ԵԱՀԿ-ն պետք է վերստին ներգրավի ԼՂՀ-ն բանակցություններում. Ֆրանսիայի խորհրդարանականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ, սենատորներ և քաղաքական գործիչներ հանդես են եկել ֆրանսիական Le Monde հեղինակավոր պարբերականի էջերում Լեռնային ղարաբաղի հակամարտության հարցով համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

«Արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասը կրկին կրակի մեջ է։ Իլհամ Ալիևի կրնկի տակ գտնվող Ադրբեջանը, խրախուսվելով միջազգային անտարբերությունից, փորձեց ուժով ետ վերցնել իր նախկին գաղութը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Երկու կողմերի համար մահաբեր այս հարձակումը ժամանակավորապես ավարտվեց խախուտ հրադադարով։ Այնժամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հրատապ ժողովեց հակամարտող կողմերին, պետք է փաստել, որ այդ հարձակումը ոչնչին և ոչ ոքին օգուտ չբերեց, քանի որ ուժային հարաբերակցությունը և ճակատային գիծը մնում են անփոփոխ։

Փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությունը ևս մեկ անգամ կյանքի գնով վճարեց բռնակալ Բաքվի ռևանշիստական նկրտումների համար․ միտումնավոր ռմբակոծությունների թիրախ հանդիսացող քաղաքներ, իրենց դպրոցի բակում սպանված երեխաները, խոշտանգված, այնուհետև հենց այդ նպատակով այնտեղ ներխուժած հատուկ ջոկատայինների կողմից դաժանաբար սպանված քաղաքացիներ:

Այդ ամենի հետ մեկտեղ, այս նոր հարձակումից պետք է նաև դասեր քաղել: Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներին խնդրել ներգրավվել մի վարչակարգի կազմում, որը միայն իրենց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում: Ղարաբաղի ժողովրդի համար անկախությունն ու Հանրապետության հիմնումը երբեք չեն եղել նպատակ, այլ եղել են միջոց. մի միջոց, որը թույլ կտա ապրել խաղաղ և ապահով՝ կառուցելով ժողովրդավարական այնպիսի մի պետություն, որը հարգում է իր քաղաքացիներին, բաց է դեպի աշխարհն ու շարժվում է դեպի ապագա:

Ադրբեջանն իբրև երկիր հարուստ է, սակայն ադրբեջանցիներն աղքատ են: Իրականում նրանք միայն ֆիզիկապես երկրի տարածքն են բնակեցնում, թեև օրինական իրավունք ունեն օգտվելու նավթային հարստությունից, որը զավթել է իշխանության գլուխ կանգնած ընտանիքը: «Շվեյցարական արտահոսք» և «Պանամական փաստաթղթեր» ցուցակներում պարբերաբար մեջբերվող Ալիևի հանցավոր կլանի համար Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է՝ սեփական ժողովրդին աղքատացնող՝ իր նյութական և բարոյական աղավաղումներից հայրենակից ների ուշադրությունը շեղելու համար։

Միջազգային հանրությունը, լիովին քաջատեղյակ այս ամենի մասին, պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա: Մենք առաջարկում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա բանակցությունները զարգացնի նկատի առնելով հետևյալ հիմքերը, որոնք անպատճառ ավելի արդյունավետություն կմտցնեն այդ գործում.

Ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ավելի քան քսան տարի ապացուցել է իր կենսունակությունն ու հնարավորությունները, պետք է ճանաչվի, որպեսզի Բաքուն չշարունակի օգտագործել ճանաչման բացակայության այդ պատրվակը՝ խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով։

Այնուհետև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերգտնի իր տեղը բանակցային սեղանին. 21-րդ դարում քննարկել մի ժողովրդի ճակատագիրը և նրան վերաբերող գործերը նրա իսկ բացակայության պայմաններում, մեղմ ասած, անբովանդակ գործընթաց է: Ավելին, պատասխանատվության ոգին և հաշտության ցանկությունը, որոնք 1994 թվականին զինադադար ստորագրած Լեռնային Ղարաբաղին մղեցին համաձայնել Հայաստանի կողմից ներկայացված լինելուն, ակներևաբար չհանդարտեցրին Ադրբեջանին։ Այնպես որ, վերադառնանք ուղիղ երկխոսությանը, քանի որ ա յս տարվա ապրիլին 5-ին միմիայն Բաքվի և Ստեփանակերտի միջև կնքված զինադադարը ցույց տվեց, որ դա հնարավոր է։

Ի վերջո, կողմերին հարկավոր է պարտադրել հրադադարի վերահսկողության արդյունավետ միջոցներ․ միջոցներ, որոնք արդեն ընդունվել են Երևանի և Ստեփանակերտի կողմից, և որոնցից միայն Բաքուն է համառորեն հրաժարվում: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած լուրջ իրադարձությունները, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին անցկացնել հետաքննություն՝ փաստերը և պատասխանատվությունները սահմանելու համար։ Այդժամ հնարավոր կդառնա քաղաքական և իրավական պատժամիջոցների կիրառումը պատերազմ հրահրողների դեմ, ինչպես պատահեց աշխարհի շատ ու շատ տարածաշրջանային հակամարտությունների դեպքում»։




Լրահոս