Արման Սահակյանը դպրոցի տնօրենին «ձայնի դիմաց» սպորտային պարագաներ է նվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանից Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 100 դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը «ձայնի դիմաց» խնդրել է իր դպրոցին սպորտային պարագաներ նվիրել: Սահակյանն էլ չի կարողացել մերժել եւ դպրոցին նվիրել է բասկետբոլի եւ վոլեյբոլի «շիթ»:

Ըստ մեր տեղեկությունների՝ «նվերը» կազմել է ընդհանուր 400 հազար դրամ: «ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Անուշ Աբելյանի հետ. «Սիրելի՛ս, ինչի մասին է խոսքը: Նման բան չկա: Բացառվում է: Դուք սխալ տեղեկություն ունեք: Արման Սահակյանը թեկնածուներից մեկն է, իսկ Դուք չգիտե՞ք, որ դպրոցը քարոզչությամբ չի զբաղվում: Դպրոցն ինչ կապ ունի այդ ամենի հետ: Աշխատանքի ժամին Դուք ինձ խանգարում եք»,- պոռթկալով գոռաց երեխաներին կրթող տնօրենն ու անջատեց հեռախոսը:

Դե, իհարկե, բացահայտված վերջին դեպքերը թույլ են տալիս ոչ միայն չհավատալ քաղաքականությամբ չզբաղվելու նրանց սուտ խոսքերին, այլեւ դպրոցների տնօրենների ցածր մակարդակն է ի ցույց դրվել:




Լրահոս