Նոր զարգացումներ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպից. ինչ ցուցմունք է տվել տուժողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հիմնական տուժողին հայտնաբերել են:

Մայիսի 12-ին հրապարակել էինք, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի Մուշ թաղամասում տեղակայված գազալցակայաններից մեկում դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Այս գործով հարցաքննվել էր նորընտիր պատգամավորի որդին, որը հայտնել էր, թե ոչ մի միջադեպ չի եղել, իսկ ահա տուժածը դեպքից հետո «անհետացել էր», եւ իրավապահները չէին կարողանում նրան գտնել:

Ինչեւէ: Մեզ հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ չնայած ենթադրյալ տուժողը չի հայտնաբերվել, սակայն ՀՀ քր.օր. 258 հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին հայտնաբերվել է եւ իրավապահներին ցուցմունք է տվել: Մեզ վերջինիս ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին ցուցմունք է տվել, որ որեւէ միջադեպ չի եղել, եւ ինքը որեւէ մեկի կողմից ծեծի չի ենթարկվել: Ավելին՝ երբ իրավապահները կոնկրետ հարցեր են ուղղել, թե նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, անձամբ ծեծել է իրեն, վերջինս ասել է, թե նման բան չկա, Սպարտակ Ղուկասյանը իրեն չի ծեծել, եւ, առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել :

Իրավապահները վերջինիցս հետաքրքրվել են, եթե միջադեպ չի եղել, ապա նա ինչո՞ւ էր թաքնված, ինչին ի պատասխան՝ Ջանոյանի քրոջ որդին հայտնել է, թե իր հարազատներից մեկի տանն է եղել:

Չնայած ծեծի ենթարկված անձի ցուցմունքին՝ իրավապահները նշանակել են դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ նրա մարմնի վրա բռնության հետքեր եղել են, թե ոչ:

Նշենք, որ այս օրերին Գյումրիում լուրերն են տարածվել, թե «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն երկար ժամանակ իրավապահներին չէին ներկայացնում, որպեսզի ծեծի արդյունքում ստացած վնասվածքները բուժեին: Իսկ թե որքանով է հաջողվել վնասվածքները թաքցնել, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

Քնար Մանուկյան




Լրահոս