Բայց օրեր հետո փափկեց, հասկացավ իրավիճակը եւ ավելի խեղճացած ասաց. «Տանս վրա զինված հարձակում ա տեղի ունեցել: Որ քու տանդ վրա հարձակվեն, դու ի՞նչ կանես»: Իսկ ահա կինը միանգամայն այլ բան է պատմել: Ըստ Լորետա Բարսեղյանի՝ Սդըղնի լճում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ կայացած ճաշկերույթն անցել է նորմալ պայմաններում, որեւէ խնդիր, միջադեպ չի եղել: Հավաքույթից վերադառնալուց հետո Ս. Խաչատրյանը կնոջն ասել է, թե վաղը` հունիսի 2-ին, հյուրեր ունեն, իրենց սանիկ Ավոն (խոսքն Ավետիք Բուդաղյանի մասին է-Ք.Մ.) եւ իր կինը գալու են, իրենք էլ ամուսիններով միասին պետք է գնան եկեղեցի: Սակայն նույն Լորետան պատմում է, որ Ավետիք Բուդաղյանն այդ գիշեր գնացել եւ ցանկացել է մարզպետին տեսնել: Տիկինը չի արթնացրել: Երկրորդ անգամ Ավետիք Բուդաղյանը, 23:06-ին հետ գալով, ասել է. «Իմ եղբայրը կգա, դե զգուշացե՛ք»:
«Արտակը եկավ, կանգնեց, զենքը վերցրեց եւ լիցքավորում է, Ավետիքը, երբ տեսավ, թռավ մեքենայից, գոռաց, թե Արտա՛կ, չկրակես: Բայց նա չէր լսում, ասում է` Արտա՛կ, նայի՛ տես, դեմդ ով է, տիկին Լորետան է, մենք իրան շատ սիրում, հարգում ենք, մի՛ կրակի, մի՛ կրակի, ինքն ասում է. «Ես իրա բերանը, իրա սենցը, նենցը», ես էլ ասում եմ. «Լավ, ոչինչ, ասա՝ ինչ ուզում ես, ասա՛, մենակ գնա՛, ցավդ տանեմ, մենակ գնա՛, հետո ինչ կանես, կանես»»:
Նշենք, որ մինչ օրս լրատվամիջոցներում մշտապես քննարկվել է Ս. Խաչատրյանի եւ նրա կողմնակիցների ներկայացրած վարկածը, «Ժողովուրդ»-ը փորձեց լսել Բուդաղյաններին:

«ՆԱԽԱՆՁ ՄԱՐԶՊԵՏԸ»

Ի՞նչ է եղել Բուդաղյանների եւ Սյունիքի նախկին մարզպետի միջեւ: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ:
-Պարո՛ն Բուդաղյան, ըստ մեր տեղեկությունների՝ Ձեր որդիների եւ Ս. Խաչատրյանի միջեւ վեճն առաջացել է այն պատճառով, որ մարզպետը ցանկացել է Բուդաղյանների սուպերմարկետի, խանութների, ինչպես նաեւ Գորիսի շուկայի 50 տոկոս բաժնեմասը խլել:
-Իրա մեջ խայծ է առաջացել, որ Ավետիքին հարգում են:
-Ո՞ւմ, Սուրեն Խաչատրյանի՞:
-Հա՛, չեմ էլ ուզում անունը տալ: Ինքը միշտ սիրում է, որ միշտ միակը լինի: Մարզպետի մոտ, որ գովել են տղուս (նկատի ունի Ավետիք Բուդաղյանին-Ք.Մ.) շատ-շատ, այդտեղից նա իրեն շատ վատ  է զգացել: Բայց այս ամենը շատ վաղուց է գալիս: Ժամանակին ես նրան (նկատի ունի Ս. Խաչատրյանին-Ք.Մ.) շատ դիտողություններ եմ արել սխալ գործողությունների համար: Ես տենց բան չգիտեմ, եթե ասեմ, ես եմ տերը, էլ ո՞վ պետք է ինչ ասի: Հավելեմ, որ այդ լուրերին, ասեկոսեներին, ոչ մեկին չեմ հավատում:
-Փաստորեն, որ Ավետիք Բուդաղյանին գովել են, մարզպետը նախանձե՞լ է, եւ դա՞ է եղել վեճի, ապա կրակոցների պատճառը:
-Այո՛: Ավետիքը ԼՂՀ նախագահի եւ ներկա պատվիրակության անդամների հետ գնացել է Քաջարան, եւ այլ բան ես չգիտեմ:
-Համաձայն տեղեկությունների` 70-ից ավելի ազատամարտիկներ պատրաստվում են Ձեր որդու սպանության վրեժը լուծել:
-Այդպիսի հայտարարություն չենք արել, ու, ընդհանրապես, այդպիսի հայտարարություններ չեն լինելու: Մինչեւ քննությունը չավարտվի, ես ոչինչ չեմ ցանկանում ասել:
-Իսկ Դուք դեպքի օրը Ձեր տղային՝ Ավետիք Բուդաղյանին, տեսե՞լ եք, նա զայրացա՞ծ է եղել, եւ, առհասարակ, ի՞նչ եք նկատել նրա մոտ:
-Տեսել եմ, եկել է տուն, շատ նորմալ վիճակում է եղել, ու այն, ինչ տեսել եմ, դա եմ ասում, այլ եզրակացություն անել չեմ կարող, քանի որ դատախազությունն այս ամենով զբաղվում է, միայն մի բան կարող եմ ասել, որ նրան (Ս. Խաչատրյանին-Ք.Մ.) նախանձն է ստիպել այդ բանին գնալ: Մնացած բաներից ես տեղյակ չեմ:
-Իսկ Ձեր մյուս որդին` Արտակը, ինչպե՞ս է իմացել եղբոր վեճի մասին եւ ինչո՞ւ է գնացել մարզպետի տուն:
-Արտակը երկու շաբաթը մեկ գալիս է տուն՝ իր երեխաներին տեսնելու, ու այդ օրն էլ Երեխաների միջազգային օրն էր: Նա երեխաներին տարել էր կարուսել ու գնացել էր տուն՝ հանգստանալու: Ընդամենն այդքան բան:
-Հաշվի առնելով այն փաստը, որ Ս. Խաչատրյանի հետ գործ ունեք, կարելի՞ է կանխատեսել, որ արդար քննություն չի լինի: Այդ դեպքում ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:
-Եթե չլինի, ես կմտածեմ այդ ուղղությամբ:
-Ինչ-որ քայլեր կանե՞ք:
-Ես կմտածեմ այդ ուղղությամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս