ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԼՂ-Ն ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է զարմացնել իր օպերատիվությամբ. հունվարի 31-ին նա ամփոփել է անցած` 2016 թվականը: Իհարկե, դատելով Նալբանդյանի գործելաոճից՝ երեկվա ասուլիսն իրոք օպերատիվ էր. ի վերջո, 2016 թվականը նա կարող էր ամփոփել շատ ավելի ուշ, օրինակ՝ հուլիսի 16-ին, այնինչ` նա տարին հասցրեց ամփոփել նոր տարվա առաջին ամսի վերջին օրը:

Հիմա ԱԳ նախարարի ասուլիսի բովանդակության, մասնավորապես, ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունների մասին: Նալբանդյանը երեկ ճգնում էր համոզել, թե բանակցային սեղանին դրված Մադրիդյան տարբերակն ամենեւին էլ փուլային չէ: Երբ լրագրողներից մեկը հարցրեց` ի վերջո, Հայաստանը ԼՂ խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային կարգավորման կողմնակիցն է, նա ասաց. «Փաթեթային եւ փուլային կարգավորման մասին խոսակցություններն իմաստ կունենային 20 տարի առաջ: Միգուցե 20 տարի առաջ այդ հարցը պատճառաբանված լիներ եւ իմաստ ունենար, սակայն ես չեմ ցանկանա վերադառնալ այդ մոտավորապես 20 տարվա վաղեմության քննարկումներին, որովհետեւ 2007թ. ի վեր բանակցություններն ընթանում են Մադրիդյան առաջարկների շուրջ… Բազմիցս ասել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը պահանջելու է փուլային իրականացում, բայց մոտեցումը փաթեթային է»:
Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն գնով փորձում են խուսափել «փուլային տարբերակ» արտահայտությունից մեկ պարզ պատճառով. 1998թ. պետական հեղաշրջման պատրվակն արցախյան խնդիրն էր, որի փուլային տարբերակի հետ իշխանության մի մասը համաձայն չէր: Հիմա բանակցային սեղանին նույն տարբերակն է՝ քայլերի նույն հաջորդականությամբ: Բայց քանի որ այս իշխանությունները չեն ուզում խոստովանել այդ հանգամանքը, փորձում են տարբեր բառախաղերի միջոցով մոլորեցնել մարդկանց, թե հանգուցալուծումը պահանջում է փուլային իրականացում՝ փաթեթային մոտեցմամբ:
Եւս մեկ ուշագրավ փաստ. 1998թ. հետո ԼՂՀ-ն Ռոբերտ Քոչարյանի թեթեւ ձեռքով դուրս մղվեց բանակցային գործընթացից: Ու հավանաբար այս ընթացքում իշխանություններն իրենք էլ են մոռացել կատարվածի մասին եւ այլեւս չեն պնդում ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու պահանջը: Պատահական չէր, որ Նալբանդյանի երեկվա ասուլիսի ժամանակ էլ որեւէ կերպ չխոսվեց այդ մասին:
Փոխարենը Նալբանդյանն ասուլիսի ընթացքում «մի գլուխ» մեղադրանքներ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին առ ան, որ նրանք փորձում են խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, ետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ, վերջապես, վիժեցնել բանակցային գործընթացը: «Զարգացումները հետեւյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում…»,- հայտարարեց Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ԼՂ խնդրով բանակցություններին ու հանդիպումներին: «Մենք, հայտնի է, երբեք չենք հրաժարվում հանդիպումներից, սակայն այս պահին հանդիպման մասին տեղեկությունը չեմ կարող հաստատել: Ինչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը, ոչ ոք չգիտի: Եթե Ադրբեջանը չհրաժարվի, հանդիպում անպայման կլինի: Սկզբում պայմանավորվում ենք, սակայն հետո նրանք հրաժարվում են, ընդհուպ հաճախ հայտարարում են, որ հանդիպում չի եղել: Սա այն դեպքում, երբ այդօրինակ հանդիպումներին ներկա են լինում նաեւ իրենք՝ եռանախագահները: Ակնհայտ է՝ ով է հրաժարվել Կազանից, Սոչիից, Մոսկվայից, Աստրախանից կամ ով է «հուշտ լինում» եռանախագահող երկրների նախագահների մակարդակով արված կարեւորագույն 5 հայտարարություններից. իհարկե՝ Ադրբեջանը: Ադրբեջանի մոտ ամնեզիա է, որոշ բաներ հիշում են, որոշ բաներ չեն հիշում, ժողովուրդն էլ ընկնում է ամբոխային խելագարության մեջ»,- ասաց նա:
Այս առումով Նալբանդյանի հայտարարություններում որեւէ նորություն չկա. Ադրբեջանն առաջին դեպքը չէ, երբ փորձում է ձախողել գործընթացը, ետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ այսպես շարունակ: Բայց երբ այդքանից հետո միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում երկու կողմերի միջեւ, սա արդեն Հայաստանի իշխանությունների խնդիրն է: Ի վերջո, եթե Հայաստանը կարողանար իրոք ճիշտ դիվանագիտություն վարել, ապա միանգամայն այլ վիճակում կլինեինք:
Ի դեպ, երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամյեդյարովն էլ իր հերթին է մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա ասել է, թե Մոսկվան ջանում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ ձեւաչափով հանդիպում նախաձեռնել: Ըստ նրա՝ Բաքուն ընդունել է եռակողմ հանդիպում անցկացնելու մասին Մոսկվայի առաջարկը, սակայն այն, ցավոք, չի կայացել։ Եւ հնարավոր է, որ նման հանդիպում տեղի ունենա փետրվարի 17-ին՝ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանդիպում է լինելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարապետ Գուլոյանն առաջիկայում ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Ավելին՝ լուրեր կան նաեւ նրան փոխարինողի անվան մասին. ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի հետ, սակայն այնտեղ «կենդանի շունչ չկա» օրեր շարունակ: Իսկ Արամ Հարությունյանը չի խոսում: Ինչ վերաբերում է Գուլոյանին, ապա նա դե յուրե դեռեւս Կոտայքի մարզպետն է, չնայած դեկտեմբերից աշխատանքի չի ներկայանում: Եւ այսօր նրան փորձություն է սպասվում. Կոտայքի մարզ է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ հետաքրքիր է՝ արդյո՞ք Գուլոյանը կլինի վարչապետին դիմավորողների շարքում, թե ինչ-որ պատրվակ կգտնի ու իշխանությունների մոտ չի երեւա:

 

 

 

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել. այս մասին է խոսում պաշտոնական վիճակագրությունը: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հացի արտադրության ծավալները 2016 թվականի հունվար-դեկտեմբերին նվազել են 2.3 տոկոսով: Նկատենք, որ հացի արտադրության ծավալների նվազումը անմիջական կապ ունի արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառման ծավալները նվազել են, ապա պակասել է Հայաստանի բնակչությունը:

 

 

ՆՈՐ ՍԱԿԱԳՆՈՎ
Այսօրվանից Հայաստանում կգործի էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Ըստ այդմ, միջին վիճակագրական քաղաքացու համար էլէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Այսինքն՝ բնակչության համար ցերեկային սակագինը կդառնա 44.98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 34.98 դրամ/կՎտժ: Իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կսահմանվի 40 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 30 դրամ:

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ
Շիրակի մարզի ՀՀԿ-ականները խուսափում են մեկնաբանել իրենց նախկին կուսակից ընկերոջ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններն ու քայլերը: Ինչպես հայտնի է՝ Ղուկասյանը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Ծառուկյան» դաշինքից, իսկ ՀՀԿ-ի մասին էլ ասել է. «5 տարի առաջ ՀՀԿ-ն հեռացավ ինձանից»:«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից տեղեկանալ՝ ինչու ՀՀԿ-ն հեռացավ Ղուկասյանից: «Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ քաղաքական կուրս ունի, ու՞ր է գնում եւ ե՞րբ: Դա յուրաքանչյուրի անձնական գործն է»,- եղավ պատասխանը:

 

 

 
ԶԵԿՈՒՑԵԼ ԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ հաշվետվությունների քննարկումը: 2016թ. միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

 

 

 

ՆԱԵՎ ՃՈՅՏԸ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) միացել է «Ծառուկյան» դաշինքին եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արմավիրի մարզում: Նշենք, որ ՀՀԿ-ից Արմավիրի մարզում ռեյտինգայինով առաջադրվողները շատ են, կարելի է ասել՝ ԵԿՄ հիմնական կազմը: Հավանական թեկնածուներն են Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը:

 

 

 

ԿԲԱՆԱԿՑԵՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով: Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: ԵՄ տրանսպորտի, հեռահաղորդակցման եւ էներգետիկայի խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների սկսմանը: Համաձայնագիրն ուղղված է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրորակ ծառայության ապահովմանը եւ ուղեւորների համար ավելի լայն ընտրության հնարավորության ընձեռմանը: Հայաստանի հետ փաստաթուղթը ընդհանուր ավիացիոն տարածության մասին (Common Aviation Area Agreement) համաձայնագրի ձեւ կունենա, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոնց հետ ԵՄ-ն սերտ հարաբերություններ է կառուցում իր քաղաքականության միջոցով:

 

 

 

ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին օրեր առաջ հայտարարած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ վերջապես դիմումը ներկայացրել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Հարցին՝ թե այլ դիմումներ չեն եղե՞լ, նա պատասխանել է, որ դեռեւս նոր դիմումներ չկան:




Լրահոս