Զինծառայողներից մեկը սպանվել է, մյուսը` հանկարծամահ եղել. որն է եղել ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Սուրեն Մոսիյանը հանկարծամահ էր եղել:

Տեղեկացանք, որ մահացած զինվորը Բաքվից փախստականների ընտանիքից էր: Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, վերջինս ընտանիքի կրտսեր երեխան էր: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մահացած զինվորը մինչ բանակ զորակոչվելը մեջքի ծռվածության հետ կապված վիրահատության է ենթարկվել, որից որոշ ժամանակ անց, ըստ ամենայնի, ՊՆ համապատասխան բուժզննում անցնելուց հետո տրվել է եզրակացություն, որ զինվորը կազմ-պատրաստ է ծառայության: Սակայն ինչպես պարզվեց՝ զինվորը հանկարծամահ է եղել: Ըստ նախնական վարկածի՝ սրտի կաթված է ստացել` ինֆարկտ, իսկ թե ինչ կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո, ցույց կտա ժամանակը:

Ի դեպ, մայիսի ընթացքում արդեն երրորդ ժամկետային զինծառայողի մահվան դեպքն է գրանցվել: 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ թե ինչն է եղել զինվորի մահվան պատճառը, դեպքից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեն չի հրապարակում: Ասել է, թե զինվորի մահվան հետ կապված մութ կետեր կան:

Այս դեպքի հաջորդ օրն էլ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողներ Հ. Գեւորգյանի եւ Գ. Կոսոբոգլյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության, ապա ծեծկռտուքի արդյունքում Կոսոբոգլյանը սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գեւորգյանի կրծքավանդակի հատվածին, ինչի հետեւանքով նա մահացել է: Վիճաբանության պատճառն էլ, ինչպես պարզվեց, միմյանց գումարտակների մասին արված անհարիր արտահայտություններն են եղել: Ահա, այսպիսի տխուր եւ մտահոգիչ պատկեր՝ պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի զինված ուժերում:

Նշենք, որ այս մահացության դեպքերը հակառակորդի կրակոցների հետ կապ չունեն:

Քնար Մանուկյան




Լրահոս