«ԵՍ ՈՒՐ` ՍԵՔՍՈՒԱԼՆ ՈՒՐ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայտնիների հետ: Դրանց միջոցով կբացահայտենք վերջիններիս էությանը, խառնվածքին բնորոշ առանձնահատուկ կողմերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի դրվագներին, հնարավոր է նաեւ գաղտնիքներին: Այս անգամ մենք զրուցել ենք մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Վարդան Հովսեփյանի հետ:

-Վարդա՛ն, եթե ոչ Հայաստանում, ապա կցանկանայիք ծնվել…
-Սիցիլիայում:
-Անցյալի, ներկայի, թե՞ ապագայի մարդ եք:
-Ես ապրում եմ ներկայով, երբեք չեմ մոռանում իմ անցյալը եւ, չգիտեմ ինչու, չեմ պլանավորում ապագաս: Մարդ կա, ծրագրում է, ասում է` 22 տարեկանում լինելու եմ Լոնդոնում, 23-ում էլ որոշել եմ ամուսնանալ: Ա՛յ մարդ, նախ մինչեւ այդ ապրիր, հետո խոսիր:
-Հագուկապ, որի մեջ Ձեզ հարմարավետ եք զգում:
-Առօրյա, պրակտիկ հագուստ եմ նախընտրում` բոթասներ, ջինսեր: Իսկ աքսեսուարներից ունեմ խաչ եւ դիմակ-կուլոններ, որոնցից չեմ հրաժարվում, քանի որ դրանք ինձ շատ հարազատ մարդիկ են նվիրել:
-Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:
-Տապակած կարտոֆիլ: Դա այն ուտեստն է, որը կարելի է տարին 12 ամիս ճաշակել, ու որը գրեթե բոլորը լավ են պատրաստում:
-Մի հատկություն, որ կփոխեիք Ձեր մեջ:
-Ոչ թե հատկություն, այլ համակարգ` ներվային համակարգս: Այն հաճախ ինձ փաստի առաջ է կանգնեցնում. տվյալ պահին անում եմ մի բան, բայց հետո փոշմանում եմ:
-Հարց, որից զայրանում եք:
-«Ի՞նչ կա», «Բան չէ, քո մո՞տ», «Չէ՞ ջան»: Չեմ հասկանում` ինչու են այս անիմաստ հարցերը տարածում գտել, բայց նկատել եմ, որ կրտսեր սերունդը շատ է դրանք կիրառում:
-Ի՞նչը կարող է ստիպել չվստահել մարդկանց:
-Առաջինը` դավաճանությունը, հետո իմ տալը ու չստանալը:
-Մեկը, որի տաղանդն առանձնակի գնահատում եք:
-Հենրիխ Մխիթարյանը: Ապրի ինքը, որ մեր ազգի անունը բարձր է պահում. ես իրեն կառանձնացնեմ:
-Գրող, որի գործերը Ձեզ համար անգերազանցելի են:
-Պարույր Սեւակ. նա ակտուալ է եւ պարզ: Սեւակի գրեթե բոլոր բանաստեղծությունները շատ եմ սիրում, օրինակ` այս մեկը. «Ես ատում եմ քո անունը, ինչպես որ դու քեզ փայփայած իմ ձեռքերն ես ատում գուցե…»:
-Վախ, որ առաջ է եկել կյանքի այս փուլում:
-Մեկ-մեկ վախենում եմ, որ կարող է` հայրենիք կորցնեմ: Իմ շուրջը նկատում եմ երեւույթներ, որոնք հային հարիր չեն:
-Որոշ աղջիկներ Ձեզ համարում են սեքսուալ. ո՞րն է գաղտնիքը:
-Լո՞ւրջ (ծիծաղում է): Ընդհանրապես սեքսուալ չեմ…Ես ուր, սեքսուալն ուր, մենք ի՞նչ կապ ունենք իրար հետ: Ես սովորական տղա եմ, իսկ սեքսուալ տղերքը Արման Մարգարյանը, Խորեն Լեւոնյանն են: Թե չէ, ես ի՞նչ:
-Նախկին սերերի հանդեպ Ձեր վերաբերմունքը:
-Ամենքին էլ հիշում եմ, ո՞նց կարելի է մոռանալ: Շատ շնորհակալ եմ, որ ինձ ինչ-որ բան են թողել իրենցից, նույնիսկ եթե մեկ ժամ ենք միասին անցկացրել: Հետաքրքիր ու տարօրինակ բան ասեմ. այդ աղջիկներից համարյա բոլորը Հայաստանում չեն: Իսկ երբ նրանց հանդիպում եմ, ժպտում եմ եւ բարեւում:
-Կանացի հատկություն, որը Ձեզ գերում է:
-Ամենակարեւորը` կինը պետք է կոռեկտ լինի: Իսկ, առհասարակ, մարդուն պետք է իր ամբողջության մեջ դիտարկել: Եթե նույնիսկ քո կողքին գեղեցիկ, շուրթերը «լցրած» աղջիկ է, բայց դատարկ, ի՞նչ ես նրա հետ խոսելու: Թող կողքից նայեն, ասեն` էս ինչ սիրուն աղջիկ է, բա հետո՞: Ո՞ւմ է պետք:
-Անձնական կյանքում հաջողա՞կ եք, թե՞ ոչ այնքան:
-Հաջողակ լինեի` ամուսնացած կլինեի էլի… Անհաջողակ եմ: Երեւի բնավորությամբ մի քիչ «բզբզացող» եմ (ծիծաղում է):
-Եվ վերջում` կյանքը սիրելու Ձեր պատճառները:
-Իմ ծնողները, ընկերներն ու շրջապատը, իմ մասնագիտությունը, եւ, իհարկե, Աստված, որը ամեն օր նոր ճանապարհներ է իմ առջեւ բացում:

 

 

 
«ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ»

Ակրոբատ, երգչուհի, պարուհի Թինա Քեյը երկրպագուներին խոստանում է, որ մինչեւ օգոստոսի վերջ պատրաստ կլինի իր առաջին ձայնասկավառակը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ալբոմում հիմնականում ներառված կլինեն ռուսերեն երգեր. «Այդ լեզուն տեմբրի առումով ինձ շատ հոգեհարազատ է»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ արդեն քննարկումներ են ընթանում նաեւ նոր տեսահոլովակի սյուժեի շուրջ: Թինայի խոսքով` նոր տեսահոլովակի շրջանակում ինքը, միանշանակ, հանդես է գալու պարային, կրկեսային համարներով. «Կարծում եմ` բոլոր երգչուհիներից էլ լավ եմ պարելու»,- ասաց նա:

Թինան հույս ունի, որ եթե ձայնասկավառակը, որը նա նախատեսել է ռուսաստանյան լսարանի համար, հաջողություն ունենա, ապա ինքը կկարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը` հանդես կգա մենահամերգով: «Հիմա այդ երազանքը դեռ շատ հեռու է ինձնից»,- խոստովանեց նա:
Մեր այն հարցին, թե որտեղ է պատրաստվում երգչուհին անցկացնել իր ամառային հանգիստը, վերջինս պատասխանեց. «Օգոստոսի վերջին մեկնելու եմ Մոսկվա, որտեղ մտադիր եմ ժամանակս անցկացնել հարազատ քրոջս եւ եղբորս հետ, որոնք երկար տարիներ է` ապրում են Լոնդոնում: Այնպես որ, հետաքրքիր ճամփորդություն է սպասվում»:
Հարցին` ակտիվ թե պասիվ հանգստի սիրահար է, Թինան պատասխանեց. «Առհասարակ, քանի որ իմ առօրյան անցնում է բավական ակտիվ միջավայրում, ես նախընտրում եմ պասիվ հանգիստը»:
«Իսկ արդյոք պարուհուն չի՞ գրավում ակումբային կյանքը»,- հարցրինք մենք: «Շատ եմ սիրում ակումբային, գիշերային կյանքը: Հայաստանում չեմ գնում, բայց երբ մեկնում եմ արտերկիր, անպայման այցելում եմ համապատասխան ժամանցային վայրեր»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՍԿԱՆԴԱԼԻՑ ՀԵՏՈ
Ամերիկյան կինոակադեմիան, որը հանձնում է «Օսկար» մրցանակները, իր շարքեր է հրավիրել 683 մարդու, որոնց 46 տոկոսը կանայք են, 41 տոկոսը՝ էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Նրանց շարքերում են նաեւ սեւամորթ բրիտանացիներ Իդրիս Էլբան եւ Ջոն Բոյեգան: BBC¬ի փոխանցմամբ` ակադեմիան, փաստորեն, արձագանքել է փետրվարյան սկանդալին, երբ մեղադրվում էր անվանակարգորդների թվում սեւամորթ դերասանների պակասի մեջ:
Հիշեցնենք, որ հայտնի սեւամորթ ռեժիսոր Սփայք Լին ու հոլիվուդյան սեւամորթ դերասան Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան, կոչ էին արել բոյկոտել կինոմրցանակաբաշխությունը, նրանց հետեւել էին մի շարք ականավոր գործիչներ, ինչի հետեւանքով էլ ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել էր լուրջ փոփոխությունների դիմել:

 

 

ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ՎԻՐՏՈՒԱԼ ԿՅԱՆՔԸ
Տարեվերջին հանրությանը կներկայացվի «Jesus VR – The Story of Christ» ֆիլմը, որը նկարահանվել է Իտալիայում: Պատմության մեջ առաջին անգամ Հիսուս Քրիստոսի կյանքի ու խաչելության մասին ֆիլմը հասանելի կլինի ներկայում լայն տարածում գտած վիրտուալ իրականության սարքերի համար: Al Arabiya-ի փոխանցմամբ` ռեժիսոր Դեւիդ Հանսենի 4K գերժամանակակից լուծաչափով ֆիլմը կտեւի 90 րոպե:
Այն հասանելի կլինի վիրտուալ իրականության բոլոր հարթակների, այդ թվում` Oculus Rift, Samsung Gear, PlayStation VR եւ HTC Vive սարքերի համար:
 

ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐՆ Է
Հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Box Office Mojo պորտալի վարկածով ճանաչվել է կինոյի պատմության մեջ բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր դերասանուհին: Նա վերջին քսան տարվա ամենաերիտասարդ դերասանուհին է, ում ֆիլմերը ավելի քան 3.3 մլրդ դոլար են հավաքել միայն Միացյալ Նահանգներում:
Դրան նպաստել են 2016-ի նրա նոր նախագծերը, որոնցից ամենատարածվածը «Առաջին վրիժառու. Դիմակայություն» ֆիլմն է:
Նշենք, որ ամենաեկամտաբեր դերասանների ցուցակի առաջին տեղում Հարիսոն Ֆորդն է:




Լրահոս