Եթե մեզ հուզող հարցերը չքննարկվեն, այլ բան մեզ չի հետաքրքրում. Էդմոն Մարուքյանը՝ Լևոն Զուրաբյանի առաջարկած 4+4+4 ձևաչափի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնել էր, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությանը միասնական պահանջներ ներկայացնելու նպատակով ընդդիմության և քաղաքացիական հասարակության պլատֆորմը կարելի է ձևավորված համարել։ Նա, մասնավորապես, նշել էր «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև տասնյակ հասարակական կազմակերպություններ:

Իշխանությանը ներկայացվող պահանջները ներառում էին ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունների հրապարակումը, ուռճացված ընտրացուցակներ մաքրումը, բազմակի քվեարկության բացառման նպատակով մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմի կիրառումը, ընտրության օրը տեղամասերի ու հարող տարածքի տեսանկարահանումը, համամասնական ընտրակարգի պահպանումը՝ բացառելով տարածքներից թեկնածուների ընտրության հնարավորությունը։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում ձևաչափի վերաբերյալ:

«Մեծ հաշվով, մեզ համար կա սկզբունքային մի քանի հարց. եթե այդ մի քանի հարցերը չեն քննարկվելու և չեն լուծվելու, ապա այլ բան մեզ չի հետաքրքրում: Այդ սկզբունքային հարցերից են տարածքային ցուցակների, հետընտրական փուլում կոալիցիաների գրանցման արգելքների հարցերը: Սրանք առանցքային բաներ են, որոնք մեծ ազդեցություն են ունենալու քաղաքական համակարգի վրա: Վերջնական քննարկումների արդյունքում կպարզենք, թե միասնական առաջարկների մեջ ընդգրկված են արդյոք մեր առաջարկները: Մեզ ավելի շատ հետաքրքրում է դա, քան ինչ-որ տեխնիկական հարցեր: Իսկ ձևաչափի վերաբերյալ ես  չեմ կարող որևէ կանխատեսում անել՝ արդյոք արդյունք  կտա, թե ոչ, սակայն ամեն դեպքում մեծ հույսեր չեմ կապում»:

Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը Ընտրական օրենսգրքի շուրջ հանրային քննարկումներից բացի առաջարկել էր քաղաքական բանակցություններ անցկացնել 4+4+4 ձևաչափով՝ չորսական ներկայացուցիչներ ընդդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հասարակությունից:

Սյուզի Մուրադյան




Լրահոս