ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2014թ. բյուջեի նախագիծը, հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել: Ըստ վարչապետի՝ այդ ծրագիրն արդյունավետ չէր, քանի որ 94 տոկոս դեպքերում գործազրկության նպաստ էին ստանում ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չէին էլ փնտրում, եւ միայն 6 տոկոսով է ծրագիրը հասցեական իրականացվել: Տ. Սարգսյանն իր ելույթում կոնկրետ չէր նշել, թե ովքեր են այդ ամենի մեղավորները, եւ ինչի հիման վրա է որոշվել, որ գործազրկության նպաստը «փոշիացվել» է` չհասնելով իրական տերերին: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց հայրենի իրավապահ մարմիններից պարզել՝ արդյոք վարչապետի հայտարարությունից առաջ կամ հետո քրեական գործ հարուցվել է` մեղավորներին պատժելու համար:
Նշենք, որ վարչապետի այս հայտարարությունից հետո ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորել էր վարչապետին զգուշացնել, որ նա լրացուցիչ հայտարարությամբ հանդես գա գործազրկության նպաստների հատկացման արդյունավետության վերաբերյալ: Պատգամավորը հավելել էր, որ միջոցների 94 տոկոսը չի կարող փոշիանալ, իսկ եթե փոշիացել է, ապա այդ դեպքում առաջ են գալիս բազմաթիվ հարցեր: Ա. Մինասյանը նաեւ հարցադրում էր արել` արդյոք վարչապետի հայտարարությունը հաղորդում չէր հանցագործության մասին: Դ. Սարգսյանն էլ պատասխանել էր, թե շատ դեպքերում, երբ խոսվում է փոշիացման մասին, չի նշանակում, որ գողացել են կամ վատ կերպով են ծախսել այդ գումարները:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց իրավապահ մարմիններից՝ ՀՀ ոստիկանությունից, գլխավոր դատախազությունից, հատուկ քննչական ծառայությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից պարզել, թե արդյոք ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո հարուցվել է քրեական գործ՝ պարզելու համար, թե ովքեր են պետական միջոցների փոշիացման մեղավորները: Կամ գուցե վարչապետի այդ հայտարարությունը հենց հիմնված էր իրավապահ մարմինների` այդ ոլորտում կատարած ուսումնասիրությունների վրա՞, որոնց արդյունքում նաեւ հայտնի է, թե ովքեր են իրական մեղավորները:
Սակայն պարզվեց, որ իրավապահ մարմիններին դա չի էլ հետաքրքրել: Ողջ օրվա ընթացքում երկրի բոլոր իրավապահ օղակներին դիմելուց հետո ստացանք հետեւյալ պատկերը. ՀՔԾ-ն օրվա վերջում հայտնեց, թե մեր գրավոր հարցերին կպատասխանեն սահմանված ժամկետներում: ԱԱԾ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ընդհանրապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին, իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ոստիկանությունը նման հաղորդում չի ստացել:
Երեկվա դրությամբ մեր հարցին պատասխանեց միայն ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Շահեն Տոնոյանը. «Բնականաբար, այս պահի դրությամբ որեւէ գործ չկա հարուցված, որովհետեւ քրեական գործ հարուցելու ընդհանուր կարգ գոյություն ունի, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, եթե հաղորդում տվողը ֆիզիկական անձ է, նա պետք է ներկայանա իրավապահ մարմիններին, ներկայացնի իր հաղորդումը, իսկ եթե դա պետական մարմին է, ապա այդ հաղորդումն ուղարկում է իրավապահ մարմին, որպեսզի դա ընթացք ունենա: Իսկ մենք նման հաղորդում չունենք»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանում ստանալ այս հարցի վերաբերյալ: Մեր հարցին, թե ովքեր են գործազրկության նպաստները փոշիացնողները, որոնց պատճառով, ըստ վարչապետի, ծրագիրն իր նպատակին չի ծառայել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամլո խոսնակ Հասմիկ Խաչատրյանը պատասխանեց. «Գործազրկության նպաստի մսխման մասին խոսք չկա, խոսքն այն մասին է, որով գնահատվել է ծրագիրը: Այսինքն՝ գործազրկության նպաստի վճարումն առանձին ծրագիր է, որի նպատակն է աջակցել աշխատանք փնտրող քաղաքացու ծախսերը: 100 տոկոսով այդ ծրագրով վճարվել է այն մարդկանց, որոնց պետք է վճարվեր, ուղղակի ուսումնասիրությունից հետո պարզել են, որ այն հիմնական նպատակը, որն է աշխատանքի տեղավորվելը, կատարվել է ընդամենը 6 տոկոսով: Խոսքը մսխման մասին չէ, խոսքն արդյունավետության մասին է»:
Մեր դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ գործազրկության նպաստները ստացել են հիմնականում ապահովված մարդիկ, սոցապ նախարարի մամուլի խոսնակը հակադարձեց, թե իրականում նման բան չկա, եւ խոսքը չի կարող լինել ապահովված մարդկանց մասին. «Գործազրկության նպաստը չի տրվում՝ ելնելով այն բանից՝ մարդը հարուստ է, թե աղքատ: Դա տրվել է այն մարդկանց, որոնք ինչ-որ ժամանակ աշխատել են, հետո կորցրել են աշխատանքը եւ փնտրել նոր աշխատանք, դա կարող է լինել հարուստ մասը, աղքատ մասը: Վարչապետն ասել է, որ այս ծրագրի արդյունավետությունն ընդամենը 6 տոկոս է, իսկ 94 տոկոսը ստացել են այն մարդիկ, որոնք պետք է ստանային, բայց աշխատանք չեն փնտրել, չեն գտել»:
Արձանագրենք, որ սա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական անպատասխանատու հայտարարությունն էր, որի պատճառով բոլոր գերատեսչությունները հայտնվել են անհարմար իրավիճակում: Թեեւ կարծես թե վաղուց արդեն ՀՀ վարչապետի հայտարարություններին ոչ մի գերատեսչություն լուրջ չի վերաբերում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս