«ՑԱՆԿԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԱՆ ՉԼԻՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը աշխատելու է որպես մշակույթի նախարարի խորհրդական։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփելուց եւ, ըստ այդմ, նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մինչ օպերային թատրոնի տնօրենի աթոռն ազատ է, սկսել են տարբեր լուրեր շրջանառվել եւ առաջարկներ հնչեցվել: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Իսկ ոլորտի տարբեր մասնագետներ (այդ թվում` նույն թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Հայպետֆիլհարմոնիայի եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը) կարծիք են հայտնում, որ թատրոնը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալներ, եւ տալիս են հիմնականում երկու հոգու անուն` օպերային երգիչներ Հասմիկ Պապյան եւ Բարսեղ Թումանյան: Վերջինի հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է ծավալված թեմայի շուրջ:
-Պարո՛ն Թումանյան, տեղյակ ենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եք եւ աշխատում եք տեղի օպերային թատրոնում: Կպատմե՞ք` ինչով եք զբաղված, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ հայրենիքում Ձեր արժանի տեղը չգտաք, բայց արտերկրում դա, կարծես, հաջողվեց:
-Իմ պաշտոնի անունն է «բեմի վարպետ»: Ես բավական ակտիվ գործունեություն եմ ծավալում: Բացի այդ` հանդիսանում եմ Արվեստների համալսարանի պրոֆեսոր: Այնպես որ, շատ եմ զբաղված: Աշխարհում ունեմ իմ տեղը, հայրենիքումս` նույնպես: Որեւէ պաշտոն արտիստի համար գնահատական լինել չի կարող: Մեր ժողովրդի գնահատականն այնքան բարձր է, որ ես դեռ պետք է կարողանամ այն պահել:
-Եթե ստացվի այնպես, որ օպերային թատրոնը կառավարի Հասմիկ Պողոսյանը, ըստ Ձեզ` նրա մասնագիտական հմտությունները կբավականացնե՞ն այդ հարցում: Արժի՞ տնօրենի պաշտոնը վստահել տիկին Պողոսյանին:
-Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս անգամ ընտրությունը ձեւական չլիներ, քանի որ գործ ունենք արվեստի լրջագույն տեսակի հետ: Կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ դա իմ օրենքների մեջ չի մտնում, բայց կարծում եմ, որ վերջապես կունենանք լուրջ ընտրություն, որի համար միայն ուրախ կլինեմ:
-Եթե մեր օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը Ձեզ առաջարկվեր, կընդունեի՞ք: Ոլորտի մասնագետները առանձին զրույցների ընթացքում նշում են, որ եթե նույնիսկ նման հրավեր լինի, Դուք չեք ընդունի այն, քանի որ վիրավորված եք: Դա ճի՞շտ է:
-Հավատացեք, որ բոլորովին էլ վիրավորված չեմ: Ես հայ եմ եւ լավ եմ ճանաչում ու զգում իմ ժողովրդին: Ժամանակին ես մի լրջագույն հայեցակարգ եմ ներկայացրել նախարարությանը, որը եթե միայն կարդացած լինեին, շատ հարցերում ճիշտ կկողմնորոշվեին: Հայեցակարգը ներառում էր օպերային թատրոնի զարգացման ամբողջ տեսլականը: Ես գործնական եւ ռեալիստ մարդ եմ ու հրաշքների չեմ հավատում… Ինչպես նաեւ չեմ սիրում խոստումներ տալ: Հավատացնում եմ, որ երազանքս կամ կյանքիս նպատակը օպերային թատրոնի տնօրեն դառնալը չի եղել: Թող տնօրեն լինի նա, ով ցանկանում է: Գիտեմ միայն մի ճշմարտություն. Ժամանակը բոլորին դնում է իրենց տեղը: Ցավում եմ միայն մի բանի համար, որ փորձառությունս եւ գիտելիքներս տալիս եմ ոչ իմ հայրենակիցներին:

 

 

 
ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ` ԱՐԱԲ ՇԵՅԽ

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աշխատում է մոնոներկայացման վրա, որը, ինչպես ինքն է նշում, դառնալու է իր կարիերայի նոր սկիզբ: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ներկայացումը, հավանաբար, պատրաստ կլինի ամռանը, դրա սցենարի վրա աշխատում են միաժամանակ մի քանի հոգի:

«Եղել են տարբեր առիթներ, որոնց դեպքում հանդես եմ եկել սթենդ-ափով, բայց մոնոներկայացմամբ` ոչ. սա առաջին անգամը կլինի: Մտահղացումն իմն է, քննարկվող թեման ակտուալ է, բայց այս առնչությամբ այլ մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Միայն ասեմ, որ դա կլինի անտերպրիզային ներկայացում, հավանաբար, հանդես կգամ իմ սիրելի Կամերային թատրոնի բեմից: Հանդիսատեսը կտեսնի ե՛ւ այն Ռաֆայելին, որին ինքը ճանաչում է, ե՛ւ միաժամանակ կբացահայտի ինձ բոլորովին նոր ռակուրսից: Բեմում չեն լինի շքեղ դեկորացիաներ, փոխարենը շեշտը կդրվի իմ խաղի վրա: Ներդնելու եմ իմ ամբողջ էներգիան եւ եռանդս: Անկեղծ ասած` ես հիմա նման եմ թատերական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողի, որն ուզում է ինչ-որ շրջադարձային բան անել»,-մանրամասնեց դերասանը` հավելելով, որ ընգրկված է նաեւ մեկ այլ ներկայացման մեջ: Խոսքն այս անգամ կատակերգության մասին է (նա, սակայն, փակագծերը բացել չցանկացավ):
Ինչ վերաբերում է հեռուստածրագրերին, Ռաֆայելը տեղեկացրեց, որ շարունակում է նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում` արդեն 4-րդ եթերաշրջանում: Իսկ ավելի վաղ նա հանդես է եկել ռուսական արտադրության 12 մասից բաղկացած ֆիլմում (ռեժիսոր` Արշալույս Հարությունյան). «Ֆիլմի պրեմիերան կկայանա REN TV ալիքի եթերում: Այնտեղ էլի նկարահանվել է մի քանի հայ դերասան, մնացածը ռուս են: Ես մարմնավորել եմ շատ բացասական կերպարի` արաբ շեյխի, որը զբաղվում է կանանց թրաֆիքինգով: Ուրախ եմ, որ հերոսիս ի վերջո սպանում են, որովհետեւ ես, եթե նույնիսկ դեր եմ խաղում, չեմ կարող այդքան վատը լինել: Այնպես որ, նրա մահն իմ սրտով էր»,-ծիծաղելով եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 32-ամյա աստղ Քլոե Քարդաշյանը ամուսնանում է 25-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է UsWeekly-ն: Ըստ պարբերականի աղբյուրների` Քլոեի եւ Տրիստանի ամուսնությունը սարերի ետեւում չէ: «Նրանք խոսել են այդ մասին, Քլոեն երջանիկ է: Նա կարծում է, որ Տրիստանը սիրող եւ լավ ամուսին կլինի: Տրիստանը մտադիր է հնարավորինս արագ ամուսնանալ Քլոեի հետ, քանի որ վստահ է, որ նա հենց այն կինն է, որի հետ ուզում է անցկացնել ամբողջ կյանքը»,- հաղորդել է աղբյուրը: Հիշեցնենք, որ Քլոեի նախկին ամուսին Լամար Օդոմը նույնպես բասկետբոլիստ էր:

 

 

26 ՄԻԼԻՈՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԱՄՆ¬ում դատական հայց են ներկայացրել ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նկատմամբ: Նա մեղադրվում է հեղինակային իրավունքները խախտելու եւ իր երգերից մեկում ուրիշի ինտելեկտուալ սեփականությունը անբարեխիղճ կերպով օգտագործելու մեջ: NBC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ երգչուհու նկատմամբ հայցը Նոր Օռլեանի դատարան են ներկայացրել ամերիկացի ռեփ¬կատարող Մեսի Մայի ժառանգները: Փաստաթղթում նշվում է, որ Բեյոնսեի «Formation» երգի մեջ, որն այս տարի նոմինացվել է «Գրեմմի»¬ի մի քանի մրցանակների, առանց թույլտվության օգտագործվել են Մայի խոսքերը (դրանք վերջինիս կողմից հնչում են YouTube-ում տեղադրված տեսագրություններից մեկում): Հայցվորները պնդում են նաեւ, որ նույն երգի տեսահոլովակը բավական նման է ռեփերի մի քանի աշխատանքների, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքներով: Մայի ժառանգները պահանջում են 26 մլն դոլարի չափով փոխհատուցում, ինչպես նաեւ` ռեփերին ճանաչել երգի համահեղինակ:

 

 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման արարողության ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի երաժիշտներ Ջորջ Մայքլին եւ Փրինսին: Ինչպես տեղեկացնում է Billboard-ը, Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի նախագահ եւ գլխավոր տնօրեն Նիլ Պորտնոուն հայտնել է, որ Մայքլն ու Փրինսը կրեատիվ նորարարներ են, որոնց մահը մեծ կորուստ է:
«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 12-ին, Լոս Անջելեսում:
Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը մահացել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, իսկ Փրինսը` ապրիլի 21-ին:




Լրահոս