«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը» պատասխանել է, սակայն ներկայացված պարզաբանումները ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան փարատում հանրային կասկածները։
Խնդիրը վերաբերում է «Առողջապահության կազմակերպում և կառավարում» նեղ մասնագիտացման ծրագրին, որտեղ վերջին տարիներին սովորել կամ սովորում են առողջապահական համակարգի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։ Մինչդեռ հարցը հենց այն էր, թե ինչպես է հնարավոր առկա ուսուցման ձևաչափը համատեղել ամբողջ դրույքով ղեկավար աշխատանքի, հիվանդանոցների կառավարման կամ քաղաքական գործունեության հետ։
ԱԱԻ-ն իր պատասխանում հաստատում է, որ ծրագիրն իրականացվում է առկա ձևաչափով, սակայն չի պատասխանում, թե շաբաթական քանի ժամ է նախատեսված ուսումնական գործընթացը, ինչպիսի հաճախելիություն է ապահովվել, ինչպես են հաշվառվել բացակայությունները և ինչ չափով է իրականում իրականացվել առկա ուսուցումը։
Փոխարենը ինստիտուտը նշում է, որ ծրագիրը նախատեսված է արդեն գործող առողջապահական մասնագետների համար, և այդ պատճառով դասերի կազմակերպումը «հարմարեցված է» ոլորտում աշխատող անձանց զբաղվածությանը։
Հենց այս ձևակերպումն էլ, ըստ էության, հաստատում է այն, ինչի շուրջ ծագել էին կասկածները. դասապրոցեսը կազմակերպվել է ոչ թե դասական կրթական տրամաբանությամբ, այլ ծրագրի մասնակիցների աշխատանքային գրաֆիկներին համապատասխան։
ԱԱԻ-ն նաև ընդունում է, որ ծրագրում կիրառվել է առցանց ուսուցում՝ արտերկրում գտնվող դասախոսների ներգրավման նպատակով։ Ըստ պատասխանի՝ այդ դեպքերում պահպանվում են մասնակցության և միացումների տվյալները։ Սակայն ինստիտուտը չի պարզաբանում՝ առցանց դասերի ինչ մասնաբաժին է եղել ընդհանուր ծրագրում և արդյոք այդ ծավալը համապատասխանում է «առկա ուսուցման» պետական չափորոշիչներին։
Հատկանշական է, որ ԱԱԻ-ն հրաժարվել է տրամադրել վերջին հինգ տարիների շրջանավարտների կամ սովորողների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։ Միաժամանակ հայտնել է միայն, որ ծրագրի վերջին հինգ տարիների շրջանավարտների թիվը կազմել է 113, և նրանց թվում առողջապահության նախարարությանը ենթակա բուժհաստատությունների տնօրեններ չեն եղել։
Սակայն ինստիտուտը չի պատասխանել հարցման մի շարք առանցքային կետերի՝ ովքեր են եղել ծրագրի մասնակիցները, քանի տոկոս է կազմել փաստացի ֆիզիկական մասնակցությունը, ովքեր են դասավանդել երեկոյան կամ հանգստյան օրերին, վճարվե՞լ է արդյոք արտաժամյա աշխատանքի համար, և ամենակարևորը՝ ինչ մեխանիզմներով է երաշխավորվել, որ կրթությունը չի վերածվել ձևական գործընթացի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց համար հերթական որակավորման փաստաթուղթ ստանալու նպատակով։
Այլ կերպ ասած՝ ԱԱԻ-ի պատասխանը հաստատում է ծրագրի «հարմարեցված» բնույթը, սակայն շրջանցում է այն հիմնական հարցերը, որոնց պատասխանները կարող էին փարատել հանրային կասկածները կրթական գործընթացի իրական բովանդակության և հավասար պայմանների ապահովման վերաբերյալ։ Հենց այդ պատճառով հարցն առայժմ մնում է բաց՝ գործ ունե՞նք լիարժեք հետավարտական կրթության, թե՞ պաշտոն զբաղեցնող անձանց համար հատուկ կազմակերպված ուսումնական գործընթացի հետ։


























































































