Թիվ 1 ընտրատարածքի անակնկալները. ովքեր ձախողվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են, սակայն դրա արդյունքների շուրջ ակտիվ քննարկումները չեն դադարում: 13 ընտրատարածքներում առաջադրված տարբեր կուսակցությունների թեկնածուների հավաքած ձայների առատությունն ու սակավությունը շատերին է զարմացրել: Խոսքը ոչ միայն խորհրդարան չանցած, այլև անցած ուժերի առանձին թեկնածուների մասին է:

Տարբեր հրապարակումներում մենք արդեն ներկայացրել ենք, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ խորհրդարանը և թե ովքեր են եղել ընտրատարածքների առաջատարները: Հաջորդիվ մի քանի հրապարակումներում ArmLur.am-ն ըստ ընտրատարածքների  կանդրադառնա  ընտրությունների անակնկալներին և առանձին թեկնածուների: Այսօր կներկայացնենք թիվ 1 ընտրատարածքը:

Ինչպես հայտնի է՝ այս ընտրատարածքից խորհրդարանը կունենա չորս պատգամավոր՝ 2-ը՝  ՀՀԿ-ից և մեկական «Ելք» և «Ծառուկյան» դաշինքներից: Նրանք են՝ Ռոբերտ Սարգսյան, Միհրան Պողոսյան (ՀՀԿ), Մանե Թանդիլյան (ԵԼՔ) և Արթուր Մամոյան («Ծառուկյան» դաշինք):  Այժմ ներկայացնենք, թե ովքեր էին այս ընտրատարածքում առավել հայտնի թեկնածուները  և, թե որքան ձայն են նրանք ստացել:

Թիվ 1 ընտրատարածքը ներառում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից այս ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված էր Ստյոպա Սաֆարյանը, ով նախկինում հանդիսանում էր «Ժառանգություն» կուսակցության անդամ: Նա ստացել է 702 ձայն: Նշենք, որ 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում, որն այն ժամանակ միայն Ավան վարչական շրջանն էր ընդգրկում, առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով և Ռուբեն Հայրապետյանի հետ պայքարում կարողացել էր ստանալ 9328 ձայն. Հայրապետյանը ստացել էր 19.442 ձայն:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքից այս ընտրատարածքում առաջադրված էր Վլադիմիր Կարապետյանը, ով ստացել է 973 ձայն: Նա ևս 2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում Նոր Նորք համայնքում առաջադրված էր մեծամասնական  ընտրակարգով և ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հետ պայքարում կարողացել էր ստանալ 13.198 ձայն, իսկ Ֆարմանյանն էլ՝ 19.989 ձայն:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից հայտնի թեկնածուներն այս ընտրատարածքում Սմբատ Հակոբյանն էր՝ 287 ձայն և Հայկ Խաչատրյանը՝  574 ձայն: Հիշեցնենք, որ վերջինս նախկինում հանդիսանում էր ԲՀԿ անդամ, սակայն դուրս գալով այդ կուսակցությունից` անդամակցեց «Համախմբում» կուսակցությանը:

ՀՅԴ-ի ամենահայտնի թեկնածուն Սերգեյ Լոքյանն է, ով մինչ այժմ իրեն փորձել է ամենատարբեր պաշտոններում: Այս անգամ ևս նրա բախտը չբերեց. այս ընտրատարածքում 2542 ձայն հավաքելը բավարար չեղավ պատգամավոր դառնալու համար:

Վերափոխված ՀՎԿ-ից հայտնի թեկնածուները Մհեր Շահգելդյանն ու Գագիկ Կոստանդյանն էին: Վերջինս նախկին պատգամավոր է և լրջորեն լծված էր պայքարին, սակայն կարողացավ ստանալ միայն 2346 ձայն, իսկ մյուս կարկառուն ՀՎԿ-ական Շահգելդյանն էլ ստացավ 755 ձայն:

Ինչպես հայտնի է՝  «Ծառուկյան» դաշինքին անդամակցել էին մի քանի անհատ գործիչներ: Նրանց թվում էր «Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը, ով այս ընտրատարածից ստացել է 359 ձայն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս