ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Հատկանշական է, որ Ս. Սարգսյանի ուղերձը եղել է բավական «չոր ու ցամաք»: Համենայնդեպս, նախագահականի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Ս. Սարգսյանը «շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին` 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»: Իսկ ահա Իլհամ Ալիեւն իր ուղերձում ուշագրավ շեշտադրումներ է արել. նա վստահություն է հայտնել, որ Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակ նույնպես կզարգանան ու կամրապնդվեն երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունն ու բազմապլանային համագործակցությունը, ինչն օգտակար կլինի երկու երկրների համար:

108 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 31-ի նիստում, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում, ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվելու է 108 մլն դրամ: Հատկացված գումարով նախարարությունը մտադիր է իրականացնել Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող, ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքները: Ասել է թե՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իր առաջարկով 108 մլն դրամ վնաս է տվել ոչ միայն ՀՀ պետբյուջեին, այլեւ ձկնաբուծությամբ զբաղվողներին: Հետաքրքիր է՝ արդյոք այս քայլը մանր գործարարներին դաշտից դուրս թողնելու գործընթաց չէ, ու ընդհանրապես արժե՞ր 108 մլն դրամ տալ ինչ որ բան քանդելու համար:

ԵՐԱՆԻ ՉԼՍԵԻ
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո սրտաճմլիկ մի մեկնաբանություն է արել համացանցում: Նա, լսելով, որ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, կոլեգիայի անդամ Դավիթ Սարգսյանը եւս աշխատանքից ազատման դիմում է գրել, ահա թե ինչ գրառում է կատարել. «Խորը ցավ եմ ապրում, իմ լավ ու բարի ընկեր: Դու դատախազության համակարգին շատ անհրաժեշտ էիր որպես պրոֆեսիոնալ: Երանի չլսեի»:

ՀԱՐՑԸ ՀԱՆՎԵԼ Է
Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը, խոսելով Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալության հանձնելու աղմկահարույց պայմանագրի մասին, երեկ լրագրողներին ասել է, թե այդ հարցը հանված է օրակարգից. «Ընդհակառակը, ցանկանում ենք զարգացնել ոչխարաբուծությունը եւ նույնիսկ կարիք կունենանք օգտագործելու Վայոց Ձորի արոտավայրերը»:




Լրահոս