ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ իմ բնակարանի հին վկայականը, որտեղ նշված են բոլոր օժանդակ կառույցներն իրենց չափերով: Հիմա ցանկանում եմ ձեռք բերել նոր վկայական, բայց ինձ ասում են, որ ես պետք է 25.000 դրամ վճարեմ, որպեսզի նորից չափագրում կատարեն եւ տան իմ բնակարանի նոր վկայականը: Նշեմ, որ ոչ մի փոփոխություն չեմ կատարել իմ բնակարանում: Դա ի՞նչ օրինաչափություն է, ինչո՞ւ իմ հին վկայականը չեն վերցնում եւ դրա հիման վրա տան նորը: Արդյո՞ք պարտադիր է նորից չափագրում կատարել:

Գառնիկ Աբրահամյան (Սարի թաղի 14 փ., 18 տուն)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի հետ պետք է ներկայացվի նաեւ գրանցվող հողամասի եւ շինության հատակագիծը, եթե գրանցման ներկայացվող հողամասի եւ շինության նկատմամբ 1998թ. մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել:
Նկատի ունենալով, որ ըստ Ձեր կողմից ներկայացված տվյալների՝ իրավունքների պետական գրանցմանը ներկայացվող գույքի նկատմամբ 1998թ. մարտի 1-ից հետո իրավունքների պետական գրանցում չի կատարվել, ուստի այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված հատակագծի (հատակագծերի) ներկայացման պահանջը պարտադիր է, եւ այն չներկայացնելը հիմք է իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցման համար:
Հայտնում ենք, որ նույն օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող, մինչեւ 1998թ. մարտի 1-ը ձեռք բերված եւ 1998թ. մարտի 1-ից հետո չգրանցված, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքները վերականգնված եւ 1998թ. մարտի 1-ից հետո չգրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վճարներ չեն գանձվում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ անցանկալի լինի 25.000 դրամ վճարելն ու նոր վկայական ձեռք բերելը, այդուհանդերձ, մեր ընթերցողը ստիպված է կատարել այդ վճարումը` համաձայն հաստատված կարգի:




Լրահոս