Սերժ Սարգսյանը խորհրդակցությունների շարք է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Նախագահի այսօրվա խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ես պարբերաբար արտաքին քաղաքականության հարցերով հանդիպում եմ ոլորտի պատասխանատուների հետ և բնական է, որ այդ ընթացքում առանձին հանդիպումներ եմ ունենում արտերկրում մեր դեսպանների ու միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այսօրվա մեր հանդիպման ձևաչափը փոքր-ինչ այլ է. այն դառնալու է մշտական աշխատանքային ձևաչափ և նպատակ ունի բարձրացնելու մեր դեսպանների հաշվետվողականության աստիճանը: Եվ երկրորդ, որ քիչ կարևոր չէ՝ քննարկելու դեսպանի կողմից բարձրացված հարցերը, խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելուն: Պարո՛ն Թումանյան, այսօր աշխատանքը սկսում ենք Ձեզանից, և կցանկանայի, որպեսզի Դուք հանգամանալից զեկույց ներկայացնեք բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօրվա մեր հարաբերությունների վիճակի և այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը: Կցանկանայի, որպեսզի Դուք մեզ տեղեկացնեք հետևյալ խնդիրների մասին. առաջին՝ բնական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նախկինում գործադրված պատժամիջոցները կամ խոչընդոտները վերացնելուց հետո մեծ հնարավորություններ են բացվում, և բազմաթիվ ոլորտներում նախանշվում են նոր ծրագրեր: Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին: Ակնհայտ է, որ այստեղ մենք մեր անելիքը պատկերացնում ենք, ոչ միայն պատկերացնում ենք, այլ սկսել ենք նաև շատ գործնական քայլեր: Մեր ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացրել ենք հարյուրավոր միլիոններ, որպեսզի կարողանանք մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ, և այն ճանապարհը, որ այսօր մեր տրանսպորտն անցնում է հինգուկես ժամում՝ երկու անգամ կկրճատվի: Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետև, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Երկրորդ խնդիրը, որ կցանկանայի ուշադրության արժանանար՝ մեր համագործակցությունն է էներգետիկ ոլորտում: Անշուշտ, այդ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, բայց հիմա մենք հասել ենք մի հանգրվանի, երբ կոնկրետությունը մեծ է և շատ խոստումնալից: Այստեղ ևս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես և նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով:

Հաջորդ հարցը, որ կցանկանայի Ձեր զեկույցի ուշադրության կենտրոնում լիներ՝ Հայաստանի ներդրումային հնարավորություններն են, առավել ևս, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ էլ պետք է հասկանանք՝ որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության գործարար շրջանակների ակնկալիքները, մենք հավելյալ ի՞նչ պետք է անենք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու և իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և նաև՝ ԵՄ տարածքներում իրացնելու, որովհետև մենք ունենք շատ նպաստավոր առևտրային ռեժիմներ:

Հաջորդ հանգամանքը, որ մեզ համար դարձյալ կարևոր է՝ ապրանքների և տրանսպորտի անարգել մուտքն է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ 80 միլիոնանոց մեծ հնարավորություններով վճարունակ շուկա: Դա մեզ համար կարող է լինել շատ մեծ խթան ոչ միայն Հայաստանի գործարարների, այլ նաև արևմտյան երկրների գործարարների համար: Ընդ որում` արևմտյան երկրների գործարարները, ովքեր պետք է ներդրումներ կատարեն Իրանի Իսլամական Հանրապետությունում, ունեն նաև հնարավորություններ Հայաստանը որպես հանգրվանային հարթակ դիտարկելու և իրենց գործունեությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալելու համար:

Խորհրդակցության այս ձևաչափը կարևորվում է նաև նրանով, որ մենք արդեն որոշում ենք կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով: Կարծում եմ, սա շատ կարևոր է, որպեսզի այս կառույցում այդ մարդիկ մեր Էկոնոմիկայի նախարարության զարգացման գործակալության և մնացած նախարարությունների հետ միասին կարողանան համակարգել ու մեր ջանքերն ուղղել մեկ ուղղությամբ: Իհարկե, այս գործընթացում ներգրավվելու են նաև միջպետական բոլոր հանձնաժողովները, և քննարկվելու են այն խնդիրները, որոնք վերաբերում են տնտեսական հարցերին»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Արտաշես Թումանյանը նախ շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առանցքային խնդիրներից մեկը քննարկելու հնարավորության համար և վստահեցրել, որ դեսպանությունն իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-իրանական օրակարգային կարևորագույն խնդիրներն առաջ մղելու, լուծելու ուղղությամբ: «Մեծարգո՛ Նախագահ, Ձեր հանձնարարականի համաձայն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը եղել են մշտական հսկողության տակ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ այս պահին դրանց մի մասը կատարման ընթացքում է: Ես հետագայում իմ խոսքում ավելի մանրամասն կանդրադառնամ որոշ ծրագրերի հարցադրումներին, որ կուզենայի այս ձևաչափով արծարծվեր, բայց մի քանի նախնական բան կուզենայի այս պահին ասել: Առաջինը նշեմ, որ կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը, որը մեզ համար համակարգային նշանակություն ունի ամբողջ էկոնոմիկայի, էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալի աշխատանքի համար՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումն է, որի ֆինանսավորման հարցը լուծվել է նաև Ձեր ջանքերով: Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ, և 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի: Սա մեզ համար կարևոր նորություն է:

Հաջորդ խնդիրը կապված է մեր տրանսպորտային միջանցքի հետ: Այն մեզ համար արմատական նշանակություն ունի: Երբ վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, զանգվածային լրատվության միջոցների առջև պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: Դա կարևոր հայտարարություն էր, որը նաև տեղավորվում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ:

Ուզում եմ նաև մի հարցի անդրադառնալ, որին Դուք, պարոն Նախագահ, հղում կատարեցիք, և որը Ձեր հանձնարարականների մեջ է մտնում: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք հետևյալ սկզբունքների վրա՝ մեր տարածաշրջանում երկու կարևորագույն քաղաքական իրողություններ են տեղի ունեցել, առաջին՝ Իրանի նկատմամբ վերացվել են միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, և երկրորդ, որը մեզ համար շատ կարևոր է՝ մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ անդամ: Սա մեզ համար սկզբունքային է մեր տնտեսական խնդիրները կառուցելու համար»,-զեկույցի սկզբում ասել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:




Լրահոս