ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն կրկին փորձեց Սայաթ-Նովայի 10/5 հասցեում սկսել բազմաֆունկցիոնալ շենքի շինարարական աշխատանքները, սակայն բնակիչները միջամտեցին եւ թույլ չտվեցին: Տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի արդյունքում բնակիչները բանվորների ձեռքից ուժով խլեցին խողովակները եւ թիթեղները: Քաշքշուկի հետեւանքով մի կին վատացավ, մի տղամարդու էլ տեղափոխեցին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները գրեթե վեց ամիս է, ինչ բողոքում են իրենց առանց այդ էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման դեմ: Օրեր շարունակ ընկերության շինարարները փորձում էին աշխատանքներն իրականացնել ոստիկանների հսկողության ներքո, սակայն բնակիչները, միեւնույն է, խանգարում էին: Վերջիններիս բողոքը մեղմելու նպատակով Երեւանի քաղաքապետի կողմից ժամանակավորապես դադարեցվեցին շենքերի չգործող կաթսայատան կառուցման շինաշխատանքները մինչեւ հանրային քննարկումները: Ի դեպ, նշված հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի սեփականատերն ամերիկահայ Աբել Հախվերդյանն է:
Երեկ Սայաթ-Նովայի 10 եւ 12 շենքերի բնակիչներին ավելի շատ զայրացրել էր շենքի բակ այցելած Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը: Նրանք Գրիգորյանից տեղեկացան, որ երկար սպասվող քննարկումները սկսվել ու նույնիսկ ավարտվել են առանց իրենց մասնակցության: «Քննարկումները եղել են: Բնակիչներին մենք գրությունով տեղեկացրել ենք այդ մասին: Երեւանի քաղաքապետարանը դիմել է «Լավո» ՍՊԸ-ին՝ լրացուցիչ ուսումնասիրություն անելու պահանջով: Կատարվել է կրկնակի փորձաքննություն, ըստ որի՝ նախագիծը համապատասխանում է ՀՀ-ում գործող օրենքին: Իսկ ընդհանուր օգտագործման ճանապարհի հարցը կբարձրացնենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Ա. Գրիգորյանը: Սակայն բնակիչները հակառակն են պնդում. նրանց խոսքով` քննարկումների մասին իրենց ոչ մի գրություն էլ չի հասել:
Ա. Գրիգորյանի՝ շինհրապարակից հեռանալուց հետո բնակիչների հրավերով շինհրապարակ եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Վերջինս իր հերթին «Լարկո գրուպ» ընկերության իրավաբան Աշոտ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ընկերությունը դարձել կաթսայատան սեփականատերը: Փոստանջյանի հարցին ի պատասխան՝ իրավաբանն ասաց. «Առքուվաճառքի արդյունքում ենք այն ձեռք բերել: Ֆիզիկական անձ է վաճառել: Երեւանի քաղաքապետարանն աճուրդ էր հայտարարել, որի արդյունքում մենք այն ձեռք բերեցինք»: Ա. Աբրահամյանը համառորեն պնդեց, որ այն, ինչ արվում է ընկերության կողմից, օրենքի սահմաններում է, եւ իրենք ունեն քաղաքապետարանի կողմից համապատասխան թույլտվություն: Իրավաբանի այս հայտարարությունը զայրացրեց Փոստանջյանին. «Կարգուկանոնը մենք ենք հաստատելու, որովհետեւ այս պահին քաղաքային իշխանությունը չի գործում, ինչպես չի գործում մեր կառավարությունը, որը պետք է մտածեր մեր ժողովրդի մասին: Քաղաքապետ գոյություն չունի: Մենք գտնում ենք, որ ձեր այդ փաստաթղթերը ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով, եւ դուք էլ մի մասն եք կազմում ապօրինի գործարքների»:
Փոստանջյանը շինընկերության ներկայացուցիչներին կոչ արեց հավաքել թիթեղներն ու շինանյութերը եւ հեռանալ «հանրությանը պատկանող տարածքից»: Սակայն իրավաբանը սահմանափակվեց՝  բնակիչներին առաջարկելով դիմել դատարան: Դրանից հետո Զ. Փոստանջյանն աննկատ հեռացավ շինհրապարակից: Նրան փոխարինեցին «Նախախորհրդարան»-ի անդամները եւ իրենց աջակցությունն առաջարկեցին բնակիչներին: Իսկ ավելի ուշ ոստիկանները բնակիչներին «համոզեցին», որ շինընկերության ներկայացուցիչներին չխանգարեն եւ թույլ տան բեռնատար մեքենայից հանել թիթեղներն ու խողովակները եւ տեղավորել «Լարկո գրուպ»-ին պատկանող ավտոտնակում: Բնակիչները թույլ տվեցին:
Ի դեպ, բնակիչները զանգահարեցին նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանին, որոնք, սակայն, հրաժարվեցին գալ` պատճառաբանելով, թե նիստի են:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս