ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐԵՑ «ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻՆ»՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որում իրենց դժգոհությունն էին հայտնում կապված արդեն ուժի մեջ մտած նոր ընտրական օրենսգրքի հետ` նշելով, որ իշխանությունները փորձում են նվազագույնի հասցնել ընտրական գործընթացի արդյունավետ դիտարկման ու ընտրակեղծարարության բացահայտման հնարավորությունները:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, ըստ Ձեզ՝ հանրային վերահսկողությունը ընտրությունների ընթացքի նկատմամբ այնքան ազդեցիկ էր դարձել, որ կարիք կար՝ իշխանությունը հատուկ օրենսդրական միջոցներ ձեռնարկեր այն թուլացնելու համա՞ր:
-Փաստերով խոսենք: Ընտրությունից ընտրություն Հայաստանում ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնողների ե՛ւ քանակը, ե՛ւ որակական կարողությունները զարգացել են: Եթե 1990-91թթ, 1995-96թթ ընտրությունների գործընթացի հսկողություն իրականացվում էր միայն մրցակից կամ ընդդիմադիր կուսակցությունների եւ թեկնածուների վստահված անձերի միջոցով, ապա սկսած 1998-99թթ զարգացավ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը: Ոչ միայն ավելի մեծ թվով ՀԿ-ներ սկսեցին դիտարկել ընտրությունները, այլեւ զարգացան դիտարկման գործիքները, ընտրական խախտումների բացահայտման, կանխարգելման, բողոքարկման լուրջ փորձ կուտակվեց: Իհարկե, մի որոշ ժամանակ փորձ արվեց, այսպես կոչված, կեղծ կամ ձեւական քաղաքացիական ինստիտուտների միջոցով աղճատել իրական քաղաքացիական հսկողության արդյունքները, որոնք անհարմարություններ էին ստեղծում գործող իշխանությունների համար, այնուամենայնիվ, նրանք էլ չունեցան այն ազդեցությունը, որով կարողանային ստվերել իրական բովանդակային քաղաքացիական վերահսկողությունը: Վերջապես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները նաեւ կարողացան իրենց զեկույցները, գնահատականները պատշաճ ներկայացնել նաեւ միջազգային կազմակերպություններին, որոնք առաջնահերթ դեր ունեն մեզ նման ժողովրդավարության կայացման փուլում գտնվող երկրներում ընտրական ինստիտուտի բարելավմանը, զարգացմանը աջակցելու հարցերում: Հիշեցնեմ, որ այդ նույն ժամանակաընթացքում չէր դադարում քաղաքացիական վերահսկողություն եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին վարկաբեկելու գործընթացը. նրանց անվանում էին «աղբը տնից հանողներ», «ազգային շահերին դեմ գնացողներ», ընդհուպ մինչեւ իսկ «ազգի դավաճաններ», «գունավոր հեղափոխություն իրականացնողներ», «գրանտակերներ» եւ այլն: Իհարկե, հիմա էլ նման գնահատականներ հնչեցվում են, սակայն դրանք եւս էական ազդեցություն չունեցան, քանի որ հենց գործող իշխանություններն են այդ գնահատականները ստացողներին վերջին ընտրական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում հրավիրել մասնակցել: Անհրաժեշտ եմ համարում նաեւ նշել, որ բոլոր նախորդ ընտրական օրենսգրքերում առկա էին դիտորդական առաքելության իրականացման համար բավական լուրջ իրավական հնարավորություններ: Ի վերջո, ամփոփենք, քաղաքացիական վերահսկողությունը ընտրությունների նկատմամբ կամ դիտորդական առաքելությունը այլեւս կայացած է Հայաստանի Հանրապետությունում, եւ թվում էր, թե պետք էր միայն ողջունել այդ փաստը, որպես հենց ընտրական ինստիտուտի զարգացման, բարելավման, կատարելագործման կարեւոր հնարավորություններից մեկը:
-Ձեր եւ մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակված հայտարարությունը իշխանությունների առջեւ պահանջ է դնում ընտրությունների վերահսկողությունը թուլացնող դրույթները փոխել: Արդյո՞ք Դուք հավատում եք, որ իշխանությունները Ձեր պահանջներին տեղի կտան:
-Նախ պատահական չենք համարում, որ նոր ԸՕ-ում իշխանության հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում էր հենց դիտորդական առաքելության իրականացման իրավական հնարավորությունների սահմանափակումը, որը եւ տեսանք նախագծում: Թե ինչու, արդեն հասկանալի է՝ օրենսդրորեն սահմանափակել ընտրական գործընթացների եւ քվեարկության արդյունքների կեղծման արձանագրման, փաստագրման, կանխման եւ բողոքարկման ուղղություններով դիտորդական առաքելության իրականացման հնարավորությունները: Կարելի է մտածել, թե ընտրությունների նկատմամբ ուժեղ վերահսկողությունը քաղաքական կուսակցությունների, թեկնածուների վստահված անձանց միջոցով բավարար է ընտրական գործընթացների խախտումների եւ քվեարկության արդյունքների կեղծման կանխման համար, սակայն պետք է հիշել, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցությունները, որպես կանոն, շատ հեշտությամբ գործարքի են գնացել գործող իշխանության հետ՝ երկրորդ պլան մղելով ընտրական կեղծիքների դեմ պայքարի խնդիրը մինչեւ հաջորդ ընտրություններ: Նման ռիսկերից եւ, այսպես կոչված, «գայթակղություններից» հեռու են քաղաքացիական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները, իհարկե, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց առաքելությունը ոչ թե ընտրական խախտումների կանխումն է, քվեարկության գործընթացի եւ արդյունքների կեղծումը թույլ չտալը, այլ այս կամ այն քաղաքական կուսակցության կամ թեկնածուի շահերի սպասակումը: Հավատալու կամ չհավատալու խնդիրը չի կարեւոր, այլ միմիայն որոշում կայացնողների քաղաքական պատասխանատվության արձանագրման մասին է խոսքը:
-Եթե իշխանությունները որեւէ զիջման չգնան, ու պահպանվի ԸՕ-ի՝ արդեն իսկ հաստատված տարբերակը, բացառո՞ւմ եք, որ նոր ԸՕ-ում առկա գործիքակազմով կարելի է արդյունավետ վերահսկել ընտրությունների ընթացքը:
-Չեմ բացառում, միեւնույն է, նշեցի, դիտորդական առաքելությունն ունի պատշաճ կարողություն ընտրական գործընթացների դիտարկման, խախտումների արձանագրման եւ իրավական բողոքարկման համար: Խոսքը վերաբերում է արդյունավետությանը, հերթական բնագավառում փոխանակ ավելի հեշտացնելու խնդիրների լուծման հնարավարությունները, իշխանությունները գնում են խնդիրների լուծումներն ավելի դժվարացնելու ուղղությամբ: Այս դեպքում է տեղին հիշեցնելը, որ աղքատությունը անխելքության ուղղակի հետեւանք է: Իհարկե, դա դեռ չի նշանակում, թե հարստությունը խելքի մասին է վկայում, հատկապես Հայաստանում, բայց մենք խոսում ենք պետության, ոչ թե քաջնազարականության մասին:
Տեսնենք, թե իշխանությունները որ ճանապարհը կընտրեն: Մենք հստակ պատկերացնում ենք մեր անելիքները նույնիսկ դժվար իրավիճակներում:

