ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԻ ԱՎԱՐՏԻ ԺԱՄԿԵՏԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանն արդեն ՀՀ երկրորդ վարչապետն է, որ քննադատում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրը:

Կառավարության երեկվա նիստում նա դժգոհել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքից՝ ասելով. «9 անց կես մոստերի վրա աշխատող չկա, 5 անց կես սաղ պերեկուռ են անում: Ես մի անգամ էդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ ա: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք: Որեւիցե աշխատանք չի կատարվում: Նախեւառաջ էդ կամուրջների վրա բազմաթիվ աշխատանքներ կան ինժեներական, որը կարող են կամուրջից դուրս անել, գալ, տեղադրելու խնդիր լուծել: Քանի անգամ ա՝ գնում եմ, հատուկ նայում եմ՝ 9 անց կես աշխատող մարդ չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց էդ պայմանագիրը նենց արեք, որ մենք կարողանանք հետեւել»:
Հիշեցնենք, որ այս ավտոճանապարհի շինարարությունը սկսվել է դեռ 2009 թ-ից: Այս 8 տարվա ընթացքում կառուցվել է նախատեսված 500 կմ ճանապարհի հազիվ 15 տոկոսը՝ ընդամենը 35 կմ հատվածը, որն արժեցել է 70 միլոն դոլար:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փորձել է արդարանալ, թե այդ աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերին՝ մոտ կես տարի ավելի շուտ, քան նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունն էր: «Մեզ համար կարեւոր ա վերջնաժամկետն ըստ պայմանագրի: Եթե նկատեցիք, վարչապետը նշեց, որ մեր իրավահարաբերությունները կարգավորվում են կապալառու կազմակերպությունների հետ բացառապես պայմանագրով: Բայց ինքը խնդրեց, հանձնարարեց, որ մենք կարողանանք հնարավորինս բանակցությունների արդյունքում օր առաջ հանձնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,-նշել է փոխնախարարը: Միայն թե Առաքելյանն այդպես էլ չի հստակեցրել՝ ե՞րբ կավարտվի մայրուղու շինարարությունը: «Ողջ ճանապարհի ավարտման հետ կապված… ըստ ֆինանսական միջոցների հասանելիության եւ առկայության՝ էս պահին տարեթիվ չեմ կարող ասել»,- ասել է նա:
Մինչ այդ, հիշեցնենք, ընդամենը 8 ամիս առաջ էլ Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքներից դժգոհել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ բավական կոշտ արտահայտվելով կապալառու ընկերության հասցեին: «Ի՞նչն է պատճառը, ուսումնասիրե՞լ եք, ինձ խոսակցություններ են հասնում, չգիտեմ՝ հիմնավոր են, անհիմն են, ֆինանսավորման խնդիրները… էդ իսպանական ընկերությունը չարիք է էս գործի մեջ… ի՞նչ խնդիր կա էնտեղ: Ինչ-որ պրոբլեմ կա՞ էս ընկերության հետ, եւ չգիտեմ՝ ում հետ, ում միջեւ… ասում են՝ փողերը չկա, փողերը տարել են… մի հատ հասկացեք՝ ի՞նչն է պատճառը»,- 2016թ. հուլիսի 14-ի կառավարության նիստի ժամանակ դիմելով ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ ասել էր Աբրահամյանը:
Բայց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը նաեւ դրանից ավելի վաղ էր հայտնվել պետական մարմինների ուշադրության կենտրոնում: 2013թ. ՀՀ վերահսկիչ պալատն էր ուսումնասիրություններ կատարել այնտեղ: Բացահայտված պատկերը, մեղմ ասած, խայտառակություն էր. իրականացվել էին անորակ աշխատանքներ՝ առանց պահպանելու տեխնիկական չափանիշները, որակական չափանիշներին ու պահանջներին չէին համապատասխանել նաեւ օգտագործված նյութերը: Ու չնայած ՎՊ դիտողություններին, կապալառու ընկերությունը որեւէ միջոց չէր ձեռնարկել այն շտկելու ուղղությամբ։
Այդ ժամանակ ՎՊ բացահայտումներից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Ընդ որում, հիմնական դժգոհողն էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր. ըստ որոշ տեղեկությունների՝ Հյուսիս-Հարավ ճանապարհաշինարարությունն իրականացնող իսպանական կազմակերպությունն առանչություն ուներ անձամբ Տիգրան Սարգսյանի հետ, եւ կատարվածը նրա թողտվությամբ էր եղել:
Ու հիմա, փաստորեն, ստացվում է, որ անգամ այդ ողջ աղմուկից հետո խնդիրները ոչ միայն չեն շտկվել, այլեւ իրավիճակը շարունակում է մնալ նույնը:
Հ.Գ. Ի դեպ, դեռ 2013թ. ՎՊ-ն ահազանգել էր. «Վտանգված է ծրագրի իրականացման ժամանակացույցը»: Հիմա, փաստորեն, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման վերջնաժամկետը գնալով ավելի ու ավելի մշուշոտ է դառնում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈ՞ՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի միջոցներից միայն մարտ ամսվա ընթացքում 820 հազար դրամ միանվագ օգնություն է հատկացրել այդ մարզի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ միանվագ օգնությունից օգտվել է 30 ընտանիք, յուրաքանչյուրին՝ տարբեր չափի: Օրինակ՝ Ոսկետափ գյուղի բնակիչ Լ. Խ.-ն ստացել է 100 հազար դրամի չափով միանվագ օգնություն, իսկ Մարմարաշենի բնակիչ Մ.Բ.-ն՝ 30 հազար դրամ եւ այսպես շարունակ: Նկատենք, որ մարզպետը դրամական օգնություն է տալիս հենց նախընտրական քարոզչության այս ընթացքում, մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանն էլ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեջ է: Ասել է, թե նման մեթոդներով նա փորձում է կաշառել իր մարզի բնակիչներին, որպեսզի իրենց ընտրեն:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵԼՈՒ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին այսօր հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության: Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը արդեն մարտի 14-ին. այս անգամ գործի էր դրվել հրազեն, եւ ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ տեղափոխվել էին հիվանդանոց: Սակայն դեպքերը զարգացան այնպես, որ մարտի 16-ին հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, հայտարարեց, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել են իրար եւ հաշտվել: Եվ ահա այս հայտարարությունից հետո նախաքննական մարմինն առաջին անգամ տուժողներին կանչել է հարցաքննության: Ասում են՝ փորձելու են ձեւեր գտնել, թե «ինչ ենք անելու, ոնց ենք անելու՝ այս հարցը լուծելու համար»:

 

 

ՇԱՀԱԲԱԺՆՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անցած տարվա ընթացքում 24 մլն 167 հազար դրամով հողամաս է գնել: Ըստ նրա հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 45 մլն դրամ, 623 հազար դոլար եւ 322 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ Մարտիրոսյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ ավելի քան 4 մլն 320 հազար դրամ, տրված փոխառություններից ստացած տոկոսը՝ 5 մլն 444 հազար դրամ, ունեցած շահաբաժինը՝ մոտ 56 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված 34 մլն 50 հազար դրամը եւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 10.5 մլն դրամ: Իսկ ահա նրա կնոջ՝ Անուշ Օրդյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, 7700 դոլար եւ 68 հազար 200 եվրո: Համաձայնեք, շատ «համեստ» ունեցվածքի տեր են մեր նախարարները:

 

 
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ «Ելք» դաշինքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական քարոզարշավ է իրականացնել, որի ընթացքում դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վարդենիս գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Ղեկին եղել է ինքը` Նիկոլ Փաշինյանը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վնասվել է միայն ավտոմեքենան:

 

 

ԻՆՉՈՒ ԵՆ ՄԵՐԺԵԼ
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապված իր միջազգային դիտորդների՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ: Պլատֆորմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Մերժման պատճառը իբրեւ արդեն հավատարմագրված դիտորդների թիվն է, որի արդյունքում այլեւս կարիք չկա լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայություն ընտրություններին: Ե՛վ մերժումը, ե՛ւ դրա արդարացումը հակասում են Հայաստանի, որպես ԵԱՀԿ անդամ պետության, ստանձնած պարտավորությանը՝ միջազգային դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ այլ պետություններից: Այս փաստը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների, ըստ որոնց՝ Հայաստանի կառավարությունը գուցե չի համարում միջազգային դիտորդների ներկայությունը որպես կարեւոր ներդրում ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ»: Դատապարտող հայտարարությանը միացել են «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) կոչ է անում միջազգային հանրությանը քննարկել միջազգային դիտորդների հավատարմագրման մերժումը Հայաստանի իշխանությունների հետ առաջիկա հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ:

 

 

ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը: Մասնավորապես քննարկել են համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը եւ առաջիկա անելիքները: Օրակարգում են եղել նաեւ էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները եւ ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր:

 

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնի սրտում տեղի ունեցած զարհուրելի հարձակման եւ դրա հետեւանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

 

 

ԴԵՍՊԱՆ՝ ԱՌԱՆՑ ՆՍՏԱՎԱՅՐԻ
Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմին (նստավայրը՝ Երուսաղեմ): Դեսպան Էլիյահու Յերուշալմին նշել է, որ իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, այն է, որ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ, եւ որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այդ ուղերձը հնարավորինս արագ իրականացնելու համար:




Լրահոս