Թող իշխանությունները կանգնեն ժողովրդի կողքին. եթե չեն անում, թող թողնեն սիրուն, գեղեցիկ ձևով գնան. Գագիկ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմի կորցրած տարածքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարություն է որդեգրել, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր: Մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք:

-Մենք գտնվում ենք պատերազմի մեջ եւ միշտ գտնվել ենք, եւ դա անընդհատ սկսելու է, քանի մենք շրջափակված ենք թուրքերով: Մենք պետք է միասնական կանգնենք ու միանգամից մեր խնդիրները լուծենք: Պետք է իրենց ստիպենք, որ գնան խաղաղության, թե չէ մուրալով խաղաղություն չենք տեսնելու: Հիմա ոչ թե պետք է մտածենք միայն պաշտպանության մասին, այլ պլանավորենք նաեւ հարձակման տարբերակներ:

-Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները: Տեղյակ եք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը:

-Ոչ ոք չի կարող ասել: Նախագահն ասաց, որ 800 հեկտար հող ենք տվել: Երկու ուղղությամբ եկել են առաջ, մնացած ուղղություններով ոչ մի խախտում սահմանին չկա:

-Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները կարո՞ղ են տեսանելի առաջիկայում որեւէ առարկայական արդյունք տալ:

-Այսքան ժամանակ մենք պետք է համոզված լինեինք, որ թուրքը մեզ խաբելու է: Մենք մեր հույսը չպետք է դնենք այդ բանակցությունների վրա, որովհետեւ մենք խաբվելու ենք: Մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, մեր տեխնիկան թարմացնենք, արդի զենքերով զինվենք: Պետք է ուժի դիրքերից խոսենք: Երբեք խնդրողին ոչ ոք նվեր չի տվել, չի զիջել ոչ մի բան:

-Պարո՛ն Մելքոնյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշում են, որ հետաքննության մեխանիզմներ պիտի ներդրվեն, խախտումները արձանագրող սարքեր պիտի տեղադրվեն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Տեղյա՞կ եք՝ ովքե՞ր պետք է տեղադրեն, սահմանի ո՞ր հատվածում եւ ե՞րբ:

-Բավականին ուշ է, դրա դրած-չդրածն էլ, իմ կարծիքով, ոչ մի բան չի տալիս: Ադրբեջանը հարձակվեց, բայց ոչ մի տեղ չարձանագրվեց դա: Միշտ Եվրոպան դնում է հավասարության նշան, կապ չունի՝ սկզբից ով է կրակել: Այդ ո՞վ է դատավորը, որ պետք է գա, դնի, ասի՝ գիտես ինչ, դու կրակել ես, թե չես կրակել: Այդ մարդիկ հիմա էլ են կրակում, միշտ էլ կրակելու են: Հույս չունենանք,որ Մինսկի խմբի համանախագահները մեզ համար մի բան են անելու: Մեր իշխանությունները հիմա պետք է դառնան դեպի ժողովուրդը, որովհետեւ այս երկիրը ժողովուրդն է պահելու, բոլոր պատերազմներում ժողովուրդն է կռվել:

-Օրեր առաջ Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերը կամ պատժամիջոցների ենթարկվի», ասել է նա:

-Այդ հայտարարությունը համարում եմ, որ ձեռ առնել էր մեզ: Հա՛մ հարձակվեց, հա՛մ 800 հեկտար վերցրեց, հա՛մ էլ սուտ է խոսում: Դրանք թուրք են, մենք դարերով գիտենք՝ թուրքն ով է` նենգ, ստոր, քնած տեղը մարդ սպանող, կռվի ժամանակ գլուխ կտրող, մարմիններ խեղող: Հիմա կանգնենք, Ալիեւին լսե՞նք:

-Այժմ «Ազատամարտիկների դաշինք»-ը ինչպիսի՞ գործունեություն է ծավալում:

-Այժմ «Ազատամարտիկների դաշինքի» առաջին խնդիրը երկրի սահմաններն են: Չգիտեմ՝ ով հետ գալուց հետո գնացել է հանգստանալու, բայց մենք պատրաստվում ենք պատերազմի ու համոզված ենք, որ այս պատերազմը չի ավարտվել: Մեր խնդիրը Ղարաբաղն է, Ղարաբաղի 800 հեկտարն է:

-Խոսակցություններ կան, որ հնարավոր է՝ Դուք միանաք ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Ճի՞շտ են այդ լուրերը:

-Մենք այժմ քաղաքականության մեջ չենք մտնելու: Հիմա քաղաքական դաշտը այնքան պղտորված է, խառն է, որ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են ուզում: Մեր խնդիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին հաղթանակներն են: Կգա մի օր, որ այս ամեն ինչը կհանդարտվի, նոր այդ ժամանակ կերեւա: Կարող է՝ այս իշխանությունները, եսիմ, ինչ-որ մի բան ուզում են անել: Եթե անում են, փա՛ռք իրենց: Կանգնեն ժողովրդի կողքը, երկիրը այս վիճակից հանեն: Եթե չեն անում, թող թողնեն սիրուն, գեղեցիկ ձեւով գնան:

-Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան: Դուք հանդիպե՞լ եք նրան, ի՞նչ եք խոսել:

-Բաբայանը իմ մարտական ընկերն է, մեր հերոս հրամանատարներից է, վերադարձել է Մոսկվայից, Երեւանում է: Դեռ չենք հանդիպել, բայց, իհարկե, կհանդիպենք: Ես համոզված եմ, որ Սամվելն էլ այդ նպատակով է եկել, որպեսզի կարողանանք ինչ-որ բան կազմակերպենք, անենք:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս