ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով ԵԺԿ ԵԿ նախաձեռնած եռօրյա ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն` մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու արգելքները, ինչպիսիք են` աշխատանքային փորձի պակասը կամ բացակայությունը, գիտելիքների և հմտությունների անհամապատասխանությունը աշխատանքի շուկայի պահանջներին և այլն:

Այս և այլ խնդիրների հաղթահարման նպատակով ծրագրի ընթացքում աշխատանքային խմբերով անցկացվեցին քննարկումներ, բանավեճեր, որոնք շոշափում էին թվային սերնդի ներկայացրած մարտահրավերները, երիտասարդ կադրերի և աշխատանքի շուկայի միջև եղած խզումները, և արդյունքում մշակվեց բանաձևերի շարք, որոնք քննարկման դրվեցին ծրագրի եզրափակիչ օրը տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում:

Բանաձևերում աշխատանքի թվայնացումից զատ անդրադարձ կատարվեց FIFA-ի բարեփոխումներին, միգրացիոն ճգնաժամերին, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների բռնի հետապնդմանը, քաղաքացիական հասարակությանը և կայուն կենսաթոշակային համակարգի ստեղծմանը:

Խորհրդաժողովի ընթացքում բանաձևերի քննարկման արդյունքում կազմվեց Եվրոպայում աշխատուժի շարժունության վերաբերյալ նախագիծ, որտեղ ամփոփվեցին թվային սերնդի առջև ծառացած խնդիրների լուծման համար առաջարկված լավագույն ուղիները:




Լրահոս