 

 

 
ԲԱԴԵՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԵՐԵՎԱՑԵԼ ԵՎ ՉԻ ԵՐԵՎԱ

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան:

Նշենք, որ Բադեյանը պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով` Գեղարքունիքի մարզի մի մասը ընդգրկող թիվ 22 ընտրատարածքից: Այստեղ ուշագրավն այն է, որ ըստ ընտրական նոր օրենսգրքի 144 հոդվածի 11-րդ կետի՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր: Այսինքն` ԿԸՀ արձանագրություն ուղարկելու անհրաժեշտությունը տվյալ դեպքում բացակայում է, ինչը համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատի թափուր մնալու դեպքում պարտադիր է:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` պարզելու համար՝ արդյոք մարզում պատգամավորի բացակայությունը խնդիրներ չի առաջացնի:
«Դուք իրավացի եք: Նոր օրենսգրքի ընդունումից հետո հստակ նշված են անցումային դրույթները` 144 հոդվածով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի մանդատը թափուր մնալու դեպքում նոր ընտրություններ տեղի չեն ունենա: Այդպիսով՝ Գեղարքունիքի մարզի 22 ընտրատարածքը կմնա առանց պատգամավորի, բայց կարծում եմ, ոչինչ չի լինի. մնացել է ընդամենը 10-11 ամիս, մենք կգնանք նոր ընտրությունների, եւ կլինի նոր խորհրդարան: Իսկ նոր ընտրական օրենսգրքով տարածաշրջանից ընտրվող պատգամավորների համար հնարավորությունը ավելի մեծ է»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՀԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հացի արտադրության ծավալները 2 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, ալյուրի արտադրության ծավալները նվազել են 20.7 տոկոսով: Ի դեպ, նշենք, որ հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում բնակչության թիվը 4200-ով նվազել է: Եւ բնակչության թվի պակասի պատճառով հացի սպառումը այնքան Է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունը այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա:
Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց բացակայություն: Ահա եւ արտագաղթի հետեւանքները:

 

 

ԲՈՂՈՔ՝ «ԱԳԱԹ-777»-Ի ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բողոքարկման պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնել՝ ընդդեմ «Ագաթ-777» ընկերության: Բանն այն է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ է հայտարարել ուսումնական արհեստանոցների եւ լսարանների մատակարարման ծառայության ձեռքբերման նպատակով: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում է եղել նաեւ «Ագաթ-777» ՍՊԸ-ն: Այսինքն՝ ընկերությունը փորձել է մասնակցել մրցույթին, սակայն իրավունք չի ունեցել մասնակցելու գնումների գործընթացին:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Ագաթ-777» ընկերությունը պատկանում է քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքին, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ: Նույն քննչական կոմիտեի շինաշխատանքները եւս «Ագաթ-777» ՍՊԸ-ն էր իրականացրել, որի երեսպատման թիթեղները ուժեղ քամու հետեւանքով պոկվեցին, թափվեցին:

 

 

ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆԸ
Երեկ «Հրապարակը» գրել էր, որ 2014-ին Գեղարքունիքի փոխմարզպետ դարձած Կարեն Հակոբյանը երկու տարվա ընթացքում հասցրել է սեփական գազալցակայանն ու բենզալցակայանն ունենալ, իսկ մարզի Լանջաղբյուրի գյուղապետի հետ առաջիկայում պատրաստվում է ավազ արդյունահանել Լանջաղբյուր գյուղի վարչական տարածքից: Ինչպես է հաջողացրել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ փոխմարզպետ Հակոբյանն ասաց. «Այն ամենը, ինչ-որ ես ունեմ, մինչեւ փոխմարզպետ նշանակվելն եմ ունեցել` մինչեւ 2013 թվականը, որից հետո մինչ այսօր նոր ոչինչ ձեռք չեմ բերել: Իսկ ինչպես եմ ձեռք բերել. իմ հորեղբոր տղան ներդրում է կատարել գազալցակայանի համար, որն իմ ծննդավայրում է` Լանջաղբյուր գյուղում, այնտեղ էլ ես կառուցել եմ լցակայանը 2013 թվականին»,-պարզաբանեց նա:




Լրահոս