Արտեմ Ասատրյանը դռնեդուռ է ընկել. ծանոթներ է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը, գործող կառավարությունը հրաժարական է տալու, որից հետո 10 օրվա ընթացքում նշանակվում է վարչապետ, իսկ 20 օրվա ընթացքում՝ ձեւավորվում նոր կառավարություն: Մինչ այդ նոր գործադիր մարմնի անդամները ընկել են դռնեդուռ, որպեսզի իրենց ապահովագրեն: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մասնավորապես այս օրերին փնտրտուքների մեջ է ընկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Վերջինս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին մտերիմ, ծանոթ բարեկամներին խնդրում է միջնորդել, որպեսզի բարեխոսեն՝ պահպանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Ու եթե այդ միջնորդությունները տեղ հասնեն, ստացվում է, որ ամենակոռումպացված կառույցի կասկածելի գործունեություն ծավալող ղեկավարը կշարունակի տխրահռչակ ավանդույթները։

Իսկ որն է այս պնդման հիմքը. մասնավորապես 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորվել էր 2 անձ, եւս մի քանիսը ձերբակալվել էին: Մասնավորապես բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:

Այսքանով ամեն ինչ չավարտվեց. 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ: Պարզվել էր, որ ՊՈԱԿ առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ էր վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալ:

Փետրվարի 9-ին երրորդ բացահայտումը իրականացվեց. «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում յուրացվել էր խոշոր չափերի գույքը:

Բայց սա եւս դեռ ամենը չէ. մարտի 3-ին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական բացահայտումը իրականացրեց. այս անգամ Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցում յուրացրել էին 303 մահացածի համար նախատեսված թաղման 200 հազար դրամ նպաստը: Յուրացված գումարի չափը կազմել էր մոտ 60 միլիոն 600 հազար դրամ: Ու այսքան կոռուպցիոն բացահայտումներից հետո նախարարը, որը ոլորտի թիվ մեկ պատասխանատուն է, շարունակում է պաշտոնավարել։

Ի դեպ, սրանք դեռ բացահայտված չարաշահման դեպքերն են։ Իսկ ինչ երեւույթներ դեռ սքողված են, դա էլ, թերեւս, նախարարը կիմանա։ Ու եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր ձեւավորվելիք կառավարությունում կրկին Արտեմ Ասատրյանին վերանշնակի, ապա, ըստ էության, նա աչք է փակում կատարված յուրացումների վրա եւ խթան է ստեղծելու նոր կոռուպցիոն դրսեւորումներին: Կամ էլ նրան հենց այսպիսի «վերցնողներ» ու լավ փոխանցողներ են պետք՝ պատասխանատվությունից խուսափելու յուրօրինակ կարողությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս