ԼՈՏՈՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԱՐԻՔ ԵՆ ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա տեղեկատվական դաշտում հեռուստատեսությունը, ռադիոն, ամսագրերը, լրատվական կայքերը, ինչպես նաեւ քաղաքի խաչմերուկներում տեղադրված գովազդային վահանակները շարունակում են գովազդել վիճակախաղեր, ծխախոտ եւ ալկոհոլ՝ այսպես Հայաստանի քաղաքացիներին դրդելով խաղամոլության եւ վնասակար սովորույթների: Եւ որքան էլ ցավալի է, այս ամենի վրա պետական համարժեք վերահսկողություն չի սահմանվում, ինչի արդյունքում վիճակախաղերն այսօր դարձել են սոցիալական չարիք:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակում խիստ որոշակի ուղղվածության բիզնեսներն են զարգանում, մասնավորապես՝ շահումով խաղերը վիճակախաղերը, լոտոները, առեւտրային բանկերը, վարկային կազմակերպությունները եւ ընդերքի հաշվին զարգացող հանքարդյունաբերությունը: Այս իրավիճակի պատճառն այն է, որ պաշտոնապես խրախուսվում է խաղամոլությունը, հեռուստաեթերից անընդմեջ պրոպագանդվում է լոտոն որպես բարեկեցության հասնելու միակ եղանակ, ինչն էլ, բնականաբար, գայթակղում է աղքատության մեջ գոյատեւող եւ բարեկեցիկ ապագայի այլ հույսեր չունեցող հազարավոր քաղաքացիների:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 16-ին վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների եւ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից ներկայացված «Լոտո Սմայլիկ» վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի փոփոխությանը: Այսինքն՝ վերոնշյալ ընկերությունը շուտով նոր՝ «Լոտո Սմայլիկ» լոտոն է կազմակերպելու:
Նկատենք, որ այս ընթացքում նաեւ «Վիվարո» բուքմեյքերական ընկերություններն են ակտիվացել, որոնց կանդրառնանք մեր առաջիկա հրապարակումներում: Իսկ այս անգամ խոսենք լոտոների մասին: Օրինակ՝ «Շահող», «Փող», «Տոնական», «Ավտո լոտո», «Զառ», «Մանի» եւ այլն: Ահա այսպիսի գայթակղիչ անուններ ունեն լոտոները: Հիշեցնենք, որ տարիներ առաջ մարդկանց նույնիսկ աշխատավարձ էին խոստանում լոտոն շահելու դեպքում: Իսկ «շահողները» հեռուստաեթերից հպարտությամբ հայտարարում էին, թե իրենք ստացել են լոտոյով 6 կամ 9 ամսվա աշխատավարձ ստանալու իրավունք՝ առանց մտածելու, որ աշխատավարձը լինում է աշխատանքի դիմաց, այլ ոչ թե շահումի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ-ում գործող բոլոր տեսակի վիճակախաղերը կազմակերպվում են «Ինտեր լոտո» ՍՊԸ-ի կողմից: Իսկ թե ինչպես է ստացվում, որ այս դաշտում նախկինում գործող վիճակախաղերը մեկը մյուսի հետեւից հեռանում են, իսկ սա դեռ շարունակում է մնալ, կարելի է միայն ենթադրել: Ըստ ամենայնի, այս ընկերությունն ունի շատ լուրջ հովանավոր: «Ժողովուրդ»-ը պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Ինտեր լոտո» ընկերության հիմնադիրն է Լենդրուշ Վարդանյանը: Նրան է պատկանում նաեւ Արագածոտնի մարզում գործող «Արմենիա Վայն» գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունը: Իհարկե, այս անուն, ազգանունը հանրությանը ոչինչ չի ասում: Բայց մենք կարողացանք պարզել, որ վերոնշյալ վիճակախաղերը իրականացնող «Ինտեր լոտո»-ն կապվում է մասնավորապես ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի անվան հետ: Նշված անձանց անվան հետ է կապվում նաեւ հատուկ համբավով հայտնի «Վալեմ պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Ինտեր լոտո» ընկերության հետ, սակայն ընկերության աշխատակիցը, ով ներկայացավ Նոնա, փոխանցեց, որ ընկերության տնօրենի օգնականը կզանգահարի: Սակայն այդպես էլ մենք չստացանք «Ինտեր լոտո»-ի տնօրենի օգնականի զանգը: Փորձեցինք պարզել, թե որքանով է կապված ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի անունն այս ընկերության հետ: Հարցին ի պատասխան՝ նորանշանակ նախարարի նույնքան նորանշանակ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը փոխանցեց. «Կրթության եւ գիտության նախարարը ոչ մի առնչություն չունի այդ ընկերության եւ բիզնեսի հետ: Իսկ Վահագն Մկրտչյանը, ինչպես գիտեք, հատնի գործարար է, բայց նախարարը ոչ մի կապ չունի նրա բիզնեսների հետ»:
Այսքանից հետո դժվար չէ հասկանալ, թե ինչու է զարգանում բիզնեսի այս տեսակը: Ցավոք, մեր քաղաքացիներն էլ հեշտորեն տրվում են` իրենց կենսամակարդակի բարելավումը կապելով ոչ թե աշխատանքի, կոնկրետ քայլերի, այլ ինչ-որ թղթի կտորների` լոտոների հետ: Իսկ, առհասարակ, խաղամոլությունը մարդկանց երբեմն հասցնում է անգամ ինքնասպանության, շատերն էլ կորցնում են իրենց ունեցվածքը, անգամ տունը եւ ընկնում վարկերի տակ: Սակայն պետությունը, փոխանակ սահմանափակելու նմանօրինակ վիճակախաղերի եւ գումարի վրա այլ խաղերի գովազդումն ու տարածումը` դաշտը ազատականացրել է եւ պարարտ հող ստեղծել տարատեսակ բարձր տանիքներ ունեցող ընկերությունների բարգավաճման համար:
Մինչդեռ խաղամոլությունից ոչ միայն հասարակությունն է տուժում, այլեւ պետությունը, քանի որ ավելանում է ունեզրկված քաղաքացիների թիվը, որոնց մասին պետությունն ինքն է պարտավոր հոգ տանել: Մյուս կողմից էլ, ի դեմս խաղամոլ երիտասարդության, խեղված հոգեբանությամբ սերունդ է մեծանում, ինչն արդեն լուրջ վտանգ է մեր պետականության համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զորքերը Սիրիայում պարբերաբար ռմբակոծում են հիվանդանոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ սպանելով խաղաղ բնակիչների: Այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցով տնօրեն Տիրանա Հասանը: Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում հարվածների գլխավոր թիրախը հենց բուժհաստատություններն են եղել: «Դա ռազմավարության մի մասն է, որը մշակվել է Մոսկվայի եւ Դամասկոսի կողմից»: Սիրիացի իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ 2015թ. սեպտեմբերից, երբ Ռուսաստանը սկսեց իր ռազմական օպերացիան Սիրիայում, ռուսական եւ սիրիական ուժերի ռմբակոծությունների տակ հայտնվեցին առնվազն 27 հիվանդանոց: Իրավապաշտպանները հայտնում են նաեւ ռուսական ավիահարվածների հետեւանքով ավելի քան 1700 քաղաքացու, այդ թվում 429 երեխայի մահվան մասին:




Լրահոս