Լուկաշենկոն բացեց փակագծերը. զանգ կախելու հոգեբանություն ունեցող ՀՀ իշխանությունների անգործունակ լինելն է ձախողումների պատճառը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին Մինսկում իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ: Նա, անդրադառնալով տարեսկզբին մեծ աղմուկ հանած բլոգեր Արելքսանդր Լապշինի արտահանձնման հարցին, տարակուսակքով ասել է. «Բայց Հայաստանն այստեղ ի՞նչ կապ ունի: Հայաստանը ինձ Լապշինի հարցով երբեք չի դիմել, ոչինչ չի ասել, Ադրբեջանի կողմից հետախուզում էր հայտարարվել, մենք էլ ձերբակալել էինք, ո՞ւմ պետք է հանձնեինք»:

Հատկանշական է, որ Լուկաշենկոն դա արել է Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանը, որը Լապշինի արտահանձնման ողջ պատմության ընթացքում ծպտուն անգամ չհանելով՝ արդեն բլոգերի՝ Բաքու տեղափոխելուց հետո արդարացավ, թե եթե Իսրայելն ու Ռուսաստանը չկարողացան ոչինչ անել, ինքն ինչ պիտի աներ:

Բայց հիմա Լուկաշենկոն փաստորեն ամրագրում է, որ ՀՀ դեսպանը /բարեբախտաբար՝ նախկին/ երբեւէ անգամ չի էլ փորձել որեւէ բան անել: Ավելին՝ Բելառուսի նախագահը նաեւ բացահայտում է, որ Հայաստանի արտգործնախարարությունը եւս ոչինչ չի արել, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ բան չի արել: Մինչդեռ մենք հիշում ենք, թե ինչպես էր ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հատարարում, թե իրենք ինտենսիվորեն զբաղվում են Լապշինի հարցով: Զուգահեռաբար նաեւ իշխանական քարոզչությունը հանգստացնում էր, թե Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական խողովակները ինտենսիվ քննարկումներ են տանում Մինսկի հետ, եւ իբր թե հայկական կողմն էլ ակտիվորեն հետեւում է այդ ամենին:

Լուկաշենկոն, սակայն, նաեւ այդ սուտն է բացահայտել՝ հայտարարելով. «Առաջին անգամ այս մասին հրապարակավ հայտարարում եմ՝ Լապշինը երեք երկրի քաղաքացի է, այդ երկրներից որեւէ մեկը չէր ուզում նրան վերցնել: Եւ արտահանձման հարցը հետագայում դարձավ շահարկման թեմա, ու այսօր յուրաքանչյուր կողմ այն օգտագործում է, ինչպես իրեն է ձեռնտու»:

Այսպիսով՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունենալու մեջ մեղադրվող Բելառուսի նախագահը, փաստորեն, հստակորեն ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե իր դիրքորոշումն է, այլ հայկական կողմի՝ զանգ կախելու սիրահար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա վերադասի բացարձակ անգործությունը:

Եվ կոնկրետ այս դեպքն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է վստահորեն պնդել, որ նույն՝ անգործության գործոնն է որոշիչը նաեւ մնացած երկրների հետ խնդրահարույց հարաբերություններում եւ մեր ունեցած խոշոր ձախողումների հիմքում: Սաֆարովի արտահանձնումը, ի դեպ, դրա մեկ այլ ցցուն դրսեւորումն էր:

Հ.Գ. 1 Այսօր Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ պաշտոնական Երևանը մի քանի անգամ դիմել է Մինսկին ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: «Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»:

Հ.Գ. 2 Լուկաշենկոն ստո՞ւմ է:




Լրահոս