Ինչու փոխվեց Սահմանադրությունը, եթե թեկուզ ընտրական կոռուպցիայի գործերով դատավարությունները շարունակում են ձևական բնույթ կրել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության ոլորտի 25 տարվա բարեփոխումների վերաբերյալ համաժողովի ընթացքում երեկ բավականին կոշտ ելույթով է հանդես եկել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Անդրադառնալով մեր երկրում արդարության պակասին՝ Սվիտալսկին ընդգծել է, որ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների նպատակով միայն վերջին 10 տարիների ընթացքում Եվրամիությունը հատկացրել է 45 միլիոն եվրո. «Դուք չեք կարող ունենալ արդյունավետ ժողովրդավարություն, եթե մարդիկ, ովքեր պատասխանատու են ընտրությունների կեղծման համար, պատասխանատվության չեն ենթարկվում:

Դուք չեք կարող ունենալ օրենքի գերակայության գործուն համակարգ, եթե դատարանները չեն կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե երկրի որոշ քաղաքացիներ իրենց ավելի հավասար են զգում, քան մյուսները»,- ասել է Սվիտալսկին՝ այդպիսով, ըստ էության, արձանագրելով, որ Եվրամիության հատկացրած միլիոնավոր եվրոները նպատակին չեն ծառայել:

Հիշեցնենք, որ վերջերս էլ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարին՝ Սվիտալսկին նշել էր, որ ԵՄ-ն այդ նպատակով հատկացրած ունի 15 մլ եվրո, որը, սակայն, կբաշխվի միայն հստակ, տեսանելի արդյունքների առկայության դեպքում: Ասել է, թե Եվրամիությունը, դեսպան Սվիտալսկիի շուրթերով, իր թերահավատությունն է հայտնում վարչապետ Հ. Աբրահամյանի նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է կոնկրետ արդարադատության համակարգում առկա խնդիրներին, ապա Սվիտալսկու արձանագրած իրողությունները ՀՀ որեւէ քաղաքացու համար նորություն չեն, եւ այնպես չէ, որ մեր պաշտոնյաները՝ երկրի նախագահից սկսած, ժխտում են, որ ՀՀ-ում ապահովված չէ քաղաքացու արդար դատաքննության իրավունքը: Այս առումով բավական է հիշել հենց նույն Սերժ Սարգսյանի՝ անցած նոյեմբերին արած հայտնի հայտարարությունը. իրեն մոտեցած քաղաքացու բողոքին, թե ՀՀ-ում դատարանները չեն գործում, Սարգսյանը միանգամայն անվրդով տոնով պատասխանել էր՝ շատ հնարավոր է: Սարգսյանն, իհարկե, հավելել էր, թե հենց դրա համար էլ փոխում են Սահմանադրությունը, որ այդուհետ դատավորներն առավել անկախ լինեն: Մի բան, որը մենք չենք տեսնում նաեւ այս նոր Սահմանադրության ընդունումից հետո՝ հենց թեկուզ ընտրական կոռուպցիայի գործերով դատավարությունների ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարած մոնոպոլիաների դեմ պայքարին, ապա Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանի երեկվա հայտարարությունը՝ շաքարի ներկրման մենաշնորհն օրենքով ամրագրելու հնարավորության մասին, ավելորդ անգամ եկավ ապացուցելու, որ ՀՀ-ում ոչ թե ընթանում է կոռուպցիայի կամ մոնոպոլիայի դեմ պայքար, ոչ թե իրականացվում է արդարադատության համակարգի բարեփոխում, այլ առավելագույնը փնտրվում են եղանակներ՝ առկա ապօրինի երեւույթներին օրինական ձեւակերպումներ տալու ուղղությամբ:




Լրահոս