Թուրքիայի տրանսպորտի նախարարը կրկին խոսել է ադրբեջանական նախապայմանով Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում ժողովրդի հետ ունեցած հանդիպմանը կրկին խոսել է Հայաստանի հետ սահմանը բացելու մասին` ասելով, որ Հայաստանը հանգիստ կարող է կապվել Եվրոպայի հետ, եթե դուրս գա Ղարաբաղի տարածքից:

Ըստ թուրքական «Yesiligdir.com» կայքի` Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարարը փակ սահմանի համար մեղադրել է Հայաստանին` ասելով, որ իրենք չեն ցանկանում սահմանը փակ տեսնել: Արսլանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են, հարևան երկրի (Հայաստանի) հետ առևտուր անել և հարաբերություններ զարգացնել, սակայն այստեղ մի բայց կա ու այդ բայցն էլ Ադրբեջանն է:

«Եթե մենք Ադրբեջանի հետ 1 ազգ 2 պետություն ենք, ապա սահմանը բացելու մեր առաջարկը կարող է գործել միայն հետևյալ պայմանով. Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, Ադրբեջանի հողերը հետ վերադարձնի` ապահովելով ադրբեջանցի փախստականների վերադարձը Ղարաբաղ:
Ասում ենք` դուք արեք այն, ինչ անհրաժեշտ է, մենք Կարսի արևելյան կողմը արևելքը փակուղի չենք դարձնի: Հայաստանն էլ բանտարկված չի լինի, կկարողանա Թուրքիայի տարածքով ավելի հեշտ կապ հաստատել Եվրոպահի զարգացած երկրների հետ»,- ասել է թուրք նախարարը:

Նշենք, որ Արսլանը փետրվարի 12-ին նույնպես Կարսում ունեցած հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ իրենք ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ` ավելացնելով, որ կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ»:




Լրահոս