Մարզպետը լծվել է Աշոտ Արսենյանի քարոզչական գործին. ինչ է կատարվում Սյունիքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ սկսել են նախընտրական գործընթացների նախապատրաստումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ արդեն նախկին նախագահ Արմեն Ստեփանյանը մեկ տարի շուտ (վերջինիս պաշտոնավարման ժամկետը կազմում է 6 տարի) ազատվել է նախագահի պաշտոնից, ապա զբաղեցրել թիվ 34 ԸԸՀ-ի փոխնախագահի պաշտոնը:

Իսկ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին քննիչ ԲՀԿ-ական Սարմիկ Հարությունյանը, որը տարիներ շարունակ եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոխերիմ թշնամին: Այժմ մարզպետի եւ քաղաքապետերի առաջ գերխնդիր է դրված՝ մարզում ձեւավորել ընտրական այնպիսի մթնոլորտ, որտեղ Սուրիկ Խաչատրյանը որեւէ դերակատարություն չկարողանա ունենալ:

Ի՞նչն է իրենց նպատակը. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանին («Ջերմուկի» Արսենյան) Վայոց ձորի մարզից ռեյտինգային ընտրացուցակով պատգամավոր դարձնել: Բանն այն է, որ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի մի մասը, ըստ էության, մեկ տարածք են դարձել: Այսինքն՝ մարզպետ Հակոբյանը «աշխատում է» Սյունիքի մարզից Աշոտ Արսենյանի համար հնարավորինս շատ ձայներ հավաքել: Իսկ Աշոտ Արսենյանն էլ խոստացել է շռայլորեն բացել իր գրպանները եւ տարբեր ծրագրեր ֆինանսավորելու խոստումներ տվել: Կարելի է ասել, որ Սյունիքի մարզում նախընտրական քարոզչությունն արդեն մեկնարկել է:

Աշոտ Արսենյան

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սիսիանում Աշոտ Արսենյանի դեմ պայքարելու է Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս ԲՀԿ ցուցակով է առաջադրվելու պատգամավորի ռեյտինգային թեկնածու:

Աղասի Հակոբջանյան

Բայց սա դեռ ամենը չէ: Գլխավոր ինտրիգն այն է, որ ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է նաեւ Սյունիքի մախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Դրա համար էլ մարզպետ Վահե Հակոբյանը «խուճապահար» սկսել է լիսկայազերծ անել մարզպետարանը. աշխատանքից ազատել է խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյանին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին: Մարզպետի թիրախում է հայտնվել նաեւ կրթության վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, որին մտադիր է փոխարինել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի Կապանի մասնաճյուղի նախկին տնօրենով:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ խնդի՞ր եք դրել ազատվել նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի կադրերից, Վահե Հակոբյանը վրդովված պատասխանեց. «Ազի՛զ ջան, բոլորն ազատվել են համաձայն իրենց դիմումների»: «Ժողովուրդ»-ի մյուս հարցը՝ արդյո՞ք Աշոտ Արսենյանի համար եք աշխատում, մարզպետը լսեց ու անջատեց հեռախոսը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս