Հայաստանը կարող է և պետք է ստեղծի սպառազինության նոր տեխնոլոգիաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի արդյունքում ակնհայտ դարձավ, որ մեր երկրի ՏՏ ոլորտի ողջ ներուժը պետք է դրվի սպառազինության ժամանակակից համակարգեր ստեղծելու համար: ՀՀ ՊՆ-ն այս ուղղությամբ արդեն գործնական քայլեր է կատարել, եւ կարելի է ասել, որ ներքին ռեսուրսների հաշվին սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկության կամ ձեռնարկությունների հիմնադրման մեկնարկը տրված է:

Ինչու նախկինում չեն արել

Շատերի մոտ կարող է հարց ծագել՝ իսկ ինչու ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես ՊՆ-ն նման ձեռնարկության ստեղծման գործընթացը, ասենք, հինգ կամ տասը տարի առաջ չի կազմակերպել: Սպառազինության ժամանակակից համակարգեր արտադրող ձեռնարկություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մասնագետների մեծ բանակ եւ խոշոր գումարներ: Հայաստանն ունի ՏՏ ոլորտի մեծաթիվ մասնագետներ, եւ տարեցտարի նրանք շատանում են: Սա հայերիս առավելությունն է, որը մինչ այս նպաստել է միայն արտերկրում կայացած հայերի թիվը, կամ այլ կերպ ասած՝ կայացած սփյուռքահայերի բանակն ավելացնելուն:

Իհարկե, անցած տարիներին Հայաստանում ստեղծվել եւ կայացել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ, սակայն նրանց մեծ մասը ստեղծվել է ՏՏ ոլորտում գործող խոշոր ընկերությունների հետ համագործակցելով: Նման ընկերությունները, չնայած իրենց ծագումով հայկական են, բայց պարտավորված են գործել իրենց «ֆինանսավորող» խոշոր ընկերությունների առաջադրած խաղի կանոններով: Շատ քչերը գիտեն, որ ՏՏ ոլորտի խոշոր` տրանսնացիոնալ ընկերությունները, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ նոր գաղափարներ գտնելու համար, արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններում մեկ սկզբունք ունեն, որը խստագույնս պահպանում են. այն է` իրենց հետ համագործակցության պայմանագիր կնքած ընկերությունները կամ մասնագետները իրավունք չունեն մասնակցել ռազմական նշանակության ծրագրերի իրագործմանը: Այլ կերպ ասած, եթե հայկական ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքում ՏՏ ոլորտի որեւէ միջազգային խոշոր ընկերության հետ, ապա այլեւս իրավունք չունի ռազմական նշանակության պատվերներ վերցնել` նույնիսկ իր հայրենի երկրի կառավարությունից: Հակառակ դեպքում նա կարող է զրկվել միջազգային խոշոր ընկերության հետ համագործակցելու հնարավորությունից:

Այսինքն՝ սպառազինության ժամանակակից համակարգեր արտադրող հայկական ձեռնարկությունը կարող է գործել միայն այն դեպքում, եթե լինի ինքնաբավ` առանց արտաքին աշխարհից կախվածության: Դա ենթադրում է, որ նման ձեռնարկությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ֆինանսավորմամբ, որը նրա առջեւ դրված խնդիրներով պայմանավորված` կարող է միլիոնավոր դոլարներից մինչեւ տասնյակ միլիոնների հասնել: Ավելին՝ տվյալ դեպքում խոսքը երկարաժամկետ ներդրումների մասին է:

Առանձին անհատները կամ ընկերությունները սպառազինության ժամանակակից համակարգեր ստեղծելու նպատակով երբեք չեն կարող ինքնուրույն գումարներ ճարել, քանի որ այդպիսի միջոցներ տնօրինում են միայն միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք երբեք նման ծրագրերի համար մասնավոր ձեռնարկություններին չեն ֆինանսավորում: Այսինքն՝ խնդրի լուծման միակ տարբերակը եղել եւ մնում է այն, որ Հայաստանում նման ձեռնարկությունները կարող են ստեղծվել միայն պետական ֆինանսավորմամբ: Սակայն ոլորտի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդտեղից «ատկատները» գրեթե անհնար են, քանի որ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ հակառակ կողմերում կանգնած մասնագետները հաստատ չեն համաձայնի, որ այս կամ այն կոռումպացված նախարարը կամ գեներալը իրենց հաշվին հարստանա: Հենց այս հանգամանքն է եղել պատճառը, որ ՀՀ ՊՆ-ի պատասխանատուները ժամանակին` պատճառաբանելով, որ նման ծրագրերի համար անհրաժեշտ միլիոնավոր դոլարները չունենք, ՏՏ ոլորտի մասնագետների բոլոր տեսակի առաջարկություններն անարձագանք են թողել: Սակայն քառօրյա պատերազմը ստիպեց, որ այս խնդիրը դառնա հանրային պահանջ, եւ ՀՀ պաշտոնյաները այլեւս պարտադրված են դրան ընթացք տալ:

Հայաստանի տնտեսությունը զարգացնելու բացառիկ հնարավորություն

Սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկությունների գոյությունը Հայաստանի համար կարեւոր է ոչ միայն երկրի ռազմական պաշտպանության եւ հարձակողական ներուժն ավելացնելու, այլեւ ողջ տնտեսության զարգացման համար ծրագրային եւ կոնկրետ հեռանկար ստեղծելու տեսանկյունից: Ակնհայտ է, որ եթե մեր մասնագետներին հաջողվի ՀՀ ՊՆ-ի կողմից առաջադրված խնդիրները լուծել, ապա դրանից հետո Հայաստանը պարզապես կարող է սկսել զբաղվել սպառազինության ժամանակակից համակարգերի վաճառքով: Սպառազինության ժամանակակից համակարգերի արտադրությունը Հայաստանի պարագայում այնքան մեծ պոտենցիալ ունի, որ դրա կարեւորությունը հնարավոր չէ գերագնահատել:

Այն պարզապես կարող է Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը դառնալ: Ի դեպ, ժամանակին ՀՀ իշխանությունները, մասնավորապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, փորձեր արել է Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների ներուժը տնտեսությունում առանձին ճյուղի վերածելու ուղղությամբ: Սակայն այդ փորձերը նշանակալի արդյունք չեն տվել, քանի որ ամենակարեւոր հարցի պատասխանը չէր գտնվում. ինչ կարող են անել մեր մասնագետներն իրենց ուժերով, որպեսզի ոլորտում գործող միջազգային խոշոր ընկերությունները չկարողանան նրանց ճզմել: Իսկ այժմ այս հարցը ունի շատ կոնկրետ պատասխան: Նմուշները ստեղծելուց եւ թշնամու հանդեպ դրանք գործնականում փորձարկելուց հետո Հայաստանը կարող է սկսել դրանց արտադրությունը եւ վաճառքը: Ի դեպ, Իսրայելի ռազմական արդյունաբերությունը հենց այդ ճանապարհով է զարգացել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս