ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԴՊՐՈՑ
Մի խումբ դիմակավորված անձինք երեկ ներխուժել են Բաբաջանյան 25 հասցեում գտնվող Աշոտ Բլեյանի ղեկավարած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոց: Նրանց, սակայն, հակահարված է տվել դպրոցի պահակը, ինչի արդյունքում հանցագործները հեռացել են: Աշոտ Բլեյանը հայտնել է, որ հանցագործները չեն հասցրել ոչինչ գողանալ, եւ ինքն առայժմ որեւէ վարկած չունի. «Ո՞ւմ կասկածեմ, դիմակավորված, սոված ժողովուրդ: Սա խոսում է այն մասին, որ պահպանման հարցը դառնում է օրակարգային»:

«ԴԵ ՀՄԻ… ԵՍ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՄ»
Երեկ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը չի մասնակցել ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Նրա փոխարեն հաշվետվություն է ներկայացրել ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը: Ի տարբերություն Դավիթ Հարությունյանի, որը հավաստիացրել էր, թե Ի. Զաքարյանը վատառողջ է, ՎՊ աշխատակազմի ղեկավարը «168 ժամ»-ին ասել է, թե Ի. Զաքարյանի բացակայությունը պայմանավորված է աշխատանքային մեկ այլ, վաղօրոք պլանավորված այցով: Դիտարկմանը, թե հայտարարվեց, որ Ի. Զաքարյանը հիվանդ է, ՎՊ աշխատակազմի ղեկավարն ասել է. «Դե հմի… ես էլ ասում եմ էն, ինչ-որ կա»:

ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԻ
Յուրի Վարդանյանի ավագ որդին՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանը, հայերեն գրել-կարդալ չգիտի: Այս մասին NEWS.am-ին ասել է Յուրի Վարդանյանի որդու փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը. «Նա բարձրագույն կրթություն ունի, բայց հայերեն լավ չգիտի, կցկտուր է խոսում: Գրավոր լեզվին եւս չի տիրապետում, չի կարողանում կարդալ, գրել: Կարողանում է նկարելով կամ կցկտուր բացատրել»:

ՄԵՂԱԴՐԵԼ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե Արարատի ցեմենտի գործարանում աշխատանքից ազատել են այն աշխատակիցներին, որոնք պատրաստակամություն են հայտնել Արարատի քաղաքապետի` նոյեմբերի 15-ին կայանալիք ընտրություններում աջակցել ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին: Ինչպես հայտնի է, Արարատի ցեմենտի գործարանը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, իսկ Արարատի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից մեկը ներկայացնում է ԲՀԿ-ին:

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին: Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:

Ի՞ՆՉ ԲԱՐԴ ԲԱՆ Է
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրել է, թե ինչու է ձգձգվում Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը. «Արդեն 14 տարի է՝ հայտարարված է, որ դրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը: Ինչո՞ւ չի կատարվում, էդ ի՞նչ բարդ բան է, որ այս ընթացքում հասցրել եք մի քանի պրոեկտներ իրականացնել, բայց սա չեք կարողանում իրականացնել»: Ի պատասխան՝ Կամո Արեյանը վստահեցրել է, թե Երեւանի քաղաքապետարանը, բացի ընդառաջելուց, որեւէ խոչընդոտ չի ստեղծել, իսկ արձանը կտեղադրվի այն ժամանակ, երբ հեղինակի կողմից ավարտին կհասցվի:

7 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ հայտարարել է, թե հաջորդ տարվա հուլիսի 1-ից ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կկազմի ամսական 240-250 հազար դրամ: Ներկայումս միջին աշխատավարձը կազմում է ամսական 120-130 հազար դրամ: Նշենք, որ քաղծառայողների աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել էր 2007թ.:




Լրահոս