Թեհրանահայությունն իր բողոքի ձայնն է միախառնել ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում և շջապատում ապրիլ 24-­ին կազմակերպվել էր բազմահազարանոց համահավաք, ուր թեհրանահայությունը եկել էր իր բողոքի ձայնը միախառնելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Ջավախքի ու արևմտահայության և ողջ աշխարհով մեկ սփռված հայության ձայնին: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթից։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ապրիլի 23-­ի երեկոյան, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:

Ծրագիրն սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև՝ սրտներում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ»:




Լրահոս