Սկսած ինձանից, վերջացրած Րաֆֆի Հովհաննիսյանով, կուսակցության միջոցով ավելի բարձր ենք թռել. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադառնալով իր նախկին կուսակիցների՝ Ստեփան Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի այլ դաշինքի՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրվելուն, ասել էր. «Նույն Անահիտը մնում է Անահիտ, նույն Ստյոպիկը մնում է Ստյոպիկ, ուղղակի իրենց քաղաքական դիրքորոշումն է այդպիսին… Մեզ մոտ եղել է անհատականությանը թեւեր տալու սովորությունը, իսկ որ թեւեր ես տալիս՝ դժվար է դրանք հետ վերցնելը»:

ArmLur.am-ն  այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ձեր և Անահիտ Բախշյանի` այլ կուսակցության ցուցակով առաջադրվելու հանգամանքին: Ծանոթ ե՞ք նրա խոսքերին, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

-Սկսած ինձանից, վերջացրած Րաֆֆի Հովհաննիսյանով, կուսակցության միջոցով ավելի բարձր ենք թռել, դրանում, կարծում եմ, կասկած չկա: Մենք` բոլորս, միմյանց ուժեղացրել ենք, միմյանց թևեր ենք տվել: Չգիտեմ ինչ նկատի ունի նա, որովհետև մարդը կամ թևեր է ունենում կամ չի ունենում: Եթե դու իսկապես ծնված ես թռչելու համար, ուրեմն պետք է թռչես: Կապ չունի, թե որտեղ ես թռչելու, միայնակ, թե երամի հետ միասին: Կյանքն է այդպիսին…

-Հովհաննիսյանի խոսքերում նեղացվածություն զգու՞մ եք Ձեր հանդեպ:

-Չէ, ինչից պետք է նեղանա: Ես չգիտեմ, թե Հովհաննիսյանն ինչ կոնտեքստում է ասում: Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք, որ ավելի ուժեղանար այն ինչը ստեղծվել էր համատեղ ջանքերով…. Նեղանալու խնդիր չկա: Ես իմ ընկերներին միայն ու միայն հաջողություն եմ մաղթում: Նորմալ է, կյանքում միշտ չէ, որ տեսակետները համընկնում են, անգամ ընտանիքում: Դրանից ոչ մեկս էլ ողբերգություն չենք սարքել, չենք էլ սարքելու: Անելու ենք այն, ինչը ճիշտ ենք համարում և ինչի համար կոչված ենք:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս